Այս ծառայությունների դիմաց փողային վճարումներն, ինչպես նաեւ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարներն ընդունվում եւ իրականացվում են նույնպես դրամով: Սա «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի պահանջն է: Օրենքն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հուլիսից: Մինչ այդ Կենտրոնական բանկն (ԿԲ) ուրախանում էր, որ նոր օրենքը կնվազեցնի տնտեսության դոլարայնացման մակարդակը` դրանով իսկ նպաստելով հենց ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականության արդյունավետությանը: Չէ՞ որ դոլարը որքան քիչ «պտտվի» հանրապետությունում, այնքան ԿԲ-ն հստակ կիմանա իր անելիքը. մենք ենք ու մեր դրամը: Անցյալ տարվա հունիս ամսից սկսած` գրեթե բոլոր առեւտրային կետերում, ռեստորաններում, սրճարաններում եւ այլ հաստատություններում փակցված էին ԿԲ-ի «հեղինակային» պաստառները, որոնք բնակչությանը տեղեկացնում էին, որ առեւտուր պետք է անել միայն դրամով: Այդ թղթերն արդեն մաշվել ու պատռվել են, սակայն այսօր խնդրի լուծման ուղղությամբ ոչինչ չի իրականացվել: Կրկին նույն պատկերն է. ամենուր` թե՛ տոնավաճառներում, թե՛ խանութներում գինը հարցնելիս հաճախորդը ստանում է «դոլարային» պատասխան: Նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքները գնանշված են դրամով, գնորդի ցանկությամբ վաճառողն անմիջապես այն վերածում է դոլարի` բոլորովին էլ չվախենալով օրենքը խախտելու համար պատասխանատվության ենթարկվելուց:
Սա վերաբերում է հիմնականում ոչ սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրային կետերին: Այս խանութների տերերին էլ կարելի է հասկանալ: Վերջիններս իրենց արտասահմանյան մատակարարներին վճարում են դոլարով եւ նախընտրում են հաճախորդներից էլ նույն արժույթը ստանալ: Հատկապես այն դեպքում, երբ վերջին ժամանակաշրջանի փորձը ցույց տվեց, որ փոխարժեքի վրա «հույս դնելն» անիմաստ է: Ոչ ոք չգիտի, թե վաղն այն ինչ ուղղությամբ կշարժվի, ուստի վաճառողները, ռիսկի չդիմելու համար, նպատակահարմար են գտնում դոլարով առեւտուր անել:
Այլ է պատկերը ռեստորանային-սրճարանային համալիրներում: Նրանց շահերն էլ այլ են: Վերջիններս վերածվել են արտարժույթի յուրօրինակ փոխանակման կետերի: Այս կառույցները երբեք չեն հրաժարվի իրենց ծառայությունների դիմաց դոլար վերցնելուց, բայց խայտառակ ու նմանը չունեցող կուրսով: Երբեք գանձապահը հաճախորդին չի առաջարկի գնալ ու դրսում դոլարը վերածել դրամի, որովհետեւ դա իրեն ձեռնտու չէ, քանի որ ամեն մեկ դոլարի համար նա կարող է «վաստակել» 20-30 դրամ: Իսկ որտեղի՞ց է այսքան արտարժույթը հայտնվում բնակչության մոտ: Պատասխանի մի մասն ակնհայտ է` արտասահմանից մեր աշխատողների ուղարկած փողերն են (արտասահմանից փոխանցվող տրանսֆերտների թիվն արդեն գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը), որոնք սպառվում են հիմնականում առանց դրամի վերածվելու: Սակայն, այստեղ կա եւս մեկ խնդիր. մեր գործատուները նույնպես գերադասում են դոլարը: Ինչո՞ւ: Բանն այն է, որ Հայաստանի մասնավոր ընկերություններից շատերը ֆինանսավորվում են դրսից: Եվ այստեղ կրկին գործում է փոխարժեքի ռիսկին չդիմելու սկզբունքը: Գործատուներին ձեռնտու է իրենց աշխատողներին վարձատրել էժանացող դոլարով. ինչո՞ւ բաց թողնել այդպիսի հնարավորությունը: Իսկ վերջինս նրանց տրվում է օրենքը հեշտությամբ շրջանցելու միջոցով: Օրենքը թույլ է տալիս, որպեսզի ոչ առեւտրային բնույթի գործարքները (ՀՀ տարածք եւ Հայաստանից դուրս փոխանցումներ, ներառյալ` աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները), բացառությամբ աշխատավարձի վճարումների, իրականացվեն արտարժույթով:
Այս գործընթացում պարզ է տարբեր կողմերի ակնհայտ շահերի առկայություն: Հարց է ծագում. իսկ ովքե՞ր են զսպելու դոլարային այս «աժիոտաժը»: Ովքե՞ր են շրջելու առեւտրի կետերում եւ «բռնելու» օրինախախտների ձեռքը: Բանն այն է, որ օրենքի համաձայն` ԿԲ-ն տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով վերահսկում է միայն իր կողմից լիցենզավորված մարմիններին, իսկ առեւտրային կետերով զբաղվում է Հարկային պետական ծառայությունը: Ինչպես տեղեկացանք ԿԲ-ից, «իրենց մասով» ամեն ինչ նորմալ է: ԿԲ մամուլի ծառայությունից հավաստիացնում են, որ առեւտրով զբաղվող կետերում արձանագրված օրինախախտման դեպքերի մասին ԿԲ-ն անցյալ տարվա ընթացքում պարբերաբար նամակներ է ուղարկել Հարկային ծառայությանը` փորձելով նպաստել խնդրի կարգավորմանը: Այնուամենայնիվ, «դոլարամանիան» շարունակվում է: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարկային մարմինները, եւ այս ամիսների ընթացքում ի՞նչ հաջողությունների են հասել: Հարկային պետական ծառայության մեկնաբանությունները կարդացեք մեր թերթի հաջորդ համարում: