Զորակցում են

24/02/2006

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ երեկ հանդես է եկել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը: «Իր իշխանավարման ողջ ընթացքում շահարկելով ղարաբաղյան հիմնահարցը եւ «ձեռքերի ազատություն» ստանալով երկրի ներսում, վարչախումբը խաղասեղանին է դրել եւ տանուլ է տվել Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունը, նրա տարածաշրջանային նշանակությունը, Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, միջազգային ընկալումը, ծնել է ոչնչով չարդարացված ծանր կախվածություններ, քաղաքական եւ տնտեսական մեկուսացման սպառնալիքներ: Վարչախումբն անխնա վատնել է Հայաստանի ժողովրդավարացման եւ ներքին համախմբման տարածաշրջանում ամենաբարձր մեկնարկային հնարավորությունը` փոշիացնելով միջազգային հանրությանը ներկայանալու, ընկալվելու եւ գնահատվելու կռվանները»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Հանրապետություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար միջնորդական ջանքերին: Կուսակցությունը «մերժում է խնդրի փոխզիջումային, խաղաղ եւ արագ կարգավորման ցանկացած այլընտրանք: Խնդրի ամբողջական կարգավորումը տեսնում է տարածաշրջանային համագործակցության, անվտանգության միասնական համակարգի ձեւավորման համատեքստում: Անթույլատրելի է համարում բանակցություններում քննարկվող տարբերակի գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ հասարակության մոլորեցումը, թշնամանքի եւ ազգայնամոլության մթնոլորտի խտացումը: Հայաստանի ներքին եւ արտաքին հիմնահարցերի լուծման միակ ուղին Հայաստանի անվերապահ ժողովրդավարացումն է, որն անցնում է դեմոկրատական հեղափոխության միջով»,- եզրափակում են իրենց հայտարարությունը «Հանրապետության» անդամները:

Ա. Գ.