Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով պաշտոնազրկվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանը: Պատճառը Սիսիանից զորակոչված զինծառայող Վարդան Սահակյանի դիրքերից անհայտ կորելու փաստն է: Վ. Սահակյանի հարազատների խոսքերով՝ իրականում Վ. Սահակյանը բռնությունների է ենթարկվել, ինչն էլ հանդիսացել է նրա անհետացման պատճառը: Նրա հարազատները պատմում են, որ Վարդանն իրականում եղել է օրինակելի զինվոր, ինչը Վարդանի հոր՝ Մարտիկ Սահակյանի այցելությունների ժամանակ վկայել է նաեւ հրամանատարական կազմը: Վարդանը նախկինում ծառայել է 5-րդ գումարտակի 1-ին վաշտում, սակայն կարմրուկի տարածման պատճառով, դեպքից մի քանի օր առաջ նրան տեղափոխել են 3-րդ վաշտի 2-րդ գումարտակի 1-ին դասակ, որտեղից էլ օրեր անց վերջինս անհետացել է: Նոր գումարտակ տեղափոխելուց հետո Վարդանը դաժանորեն ծեծի է ենթարկվել դասակի հրամանատար Արամ Խլղաթյանի եւ ժամկետային զինծառայող Հրաչյա Ժամհարյանի կողմից: Մենք նշել էինք, որ, մեր տեղեկություններով, Հ. Ժամհարյանը Վարդանին պարտադրել է իր համար սննդամթերք հայթայթել, սակայն նրա հարազատները դա բացառում են՝ պատճառաբանելով, որ Վարդանը այդ ճնշումներից խուսափելու համար չէր անհետանա: Նրանք պնդում են, որ Վարդանին անխնա ծեծել են: Ի դեպ, Հ. Ժամհարյանը եւ Ա. Խլղաթյանը կալանավորված են: Անհայտ կորած զինվորի հարազատների խոսքերով՝ Վարդանը վիրավոր է, սակայն հրաժարվեցին նշել, թե որտեղից իրենց նման տեղեկություն: Նրանք նաեւ պնդում են, որ Վարդանն անհետացել է ոչ թե փետրվարի 3-ին, այլ ավելի վաղ, սակայն նրան սկսել են հետախուզել փետրվարի 3-ից սկսած: Կասկածներ կան, թե զինվորը հայտնվել է ադրբեջանական սահմանում: Հիշեցնենք, որ Վարդանի հայրը՝ Մ. Սահակյանը, դիմել է «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպություն: Դիմումի պատասխանն ունենալուց հետո վերջիններս պատրաստվում են հրապարակավ բացահայտել միջադեպի հետ կապված բռնությունները, որպեսզի հասարակությունն իրազեկ լինի, թե իրականում ի՞նչ պայմաններում են ծառայում ՀՀ Պաշտպանության բանակի զինվորները: