Ո՞ւմ է ձեռնտու Գլադունչիկի վարկաբեկումը

24/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կատարված աուդիտի արդյունքներն են։ Դրանց արդյունքում պարզվել է, որ Եվգենի Գլադունչիկի ղեկավարած հիմնարկն օրենքի լուրջ խախտումներ է թույլ տվել, մասնավորապես, ֆիկտիվ գործարքներ է իրականացրել՝ ներդրումների անվան տակ։ Այս ամենը ներկայացվում է որպես սենսացիոն բացահայտում։ Սակայն կան առաջին հայացքից մանրուք թվացող որոշ հարցեր, որոնք պակաս կարեւոր չեն։ Այն, որ «Էլցանցերը» խախտել է օրենքը, ոչ ոքի չզարմացրեց. բոլորն էլ գիտեն` որքան «ազնիվ» են աշխատում մեր ռուս բարեկամները։ Առավել զարմանալին այն է, թե ինչո՞ւ է այդ մասին խոսվում այսքան ուշացումով։ Դժվար է հավատալ, որ համապատասխան մարմինները չգիտեին 2004-2005թթ. ընթացքում կատարված օրինախախտումների մասին։ Երկրորդ, տեղեկությունների համաձայն աուդիտն անցկացվել է «Ինտեռ ՌԱՕ» ընկերության խնդրանքով, որը պատրաստվում է գնել «Էլցանցերը» «Միդլենդ Ռեսուրսիզ» ընկերությունից։ Ամենեւին չցանկանալով թերագնահատել աուդիտ իրականացրած մասնագետների որակները՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՌԱՕ-ն չի դիմել որեւէ ճանաչված աուդիտորական ընկերության։ Վերջիվերջո խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է։ Եվ երրորդ, ըստ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի. «Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը որոշում է աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ»: Տվյալ դեպքում աուդիտի ենթարկված անձը «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է, որը դժվար թե համաձայնություն տար իրեն մերկացնող եզրակացությունը հրապարակել։ Դա առնվազն մազոխիզմ կլիներ։ Այդ դեպքում գործ ունենք Ֆ. Թադեւոսյանի կողմից օրենքի խախտման հե՞տ։ Աուդիտ իրականացրած Ֆ. Թադեւոսյանն իր «սենսացիոն» հրապարակումները հիմնավորում է ՀԷՑ-ի ղեկավարության հետ ունեցած անձնական վատ հարաբերություններով: Մինչդեռ ուշադրության է արժանի այն փաստը, որ պրն Թադեւոսյանի հրապարակումները համընկան ՀԷՑ-ում ՀՀ Գլխավոր դատախազության անցկացրած ստուգումների վերջին փուլի հետ: Մի բան ակնհայտ է՝ Գլադունչիկն արդեն ոչ ոքի ձեռնտու չէ։ ՌԱՕ-ի եւ Գլադունչիկի ոչ լավ հարաբերությունները գաղտնիք չեն, իսկ «Միդլենդ Ռեսուրսիզն» արդեն լիովին անտարբեր է ինչպես «Հայկական էլցանցերի», այնպես էլ նրա տնօրենի նկատմամբ։ Կարելի է ենթադրել, որ առանց ռուսական «դաբրոյի» այսքան բանը ջրի երես դուրս չէր գա։ Իսկ Գլադունչիկի հարցը կարող է որոշվել ՌԴ արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի՝ Հայաստան կատարվելիք այցի ընթացքում։ Մեր տեղեկություններով, հնարավոր է, որ շաբաթվա վերջում սպասվող այդ այցի ժամանակ էլ վերջապես լուծվի նաեւ գազի գների հարցը։ Շրջանառության մեջ են նաեւ այն լուրերը, որ «ՀայՌուսգազարդի» եւ Իրան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերի մի մասը ռուսներին հանձնելու տարբերակը դեռ քննարկման թեմա է: