Ապշեցուցիչ վարպետություն

25/02/2006 Կարեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Վերջին տարիների հայ քանդակագործության առավել նշանակալից գործերից է Գետիկ Բաղդասարյանի «Համո Սահյան» արձանը, որը զարմանալիորեն նկատվեց եւ գնահատվեց պետության կողմից։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ ի տարբերություն Երեւանը, մասնավորապես նրա կենտրոնը, խեղդող արձանների ու այլեւայլ քանդակների, այս գործը դրվել է Սիսիանում։ Բացի այն, որ տվյալ դեպքում ներդաշնակորեն համընկել են արձանի տեղը, միջավայրը եւ բովանդակությունը, սա երեւի առաջին քայլն է` ընդդեմ Երեւանը ողջ Հայաստանով փոխարինելու կործանարար միտումի։

Հայտնի է, որ քարագործությունը եղել է հայի գործունեության կարեւոր ոլորտներից մեկը։ Որպես նյութ շատ ավելի քիչ ենթակա լինելով ժամանակի կործանարար ազդեցությանը, քարը նաեւ մեծ դեր է խաղացել հայի աշխարհընկալման ձեւավորման գործում (մարդ-շրջակա միջավայր փոխազդեցություն)։ Այս առնչությամբ, Գ. Բաղդասարյանը ներկայանում է որպես հայ բազմադարյան քարարվեստի ավանդույթների կրողն ու շարունակողը։ Միայն իրեն հայտնի միջոցներով նա կարողանում է «լեզու գտնել» քարի հետ (նույնիսկ ամենաչենթարկվող) եւ, ի վերջո, մեզ ներկայացնել նրա մեջ դարերով պարփակված ինֆորմացիան։

Զարմանք ու հիացմունք են պատճառում չափազանց սուղ միջոցներով իր ուզածն արտահայտելու նրա կարողությունը, քանդակների ձեւի ու բովանդակության կատարյալ միասնությունը եւ, հատկապես, տվյալ գործին վերաբերող ժամանակաշրջանը հաղորդելու եւ դիտողին համապատասխան ժամանակահատվածը ներքաշելու ապշեցուցիչ վարպետությունը։

Մաղթենք Գ. Բաղդասարյանին` լավ մարդուն եւ ընկերոջը, խորագիտակ արվեստագետին, ուժ ու եռանդ, ստեղծագործական որոնումներ` նրա նոր գործերով հիանալու ակնկալիքով։