Երեւում է՝ Հրանտ Վարդանյանի համար ապրանքային նշանների հետ կապված խնդիրները դարձել են ընտանեկան անախորժություն։ «Գրանդ-Քենդի» ընկերության կողմից վերջերս տարբեր հեռուստաընկերությունների եթերով հեռարձակվող ուկրաինական եւ թուրքական շոկոլադների հետ անհարկի համեմատություններ անցկացնող գովազդային հոլովակը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այն բոլոր հեռուստաընկերությունների եթերից հանվել է:
Հետաքրքիր է, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե ՏՄՊՊՀ-ն է, այլ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Ըստ նրա, «Գրանդ-Քենդի» ընկերության կողմից հեռարձակվող գովազդային հոլովակի մեջ առկա են անհարկի եւ ոչ կոռեկտ համեմատություններ ուկրաինական ծագման շոկոլադեղենի, մասնավորապես, ԱՊՀ-ում իր բարձրորակ շոկոլադի տեսակներով հայտնի ջՈՏ «ABK» ընկերության արտադրանքի հետ՝ օգտագործելով նրա ապրանքային նշանը։
Ինչ վերաբերում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» եւ «Նեմիրոֆֆ» ընկերության հակամարտությանը, որին անդրադարձել էինք մեր նախորդ համարում, ապա այստեղ անորոշությունը պահպանվում է։ Փետրվարի 21-ին նշանակված դատական նիստը («Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» ընդդեմ ՀՀ Մտավոր սեփականության գործակալության) հետաձգվել է։ Ինչպես տեղեկացրեց գործակալության ներկայացուցիչ Ա. Աբգարյանը, պատասխանողի կողմից որպես երրորդ անձ հանդես եկող «Բրեյֆիլդ Թրաստ Րեգ.» ընկերության շահերի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու համար, որպեսզի ժամանակ ունենա ծանոթանալու փաստաթղթերին։ Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 6-ին, իսկ սիգարետները սկսել են ավելի հաճախ հանդիպել քաղաքի առեւտրային կետերում։