Երկար ժամանակ հայրենի հող չայցելած երգիչը երեկ շուքով, նազանքով, սեթեւեթանքով եւ երգերով համեմված ասուլիս էր հրավիրել, որպեսզի ապացուցեր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է եւ մեծ գումարների հետ կապված «green card»-ի իր ամերիկյան ընդհատակյա եւ ապօրինի բիզնեսը միայն անտեղյակ մարդկանց հորինվածք է: «Ի՞նչ գրին քարտերի մասին եք խոսում, եթե ես ինքս գրին քարտ չունեմ»,- ասաց նա: Գրին քարտ չունի, բայց փող ունի, որը տալիս է իրավաբաններին եւ երկարաձգում ու «թարմացնում» է իր վիզան: Այդպես վարվելը նա ավելի ճիշտ է համարում. «Ուզում եմ էթամ, ֆռֆռամ, աշխատեմ, գամ: Ամերիկան շատ խելոք երկիր ա»:
Ասատրյան ընտանիքում գործերը խճճված են, ռաբիս երգչի երեք տղաներն էլ շուտով Ամերիկայից Հայաստան կտեղափոխվեն: Ընդմի՞շտ, թե՞ ժամանակավոր՝ պարզ չէ: ԱՄՆ-ում «գործերը դասավորելու» համար հայերից գումար վերցնելն ու Ոստիկանության հետ ունեցած խնդիրները Ասատրյաններին ստիպել են լքել Ամերիկան, թեեւ ԱՄՆ-ում խարդախություն անելն Արամ Ասատրյանն անհնար է համարում, ասելով. «Ո՞նց կարելի է սխալ բան անել, որը կապված է Միացյալ Նահանգների հետ, եթե այդ երկիրը շատ չյոտկի երկիր է: Այս գիշեր փոքր տղաս` Արտաշը, Հայաստան կգա, ու դուք կտեսնեք, որ նա ոչ մի ռոզիսկում էլ չի»: Իր ընտանիքի մասին շրջանառվող խոսակցությունները նա բամբասանք է համարում, իսկ այդ բամբասանքը տարածող լրագրողների մոտեցումը` «շան հաչոց»: Հարց է ծագում. ինչո՞ւ է պետք նրան իր անձի շուրջ աղմուկ ստեղծել եւ լրագրողներին հավաքել: Արդյո՞ք նրա Հայրենիք վերադառնալու որոշումն այդքան ուշագրավ է: «Դու դարձել ես իմ աշխարհը, ի՞նչն է դրա պատճառը,- երգեց Ա.Ասատրյանն ու ավելացրեց,- պատճառը չգիտեմ: Իմանամ, պատճառի մասին էլ կերգեմ»:
Արամ Ասատրյանն, իհարկե, ֆենոմեն է: Խորհրդային տարիների ամենահայտնի ռաբիս երգիչը համարվելով, նա երկրպագուների մեծ բանակ է ունեցել, սակայն կիսալեգալ կարգավիճակում է եղել, քանի որ ռաբիսը չի ողջունվել եւ պաշտոնապես չի խրախուսվել: Նրան եթեր չեն տրամադրել, չեն տրամադրում եւ այսօր: Դրանից Ա. Ասատրյանը վիրավորվում է. «Շատերը հատուկ վատաբանում եմ ինձ, իմ բարին չեմ կամենում, ինձ չեն սիրում: Ես ուզում եմ, որ մարդիկ ջրի պես պարզ լինեն, սիրով լինեն, հարստանան, ուրախանան»: Նրա ծնունդ-կնունքի, քեֆ-ուրախության երաժշտությունը, որը քաղցր ու կլկլացող ելեւէջներ ունի, այսօր էլ իր լսողն ունի: «Ի՞նչ ա էղել, որ, աղավաղողն էլ իր լսողն ունի»,- ասում է նա:
Ա. Ասատրյանը նշում է, որ երբեք իշխանությունների հետ խնդիրներ չի ունեցել, քանի որ բոլորն էլ պարել ու շարունակելու են պարել իր երաժշտության տակ: Նա պատրաստ է հանդիպել նաեւ Հայաստանի նախագահի հետ, ում արդեն հասցրել է շնորհավորել` թոռնիկի ծննդյան կապակցությամբ: Հիմնականում հարսանյաց հանդեսներում երգող Արամ Ասատրյանը պարզ, ազգասեր ու սրտաբաց երգչի կերպար ունի, նա սիրում է բոլորին, նույնիսկ այն «թազա» երգիչներին, ում «երգերը չի հասկանում»: Բայց կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին չի սիրում. «Արթուր Գրիգորյանը բամբասում է իմ մասին, ասում է, որ ես այլ ազգերի երգեր եմ երգում: Իսկ ես նրան հազար առիթներով օգնել եմ, վերջերս էլ նրա քեռու հարսանիքին եմ երգել: Երգի թատրոնին ես ավտոբուս ու վառելիք եմ տրամադրել, որ գնան, շրջագայեն, հասույթն էլ թատրոնի ռեմոնտի համար նվիրեցի: Հըլը մի քանի հազար էլ ավել ծախսեցի, իսկ ինքը բամբասում է»: Արամ Ասատրյանի մտքի թելն անկանխատեսելի պտույտներ է անում. նա դժգոհում է, որ իրեն ոչ «Հ1»-ով են ցույց տալիս, ոչ էլ` ամերիկյան հեռուստաալիքներով, բայց նշում է, որ առաջին անգամ եթերում հենց Արթուր Գրիգորյանի շնորհիվ է հայտնվել: «Ես մաքուր հայկական երգեր եմ կատարում»,- ասում է Արամ Ասատրյանն ու երգում. «Հեռու թող մնա մեզանից չարը»: Չարը նրա համար նաեւ «Եվրոտեսիլ» երգի մրցույթն է: «Իմ տղերքը հո չե՞ն գնա: Ո՞նց կարող ա Արամի տղեն Եվրոտեսիլ կամ Եվրախորհուրդ գնալ»,- վիրավորվում է նա: Գուցե իր համար Եվրախորհուրդն է՞լ է մրցույթ:
Ա. Ասատրյանը պատրաստվում է մեծ համերգային շրջագայությունների` Սոչիից մինչեւ Մագադան. «Աստծո պարգեւատրած արվեստն ուզում եմ իմ ազգին ներկայացնեմ: 40 տարի երգել եմ: Երգել եմ եւ՛ ասֆալտի վրա, եւ՛ աշխարհի ամենալավ բեմերում»: Նա իր հոնորարների մասին խոսելն անիմաստ է համարում, քանի որ համոզված է` «խնջույքը գին չունի», այսինքն` անգին է: «Լսեք թե չլսեք՝ երգելու եմ»,- սպառնում է ռաբիսի հսկան, ով ամենայն լրջությամբ համարում է, որ Հայաստանի ամենալավ օրհներգն իր երգը կարող է լինել: