Այսօր մեր իրականությունն այնպիսին է, որ բոլորը «կռիշ» են փնտրում (ուշադրություն դարձրեք, որ Խորհրդային Հայաստանում բոլորը հայկական «մեջք» էին փնտրում, իսկ անկախ Հայաստանում` ռուսական «կռիշ»): Իսկ ինչի համար են պետք այդ «կռիշներն ու մեջքերը»:
Միայն եւ միայն «պռախոդ» ունենալու համար: Հասկանում եմ, որ եթե այս մի քանի տողը կարդա մեր «Լեզվի տեսչության» որեւէ աշխատակից, վաղը եւ ետ մամլո ասուլիս կհրավիրի եւ անարգանքի սյունին կգամի տողերիս հեղինակին: Սակայն ես փորձում եմ խոսել այն մարդկանց լեքսիկոնով, ովքեր ընդունում են մեր բոլոր օրենքները, այդ թվում` նաեւ «Լեզվի մասին» օրենքը: Այնպես որ, «ինձանից յան տվեք», հարգելի լեզվի տեսուչներ: Եվ փորձեք այն բոլոր պրոբլեմները, որոնց առիթով վերջին մի քանի ամիսներին մեծ աղմուկ եք բարձրացրել, փնտրել ոչ թե տարատեսակ տեսաերիզներում եւ կազմակերպությունների առեւտրային նշաններում, այլ այն ժողովում, որի մասնակիցները մի քանի օր առաջ մարդու իրավունքների պաշտպանի փոխարեն ընտրեցին օմբուդսմեն ( ինչը եւս մեկ անգամ ապացուցեց, որ եթե չընտրեին, իրենց «պռախոդը» արագ կփակվեր):
Ռուս-հայերեն բառարանում «տՐՏւՏՊ» բառը թարգմանվում է որպես անցում, անցատեղ: Այստեղից կարելի է ենթադրել, որ Հայաստանում «պռախոդ» ունեն միայն այն մարդիկ, ովքեր մի տեղից մյուս տեղն են անցնում: Այսինքն` մի կուսակցությունից` մյուսը, մի կլանից` մյուսը, մի նախարարությունից` մյուսը: Շատ ուշագրավ է հետեւյալ միտքը` երբ «պռախոդ» բառին միանում է «զադնի» բառը, ստացվում է ռուսերեն «զադնի պռախոդ» արտահայտությունը, որը շատ են սիրում տարատեսակ «պռախոդ եւ նառուշիլովկա» փնտրողները, որոնք պատրաստ են այս վերջին երկու պարագաների համար յուրաքանչյուրին տրամադրել իրենց սեփական նախավերջինը: Իսկ բոլոր նրանք, ովքեր «պռախոդ» չունեն, գտնվում են «տուպիկում», այսինքն` անելանելի վիճակում: Ստացվել է շատ հակասական պատկեր` «տուպիկները պռախոդ ունեն, իսկ պռախադնոյները տուպիկում են»:
Շատ դեպքերում մենք չենք հասկանում, որ «պռախոդ» տվողներին իրականում մեկ ուրիշն է «պռախոդ» տալիս: Օրինակ, ինչքան էլ ասենք, որ մենք պետք է ձգտենք ուրիշներից (խոսքս աշխարհաքաղաքական ուժերի մասին է) կախված չլինել, հասկանում ենք, որ դա հնարավոր չէ: Հարցը միայն այն է, որ կարող ենք այնպես անել, որ այդ ազդեցությունը միշտ էլ ունենա հակազդեցություն: Այն, ինչ կատարվում է այսօր մեր քաղաքական դաշտում, կարելի է անվանել ոչ թե «պռախոդ», այլ «պերեխոդ», ինչը հայերեն նույնպես հնչում է որպես անցում: Ուղղակի այս անցման ժամանակ դեռ պարզ չէ, թե ում համար կվառվի կանաչ, իսկ ում համար` կարմիր լույսը: Առայժմ բոլորը դեղին լույսի ներքո քաոսային, բայց շատ զգուշավոր քայլեր են անում: Մեկը բոլորի հետ բանակցում է, մյուսը բոլորին ինչ-որ բաներ է խոստանում, երրորդը պատրաստվում է «Մոյդոդիր» օճառը փոխարինել «Հեդ ընդ շոլդերս» շամպունով, մտածելով, որ վերջինս ավելի մեծ «պռախոդ» կապահովի իր համար: Ժամանակին հայկական կոնյակն էր «պռախոդ», հիմա` բենզինը: Մի ժամանակ դոլարն էր «պրախոդ», իսկ այսօր` «դոլար Արմենը»: Մի ժամանակ «ընդդիմությունը» իշխանություն էր ուզում, հիմա իշխանությունն է ընդդիմություն ուզում, որովհետեւ առանց ընդդիմության Եվրամիությունը ոչ մեկի «պռախոդ» չի տալիս: Բայց մի բան ակնհայտ է: Եթե Դուք ապահովագրված չեք, բոլոր «պռախոդները» կարող են փակվել: Երեւի թե հիմար չեն զարգացած երկրների այն բնակիչները, ովքեր միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց ապահովագրության վրա, այլ ոչ թե «պռախոդների»: Եվ որպեսզի գոնե մեր հաջորդ սերունդն ապահովագրված լինի տարատեսակ «պռախոդներից եւ պռախոդ տվողներից», մենք այսօրվանից պետք է մտածենք ոչ թե «պռախոդ» փնտրել, այլ ելք… ստեղծված իրավիճակից: Իսկ որ այդ ելքը մենք կգտնենք՝ չեմ կասկածում: Չէ՞ որ ես լավատես եմ: Ի վերջո, այդպիսի՞ ելքեր են գտել հայերը: