Բանակցություններից հրաժարվելը ելք չէ

24/02/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե Ղարաբաղը բանակցային գործընթացին կարող է միանալ միայն մի դեպքում` եթե Հայաստանը հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ։ Ըստ Արկադի Ղուկասյանի, «երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ, զբաղվում է պրոպագանդայով»։

ԼՂՀ նախագահի այս հայտարարությունն իսկույն ընկալվեց որպես ապացույց այն բանի, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ լուրջ տարաձայնություններ կան։ Արդյո՞ք դա այդպես է։ Ժամանակին նման հնարավոր տարաձայնությունները կանխելու նպատակով ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես մի բանաձեւ էին ընդունել` «Հայաստանը կընդունի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի Ղարաբաղի համար»։ Այսինքն` Հայաստանը երբեք չի ստորագրի այնպիսի համաձայնագիր, որը Ղարաբաղի համար անընդունելի կլինի։ Այս բանաձեւն արդեն իսկ նշանակում էր, որ իրականում Ադրբեջանը (թեկուզ` ոչ պաշտոնապես) ստիպված պիտի լինի բանակցել Ղարաբաղի հետ։ Ավելի ուշ Հայաստանն այնուամենայնիվ գնաց երկկողմ բանակցությունների, եւ ինքնին ենթադրվում էր, որ այդ բանակցություններում առաջին հերթին ներկայացվում է հենց ԼՂՀ դիրքորոշումը։ Այսօր պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։

Իսկ իրականում հնարավո՞ր են արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումների միջեւ։ Այստեղ երկու տեսակետներ կան։ Ըստ առաջին տեսակետի, չկարգավորված հակամարտությունը եւ Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական վիճակը Հայաստանին դուրս են մղում տարածաշրջանային գործընթացներից, մինչդեռ եթե Հայաստանը փոքր-ինչ ավելի զիջողական դիրքորոշում ունենար (այսինքն` համաձայներ Ղարաբաղը ձեւականորեն թողնել Ադրբեջանի կազմում), շրջափակումը կվերանար, տնտեսությունը դինամիկ կզարգանար, եւ այլն։ Պարզ ասած, ըստ այս դիրքորոշման, Ղարաբաղը կշռաքարերի պես կախված է Հայաստանի «ոտքերից» եւ թույլ չի տալիս զարգանալ։

Ըստ երկրորդ տեսակետի, ոչ մի դեպքում չի կարելի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում եւ հանձնել Ղարաբաղը Հայաստանին կապող տարածքները, որովհետեւ դա շատ արագ կհանգեցնի Ղարաբաղի հայաթափմանը։ Ընդ որում, այս տեսակետի կողմնակիցները միանգամայն իրավացիորեն նշում են նաեւ, որ ղարաբաղյան հարցում զիջողական դիրքորոշումն ամենեւին էլ հարցի վերջնական լուծում չէ, որովհետեւ եթե նույնիսկ Ադրբեջանը տիրանա Ղարաբաղին, դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի հաստատվի։ Ճիշտ հակառակը` Ադրբեջանը կսկսի պահանջել նաեւ Զանգեզուրը, եւ նոր, մեզ համար շատ ավելի ծանր հակամարտություն կսկսվի։

Պարզ ասած, օբյեկտիվորեն Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումների միջեւ տարբերություն լինել չի կարող, որովհետեւ կորցնել Ղարաբաղը` նշանակում է հայտնվել շատ ավելի ծանր վիճակում, ներքաշվել նոր պատերազմի մեջ եւ, ի վերջո, կորցնել ողջ Հայաստանը։ Սա, ի դեպ, հասկանում են եւ՛ Հայաստանում, եւ՛ Ղարաբաղում։ Հետեւաբար, Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ տարաձայնությունները կարող են լինել միայն մարտավարական առանձին հարցերի շուրջ։ Եվ ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդամենն արձանագրում է այն փաստը, որ Ղարաբաղի դուրս մղվելը բանակցային գործընթացից շատ լուրջ քաղաքական սխալ էր։

Բայց ինչպե՞ս ուղղել այդ սխալը։ Հույս ունենալ, թե ահա Հայաստանը կհրաժարվի բանակցություններից, եւ Ադրբեջանն իսկույն բանակցություններ կսկսի Ղարաբաղի հետ, այնքան էլ իրատեսական չէ։ Ադրբեջանը դրա փոխարեն միջազգային ատյաններում մեծ աղմուկ կբարձրացնի եւ կփորձի հասնել նրան, որ Հայաստանը ճանաչվի որպես ագրեսոր։ Այսինքն` կշարունակի զբաղվել քարոզչությամբ, եւ այդ ասպարեզում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր կստանա։ Հետեւաբար, Հայաստանն իրավունք չունի դուրս գալ բանակցային գործընթացից։ Եվ Ադրբեջանի վրա ճնշում գործադրողը ոչ թե Հայաստանը պիտի լինի, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նրանք պիտի ապահովեն ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին, եթե, իհարկե, իսկապես ցանկանում են հասնել խաղաղության, եւ ոչ թե բանակցային գործընթացի միջոցով կառավարելի պահել Հայաստանն ու Ադրբեջանը։