«Ես իշխանությունների դեմ չեմ պայքարել»

24/02/2006 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ իրեն օմբուդսմենի պաշտոնում առաջադրողներն առաջնորդվել են ոչ թե վստահության գործոնով, այլ այն համոզմունքով, թե ինքը կլինի այն կառավարելի անձը, ում կարող են ցանկացած իրավիճակում թելադրել իր անելիքները:

– Ո՞րն էր, այնուամենայնիվ, իշխանությունների մոտ վստահությունը կորցնելու պատճառը:

– Վստահությունը շատ մաքուր բառ է, այնինչ այստեղ ոչ այնքան վստահությունն էր խոսում, որքան համոզմունքը, թե ես ավելի կառավարելի կլինեմ: Այն թեւը, որն ինձ առաջադրել էր, այդպես էր կարծում: Կառավարելիությունը բացասական իմաստ ունի, իսկ վստահությունը` դրական: Նրանք սխալ պատկերացում ունեին, եւ նրանց թվում էր, որ, անցնելով ավելի բարձր պաշտոնի, ես ավելի կառավարելի կլինեի: Կարող եմ ասել, թե որոնք էին իմ մասին նման կարծիք ունենալու հիմքերը: Իմ աշխատանքային փորձը հիմնականում դրսեւորվել է հայրենասիրական դաշտում: «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության եւ իմ համագործակցությունն իշխանության տարբեր թեւերի հետ եղել է դրական: Դա բավականին լավ հիմք էր նաեւ օմբուդսմենի մասին այդ կարծիքն ունենալու համար: Թող որեւէ մեկը չպարծենա, թե օմբուդսմենը պետք է գա ու կռիվ անի իշխանությունների հետ: Նա անընդհատ պետք է իշխանությունների հետ համագործակցության եզրեր փնտրի, որպեսզի իրենց իսկ միջոցով նրանց վերադարձնի իրավական հարթություն այն դեպքերում, երբ իրենք շեղվել են: Այլ մեթոդ չկա, պաշտպանը սեփական որոշումներ չի ընդունում: Դրա համար ես անգրագիտություն եմ որակում այն հայտարարությունները, թե օմբուդսմենը պետք է գա ու սկսի պայքարել իշխանությունների դեմ: Նա պայքար է սկսում ոչ թե ընդդեմ իշխանության, այլ` իրավական պետության կայացման համար: Եթե այդ ճանապարհի վրա հանդիպում է բարեխիղճ քաղաքական ուժի, մարմնի, ապա դա նշանակում է, որ այդ իշխանությունը, վաղ թե ուշ, պետք է ընդունի իր սխալը եւ, ղեկավարվելով վեհ գաղափարներով, պետք է ուղղի իր սխալը: Իսկ եթե հանդիպում է անբարեխիղճ իշխանության, միտումնավոր, ինչ-որ փոքր խմբի շահի ծառայող որեւէ քաղաքականության, ապա այդտեղ է ծագում պրոբլեմը, եւ ոչ թե օմբուդսմենն է գնում ընդդեմ իշխանության, այլ իշխանությունն է ընդդիմանում իրավական պետության կայացմանը: Թեկուզ ինձ մեղադրում են, որ ես ասել եմ` եկել եմ օգնելու երկրի նախագահին, բայց միշտ այդպես եմ ասելու: Այո, ոչ թե անձ Քոչարյանին, այլ երկրի նախագահին, որն, ըստ Սահմանադրության, պետք է լինի իրավական պետության երաշխավորը:

– Ուզում եք ասել` իշխանությունները դե՞մ էին իրավական պետության կայացմանը:

– Այո, նրանք չընդունեցին այս մեթոդը եւ չընդունեցին, որ օմբուդսմենը գալիս է ոչ թե ծածկելու մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այլ համոզված լինելով, որ երկիրն ունի այն ներուժը, որ կկարողանա հաղթահարել բացասական երեւույթները: Օմբուդսմենն առանց հրապարակելու այդ դեպքերը, աշխատում է իշխանությունների հետ` ապացուցելով, որ այս, այս դեպքերը սխալ են, եկեք ուղղենք ու շարժվենք առաջ: Իսկ եթե դա չի ստացվում, ինչը ժամանակ է պահանջում, պաշտպանը դիմում է հանրությանը, դարձյալ ոչ թե իշխանություններին դեմ դուրս գալու համար, այլ` մոբիլիզացնելու ամոթի զգացումը, որպեսզի բարոյական ճնշումներով նորից նույն նպատակն իրականացնի:

– Իսկ ինչո՞ւ չդիմեցիք ժողովրդին:

– Ե՞րբ, չէի հասցնում: Երբ սպառում էի այն ճանապարհը, որն օրենքով նախատեսված է, եւ ընդունում էի որոշում, որ իշխանությունն ընդդիմանում է մարդու իրավունքների վերականգնմանը, այդ ժամանակ դիմում էի: Ցավոք, հանրությունն էլ է այն կարծիքին, որ ես չեմ դիմել: 2004թ. հանրահավաքներ են, եւ թող որեւէ կազմակերպություն կամ անձ ասի, որ ինքն արել է այնքան աշխատանք, որքան պաշտպանը` սկսած ազատ տեղաշարժման խոչընդոտներից: Մենք գիշեր-ցերեկ հեռախոսները միացրած աշխատում էինք: Մենք ամեն ինչ արել ենք: Քաղաքական այդ սուր իրավիճակում ես դիմել եմ իշխանություններին, եւ բոլորի իրավունքները վերականգնվել է: Այլ բան է, որ չենք հասել պատժելիության սկզբունքի իրականացմանը, որպեսզի տուժողը փոխհատուցվի իր մի քանի օր կամ ժամ անհիմն կալանքի տակ գտնվելու համար: Բայց այն, որ մենք այդ ուղղությամբ ենք աշխատել` մեկից մեկ պարզ է: Մենք ձերբակալությունների համար դիմել ենք նախագահին, գլխավոր դատախազին, եւ հարցը լուծվել է: Մենք դիմել ենք հանրությանն այն դեպքերում, երբ սպառվել է իշխանության թեւերի կողմից աջակցությունը: Այդ ժամանակ ես միայնակ չեմ եղել:

– Իշխանություններին ի՞նչն է վախեցնում:

– Իշխանություններն ավելի զգայուն են միջազգային հանրություն ներկայացնող ինստիտուտների նկատմամբ: Այդ ժամանակ մեր գնահատականները համընկնում էին ու դա նպաստում էր պաշտպանի իմիջին: Իսկ ընդդիմությունն ինձ օգնել է ճիշտ ժամանակին ինֆորմացիա հաղորդելով: Խանգարողն այն վստահության պակասն էր, որն ունի մեր հասարակությունը: Եվ ցավում եմ, որ մեզանում դեռ արմատացած է մարդու ծննդավայրից ելնելով նրա մասին պատկերացում կազմելը: Իմ հայրենիք Ղարաբաղը հենց այդ անվստահության պատճառը դարձավ, եւ վստահության քվե ձեռք բերելը շատ երկար ժամանակ պահանջեց: Բայց ես որեւէ անգամ դրան սուր չեմ արձագանքել, մտածել եմ, որ պաշտպանը պետք է գործով ապացուցի իր անկախ ու ինքնուրույն լինելը: Այնուամենայնիվ, հանրությունը դեռ չէր վստահում ինձ, բայց ես իմ պաշտոնավարման ժամանակահատվածը գնահատում եմ հաջողված: Սակայն իշխանությունն ինչ-որ պահից սկսեց անճոռնի մեթոդներով փնովել ու հակաքարոզչություն տանել իմ դեմ` մեջտեղ հանելով Հանրային հեռուստաընկերությանը: Կա ժամանակագրություն, թե երբ սկսեցին իմ դեմ հակաքարոզչություն իրականացնել. 2004թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ես վեր եմ հանել Բուզանդի, Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքները, ու սպառելով իշխանությունների հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները` ես հայտնվեցի նրանց թիրախում: Ես այդ ժամանակ պետք է դիմեի հանրությանը: Մինչ այդ նման «պայծառ» դեպքեր չեն եղել: Ես այդ հարցով երկրի նախագահին դիմելուց հետո համարեցի սպառված բոլոր հնարավորությունները: 2004թ. նոյեմբերի այդ հանդիպումը եղել է առաջին պաշտպանի վերջին հանդիպումը նախագահի հետ, որից հետո սկսվեցին հերյուրանքների, Հ1-ին պատիվ չբերող, օմբուդսմենին հլու-հնազանդ ներկայացնելու քարոզարշավը: Բացի այդ, ես ոչ թե կոնկրետ մարդկանց կողմից մարդու իրավունքների ոտնահարման փաստեր եմ արձանագրել, այլ մարմնի, կառավարության որոշումների, ինչը գնահատվել է որպես յուրայինի հանդգնություն: Քաղաքական բոլոր լիդերներն էլ ընդունել են, որ մի խումբ մարդկանց շահն ավելի վեր է դասվել, քան սոցիալապես անպաշտպան մեծ խմբերի շահերը: Եվ այս խմբերի վնասները շատ ավելի մեծ են, քան այն փոքր խմբերի, որոնք պետք է դրանից ստանային: Դրա համար ինձ հետաքրքիր չէր, թե ով է կոնկրետ կանգնած այդտեղ: Ինձ հետաքրքիր էր, թե պետությունն իր քաղաքականությամբ ում կողքին էր կանգնած:

– Հասցրեցի՞ք պարզել:

– Այո, պետությունը կանգնած է շահույթներ ունեցող փոքր խմբի կողքին եւ չի էլ ուզում մի մասը զիջել այն անպաշտպան խմբին ու պատշաճ փոխհատուցել, որպեսզի հարցը մնա միայն իրավական հարթության վրա: Դրան էլ չի գնացել: Այս խնդիրը ես չեմ թաքցրել եւ չեմ էլ թաքցնելու եւ, որպես պաշտպանող կողմ, մասնակցելու եմ ՍԴ նիստին, որովհետեւ ինձ համար դա անընդունելի է:

– Նոր պաշտպանը խոստացել է հետամուտ լինել այդ խնդրին: Հավատո՞ւմ եք, որ նրան ինչ-որ բան կհաջողվի:

– Ես կանխագուշակումների մեջ մասնագիտացած չեմ, բայց քանի որ այդ զարգացումները կարող են միանշանակ վախճանը չունենալ, հետամուտ լինելը դեռ չի նշանակում նույն դիրքորոշումն ունենալ: Ժամանակը ցույց կտա:

– Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ձեր հաշվետվությանը ծանոթանալուց հետո միայն կարող է պատասխանել հարցին` կներկայացնի՞ այն ԱԺ-ին, թե՞ ոչ:

– Ինչի՞ն ծանոթանա: Կարծում եմ, նա դա կանի հանրության հետ միասին: Այսինքն` նա հո չպիտի՞ զրկի հասարակությանն այդ իրավունքից: Այդ զեկույցը ես տրամադրում եմ հանրությանը: Բայց հետաքրքիրն այն է, թե ի՞նչ է լինելու այդ զեկույցի հետ, ի՞նչ կարող է անել նորընտիր պաշտպանը:

– Դուք ձեր թեկնածության չառաջադրման համար մեղադրեցիք Արտաշես Գեղամյանին, սակայն չե՞ք կարծում, որ դրանում կա նաեւ «Արդարություն» դաշինքի մեղքը, որը քաջատեղյակ լինելով իշխանությունների գործելակերպին, հայտարարեց, թե իր նախընտրած թեկնածուի մասին կհայտարարի ձեր հաշվետվությունը լսելուց հետո:

– Ես երբեւիցե մեղք կրողին չեմ փնտրել, իրողությունն եմ վերլուծել, եւ պարզել եմ, թե ինչպիսին են մեր ժողովրդավարության համար պատասխանատու մարմինները, պատգամավորը, հասարակությունը: Ես գտնում եմ, որ մինչ այսօր այս ամենը եղել է իմիտացիա: Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ավելի պատրաստ է ժողովրդավարական պետություն դառնալու փոփոխություններին, քան իշխանությունները, որոնք դա վերագրում են մեր մենթալիտետին: Ի՞նչ է, մենք ուզում ենք հանցավոր պետություն կայացնե՞լ: Եթե այդպես է, ապա թող եւս մեկ հանրաքվե անցկացնեն: Պետք չէ մի բան հռչակել, այլ բան վիճարկել: Ինքնաբացահայտման լավ պահեր է ապրել մեր երկիրը, եւ այն մասերով որ ցուցադրվել է` ինքնաբացահայտվել է, եւ թող ամեն մեկը հաշվի նստի իր խղճի, պարտավորությունների, ապագայի կամ անցյալի հետ:

– Կարո՞ղ եք հուշել, թե ինչ լեզվով կամ գործիքով պետք է ընդդիմությունը պայքարի այս իշխանությունների դեմ:

– Ես ընդդիմության մասնագետ չեմ: Չեմ կարծում, թե ընդդիմությունն այսօր առաջնորդում է հասարակությանը: Հասակարությունը միշտ խուսափում է ավելորդ քաղաքականացումից, եւ, ինչպես տեսնում եք, դեռ չմտած որեւէ կուսակցության շարքերը, մարդուն մեղադրում են «շպիոնության» մեջ: Հասարակությունը եւ ընդդիմությունը չունեն իրար հետ արդյունավետ աշխատելու ոչ փորձ, ոչ մեխանիզմ, ոչ էլ միտում: Իրար տարբեր հարթությունների մեջ են դիտում: Պատգամավորներից մեկն ասել էր (խոսքն Ալվարդ Պետրոսյանի մասին է:-Լ.Ս.), թե իրեն էլ է Բուզանդի հարցն անհանգստացնում, բայց ինքն ամոթալի էր համարում կանգնել այն ուժերի կողքին, ովքեր նրանց պաշտպանում էին: Կներեք, այնտեղ մարդ էր մահացել, ի՞նչ է` մենք պետք է նայենք, թե ո՞վ է դագաղը բռնում, որ գնանք-կանգնենք, թե՞ ոչ: Խռովկանություն կա: Ո՞վ է տեսել, որ երկրի նախագահը խռովի օմբուդսմենից ու մեկ տարի շարունակ չհանդիպի նրան: Սա դատապարտելի է: Խռովկանությունը չի կարող դրական արդյունք ունենալ: Հասարակությունը եւ ընդդիմությունը չի կիրառել միջազգային պրակտիկայի շտեմարանի նույնիսկ 10 տոկոսը: Մենք չենք տիրապետում այդ ձեւերին: Ընդդիմության երթերը մեզ մոտ միշտ անպատվությամբ էին ուղեկցվում: Մեկին չենք տեսել, որը կխոսեր սոցիալական իրավունքների մասին: Իսկ դա ամենալավ հողը կարող է լինել: Թող լուռ պիկետներ կազմակերպեն: Մենք նման մեթոդներ չենք կիրառել: Թող նամակներով հեղեղեն մի մարմնի ինչ-որ անձի կամ երեւույթի դեմ: Թող ամոթի մոբիլիզացիա իրականացնեն: Այդ ձեւերը չենք կիրառել: Իսկ այդ պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, թե դա բերում է անկայունության, երկիրը դուրս դնում կայուն զարգացումից: Այսինքն` բացի ծայրահեղ կոչերից, որը նույնպես խոսքի ազատություն է, պետք է նաեւ սա կիրառել: Բոյկոտը, անշուշտ, միջոց է, բայց արդյո՞ք միայն այդ միջոցը պետք է կիրառվի: Կամ` արդյո՞ք բոյկոտելով մի գործունեությունը` չպետք է ավելի ակտիվ լինել այլ գործունեության մեջ: Ոչ միայն միտինգներով։ Արդյոք ընդդիմության ներկայացուցիչը չպե՞տք է կանգնած լինի քաղաքացու կողքին, որի իրավունքները ոտնահարված են: Մենք դեռ ազգովի լուրջ չենք էլ սկսել աշխատել այս ուղղությամբ: