Բեսեսկուն հիացած Է Քարամյանի խաղով

25/02/2006

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռապիդ» (Ռումինիա)- «Հերտա» (Գերմանիա) խաղին տրիբունայից հետեւել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն։ 2 օր առաջ տեղի ունեցած այդ խաղում «Ռապիդը» հաղթանակ է տարել 2-0 հաշվով եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ «Ռապիդի» կազմում հանդիպմանը մասնակցել է Արտավազդ Քարամյանը, որի խաղը հիացրել է Ռումինիայի նախագահին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բուխարեստի «Ռապիդ» ֆուտբոլային թիմի սեփականատեր եւ Ռումինիայի վարչապետ Ջորջե Կոպոսը։ Ավելին, ռումինական «Sporturilor» թերթի հավաստմամբ, խաղից հետո Բեսեսկուն հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստին անհրաժեշտ է Ռումինիայի քաղաքացիություն շնորհել եւ հրավիրել ազգային հավաքական։ Իհարկե ուրախալի է, որ Քարամյանն իր խաղով այսպիսի լավ տպավորություն է թողել Ռումինիայի նախագահի վրա։ Զարմանալին այն է, որ ռումինական ԶԼՄ-ները մինչեւ այժմ չեն հասցրել տեղեկացնել իրենց նախագահին, որ Քարամյանը, անկախ քաղաքացիությունից, չի կարող հանդես գալ Ռումինիայի հավաքականում, քանի որ արդեն հանդես է եկել (եւ գալիս է) Հայաստանի ազգային թիմում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռումինական ԶԼՄ-ները մեծ աղմուկ էին բարձրացրել եւ պահանջում էին տեխնիկական պարտություն գրանցել Հայաստանին աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Կորցրած երկու միավորը թանկ նստեց ռումինացիների վրա, եւ նրանք չկարողացան խմբում երկրորդ տեղը գրավել։ Իսկ պատճառն այն էր, որ ըստ ռումինացի լրագրողների` Հայաստանի դարպասապահ Բետեն Կամերունի քաղաքացի է եւ իրավունք չուներ մասնակցել այդ հանդիպմանը։