Պայմանավորվածություն ձեռք չի բերվել

25/02/2006

Վիեննայում ավարտվել է Կոսովոյի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Առանցքային խնդրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, թեեւ միջորդները խոսում են առաջընթացի եւ որոշակի արդյունքի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ալբերտ Ռոհանը բանակցություններից անմիջապես հետո հայտարարել է, որ կողմերը ընդհանուր հիմքեր են գտել գործնական առումով շատ կարեւոր հարցերի լուծման համար: «Անշուշտ չէր կարելի ակնկալել, որ մենք համաձայնության կգանք կոնկրետ հարցերի շուրջ: Այդպիսի նպատակ չէր դրված,- նշել է Ռոհանը` հավելելով,- սակայն այս հանդիպման ժամանակ կողմերն ընդհանուր եզրեր գտան կառավարման ապակենտրոնացման, առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական ապահովագրության համակարգերի, ոստիկանության եւ արդարադատության մարմինների աշխատանքի վերաբերյալ, ինչը նույնպես չափազանց կարեւոր է Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման համար»: Միջնորդներն ընդունում են, որ հիմնական հարցերի շուրջ տարաձայնություններն առայժմ մնում են: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է մարտի 17-ին: