Երեք օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման տասնութ տարին։ Ավելի պատկերավոր բան չեմ կարող ասել, քան այն, որ դա իմ կյանքի մոտավորապես 45 տոկոսն է։ Քսաներեքամյա երիտասարդիս համար շարժումը սկսվել էր մեծ ոգեւորությամբ։ Դա արդարության հասնելու մի ճանապարհ էր, որն ուղեկցվում էր ազատության վայելքով։ Հետո եկավ անկախությունը։ Հետո հաղթանակներ եղան ռազմաճակատներում։ Հետո Ղարաբաղը Հայաստանի փաստացի մասը դարձավ։ Այս ամենն իր հետ բերեց եւ տագնապ, եւ հպարտություն, եւ հավատ։ Տագնապ` Ղարաբաղի մեր հայրենակիցների կյանքի անվտանգության համար։ Հպարտություն` մեր հաղթանակների համար։ Հավատ` ապագայի նկատմամբ։ Մի անգամ չի ասվել, որ երկարատեւ կորուստներից ու պարտություններից հետո ղարաբաղյան հաղթանակը հավատի վերականգնման ամենալավ հնարավորությունն էր։
Հետո հրադադար եղավ, այսինքն՝ զինված պայքարը դադարեց, բայց հակամարտությունն ինքնին չդադարեց գոյություն ունենալուց։ Հրադադարը հնարավորություն տվեց շունչ քաշելու եւ հասկանալու անցած 4-6 տարում կատարվածը, որը մեկ բառով կարելի է կոչել աղետ։ Բազմահազար զոհերն ու հաշմանդամները, հիմնովին ավերված բնակավայրերն ու ականապատված հողատարածքները, հոգեկան ու բարոյական խեղումները միայն այս բառի մեջ են խտանում։ Եվ արդեն ոչ զինյալ հակամարտությունը հաղթական ավարտին հասցնելուն զուգահեռ պետք էր նաեւ հաղթահարել աղետը։
Հրադադարին հաջորդած ժամանակահատվածում՝ մոտավորապես 10-12 տարի, աստիճանաբար կորստյան էր մատնվում հակամարտության բուն նպատակը, որն էր, եթե ճիշտ եմ հիշում, Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը։ Բայց կորստյան մատնվող նպատակի տեղը դատարկ մնալ չէր կարող, եւ այդ պարապը լրացվում էր քաղաքական վարժանքներով, դիվանագիտական օյինբազություններով, զառ գցելուն կամ մատնոց ֆռռացնելուն հար եւ նման զանազան ձեւաչափերով։
Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որին Ադրբեջանը համառորեն հակադրում է տարածքային ամբողջականության սկզբունքը, հետզհետե կորցրեց իր հումանիստական դիմագիծը՝ դառնալով հակամարտության գործիք։ Ղարաբաղի հայ բնակչությունն ուզում էր ինքնորոշվել, եթե չեմ սխալվում, երկրամասի սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները լուծելու համար։ Հիմա, հրադադարի հաստատումից տասներկու տարի անց, ցանկացած չուզող կարող է հարցնել, թե փաստացի անկախ կամ առավել փաստացի Հայաստանի հետ միավորված Ղարաբաղի սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում ինչպիսի՞ բարենորոգումներ են եղել։
Չուզողի բերանը փակելու համար մենք չունենք շոշափելի ձեռքբերումներ, բայց ունենք բազմաթիվ փաստարկներ, որոնք, սակայն, հումանիզմի ոլորտից չեն։ Կարող ենք ասել, թե Հայաստանը վերջին տասնվեց տարում եղել է շրջափակման մեջ, եւ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան փակ են պահում սահմաններն ու հաղորդակցության գծերը, Հայաստանն ինքն է բազմաթիվ դժվարություններ կրում։
«Ճիշտ է,- կասեն չուզողները,- բայց պատերազմում հաղթելուց հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի իշխանությունները սեփական երկրի կյանքը բարելավելու եւ, հետեւաբար, Ղարաբաղի բնակչության վիճակը բարենորոգելու ուղղությամբ»։
Երբ 1997-ի սեպտեմբերյան ասուլիսի ընթացքում՝ ակնարկելով տնտեսության զարգացումն արգելակող շրջափակումները, Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ դեռ լրագրող Սերգեյ Երիցյանի համար անմխիթար ապագա էր գուշակում («Լավ չես ապրելու, Սերգո ջան»), նույն պահին նրա ընդդիմախոսներն ասում էին, թե Հայաստանի տնտեսությունը վատ է աշխատում, որովհետեւ ղեկավարներն են վատ աշխատում եւ, որ շրջափակումներին ու տնտեսական անկայունությանը կարելի է հակադրել ազգային միասնականությունը, կազմակերպվածությունն ու «վճռական մենակի» կեցվածքը։
Այս խոսակցությունից ութ տարի անց չուզողները չեն կարող հավատալ, որ Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ են ձեռնարկել սեփական երկրի կյանքը բարելավելու եւ, հետեւաբար, Ղարաբաղի բնակչության վիճակը բարենորոգելու ուղղությամբ։ Շրջափակման մեջ գտնվող երկրի մայրաքաղաքն այսպես հախուռն կերպով կառուցապատելն, իհարկե, տպավորիչ է, բայց Երեւանի կենտրոնից 20-30 կիլոմետրի վրա այդ տպավորությունը խամրում է, իսկ մի քիչ ավելի հեռու վայրերում ջնջվում է իսպառ։
Մի առիթով Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Ադրբեջանի նավթային հզորություններին մենք կարող ենք հակադրվել կազմակերպվածությամբ։ Անշուշտ, կազմակերպվածությունը լավ բան է, դրանով կարելի է հպարտանալ, դրանով մի քիչ կարելի է ապրել, ինչպես լաբորատոր պայմաններում արված գյուտով հպարտանում ու ապրում է այն գիտնականն, ով առանձնապես վստահ չէ, որ իր գյուտը կյանքում կարող է կիրառություն գտնել։ Ինչքա՞ն կարող է կազմակերպվել մի պետություն, որի կապերը հարեւաններից երկուսի հետ խզված են, իսկ մյուս երկուսի հետ, մեղմ ասած, անբարեհույս։ Եվ ի՞նչ կարող է տալ կազմակերպված այդ պետությունն իր ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղին, բացի բյուջետային համեստ վարկավորումից եւ սփյուռքահայության օգնությունից։
Եթե հրադադարից հետո տասներկու տարում մենք չենք բնակեցրել Շուշին, եթե Մարտակերտի նախկին բնակիչներն աշխատանք ու կացարան չունենալու պատճառով չեն ուզում վերադառնալ հայրենի բնակավայրերը, եթե այսօրվա սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքը հեռու է ԼՂԻՄ-ի իրականությանը նման լինելուց, եւ եթե Ստեփանակերտը փյունիկ թռչունի հուշարձան է հիշեցնում, ուրեմն ինքնորոշման գաղափարը հեռանալով հեռանալու է իր հումանիստական բնույթից եւ դառնալու է քաղաքական հավակնոտություն, իսկ բանակցությունները գնալով ավելի ու ավելի են նմանվելու քաղաքական պինգ-պոնգի, երբ կողմերը ոչ թե իրար հետ են խաղում, այլ իրենց առջեւ եղած պատի։
Իսկ ես տասնութ տարի առաջ, երբ քսաներեք տարեկան էի, ոգեւորվում էի ղարաբաղյան շարժմամբ` հատկապես ինքնորոշման գաղափարի համար, որովհետեւ ինքնորոշումը մարդկային կամքի լավագույն դրսեւորումն է։