«Սուրճ արտադրելն արեւածաղիկ բովել չէ»

24/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Շատերին է հայտնի «Փարիզյան սուրճ» անվանումը եւ շատերի մոտ այն արդեն ասոցիացվում է որակի հետ։ Կարելի է ասել, որ «Փարիզյան սուրճն» արդեն ճանաչում գտած եւ հարգանք վայելող հատուկենտ հայկական բրենդներից մեկն է։ Այս ընկերության հիմնադիրները Վազգեն եւ Վալերի Ասատրյաններն են, որոնց հետ զրուցեցինք հիմնականում իրենց բիզնեսի հետ կապված խնդիրների մասին։

– Սպառողների վստահությունը շահելը մի բան է, այդ վստահությունը պահպանելը՝ այլ, ո՞րն է ավելի հեշտ։ Ի՞նչ եք անում այս ուղղությամբ եւ ի՞նչ խնդիրներ ունեք։

– Այդ հարցում ամենակարեւորը որակն է։ Մենք աշխատում ենք պահպանել մեր սուրճի որակը, համն ու բուրմունքը։ Թեեւ սուրճի մշակույթը Հայաստանում գնալով բարձրանում է, սակայն սուրճի բերքն ամեն տարի կարող է որոշ աննշան համային փոփոխությունների պատճառ դառնալ, ինչը երբեմն առաջացնում է սպառողների տարակուսանքը։ Մենք աշխատում ենք տեխնիկական միջոցներով, բովելու, պատրաստման մեթոդիկայի օգնությամբ այնպես անել, որ համային փոփոխություններ չլինեն կամ լինեն աննշան։ 10 տարի մենք բերում ենք նույն հումքը։ Վերջերս բերել ենք նոր գերմանական մեքենաներ, որոնք մի փոքր խոշոր են աղում սուրճը։ Որոշ մարդիկ դժգոհում են, որ հատիկները խոշոր են, կոշտ են, սակայն դա որակի հետ կապ չունի։ Եվրոպայում եթե սպառողը վստահում է որեւէ սուրճ արտադրողի, նա երբեք չի ասի՝ ձեր սուրճի որակը փոխվել է, որովհետեւ դա պարզապես անհնար է։ Իսկ մեզ մոտ միշտ պայքար է գնում, միշտ պետք է ժողովրդին համոզենք, որ մեր որակը չի փոխվել, որ մենք չենք եկել իրենց խաբելու համար։ Եվրոպացիները չեն բողոքում, իսկ մեր ժողովուրդը միշտ մի բան գտնում է՝ բողոքելու համար։

– Անբարեխիղճ մրցակցությունը չի՞ անդրադառնում ձեր բիզնեսի վրա։

– Իհարկե անդրադառնում է։ Եղել է՝ գնացել ենք սրճարան եւ պատվիրել «Փարիզյան սուրճ»։ Բերել են, եւ տեսել ենք, որ դա լրիվ ուրիշ սուրճ է։ Մարդիկ շուկայից գնում են էժանագին սուրճ եւ վաճառում մեր անվան տակ, որովհետեւ գումարային մեծ տարբերություն կա։ Խնդիրներ կան նաեւ պատրաստման եղանակի հետ կապված։ Օրինակ, սուրճը եփում են Հայաստանում տարածված կարմիր սրճեփների մեջ, ընդ որում` այն չեն լվանում, տակի նստվածքի վրա ավելացնում են կես գդալ «Փարիզյան սուրճ», այնքան որ մի թեթեւ համ տա, նոր «բուկետ» են ստեղծում եւ մատուցում «Փարիզյանի» անվան տակ։ Կամ սուրճը պատրաստում են ծորակի ջրով։ Դա սխալ է։

– Որեւէ կերպ այդ երեւույթի դեմ պայքարո՞ւմ եք։

– Լայն թափով ոչ։ Պարզապես բացատրական աշխատանքներ ենք տանում, եւ շատ հայտնի ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ մեզնից գնել են սուրճ պատրաստելու մեր մեքենաները եւ այժմ օգտագործում են։ Շատ տեղերում այդ քայլին գնում են այն բանից հետո, երբ խնդիրներ են ունենում։ Սպառողներն արդեն ճանաչում են մեր սուրճը եւ չեն հանդուրժում, երբ իրենց փորձում են խաբել։ Թեեւ կան սրճարաններ, որտեղ այս բարձիթողի վիճակը դեռ շարունակվում է։

– Սուրճի կուլտուրան բարձրացե՞լ է այս տարիների ընթացքում, մարդիկ կարողանո՞ւմ են տարբերել լավը վատից։

– Այո, վիճակը զգալիորեն փոխվել է։ Հատուկ այդ նպատակով մենք մի քանի հաղորդումներ ենք պատրաստել։ Փորձում էինք ցույց տալ, որ սուրճ արտադրելը մասնագիտություն է, արեւածաղիկ բովել չէ։ Դա շատ դժվար բան է՝ գինեգործության նման։ Ամեն արտադրող ունի իր պատրաստման եղանակը, մեթոդները, տեխնոլոգիական գաղտնիքները։ Մենք առաջինն էինք, որ որպես սուրճ արտադրող ներդրում արեցինք Հայաստանում, երբ սուրճը դրսից էին բերում։ Մեր սարքավորումների մոնտաժն արել են ֆրանսիացիները, նրանք էլ սովորեցրել են մեր աշխատողներին։ Իհարկե, դրամ աշխատելը ցանկալի բան է, սակայն մենք չեկանք Հայաստան ժողովրդին խաբելու եւ գրպաններս լցնելու համար։ Մենք հաշվարկ էինք արել, որ մեր ներդրման օգուտները կքաղենք մի 10 տարի հետո։ Ցանկություն ունեինք մեր կարողացած չափով նպաստել եվրոպական մշակույթի ներդրմանը, իսկ Եվրոպայում սուրճը մշակույթ է։ Փարիզում սուրճի սիրահարներն առավոտյան մի տեսակի սուրճ են խմում, ցերեկը՝ այլ, երեկոյան՝ լրիվ ուրիշ։ Մեր ժողովուրդը մի հատկություն ունի. երբ մեկը, ասենք, բենզալցակայան բացեց, մյուսներն իրար ետեւից սկսեցին նույն գործով զբաղվել։ Նույնը մեր դեպքում էր։ Երբ սուրճը համարակալեցինք՝ 1-5 համարներով, մյուսներն անմիջապես դա կրկնեցին։ Իսկ մենք փաթեթի վրա ոչ մի ավելորդ բան չենք գրում, ճշգրիտ ինֆորմացիա ենք տալիս՝ հումքը որտեղից է բերված, ինչ տեսակի սուրճ է, ինչ համամասնությամբ եւ այլն։ Շատերը պարզապես առանց հասկանալու կրկնում են մեր արածը։ Շատ հետաքրքիր բան կա, եթե նայեք սուրճի միջազգային գները Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաներում, վերցնեք ամենաէժանը եւ կոպիտ հաշվարկ անեք՝ գումարելով ճանապարհածախսը, հարկային եւ մաքսային վճարները, այլ ծախսերը, կզարմանաք. այսօր մեր շուկայում վաճառվում է սուրճ, որն ավելի ցածր արժե, քան վերը նշված ամենացածր որակի սուրճի ինքնարժեքը։ Ինչպե՞ս է դա այդպես։ Միայն մի բացատրություն կա՝ օգտագործում են տարբեր անազնիվ եղանակներ։

Կամ գովազդում են՝ «…մեր սուրճը ամենալավն է, ամենաթարմն է»՝ չհասկանալով, որ սուրճը որքան թարմ է, այնքան վատն է։ Դա նույնն է, եթե գինին գովաբանելու համար ասես՝ թարմ գինի, իսկ թարմ գինին գինի չէ, մաճառ է։ Բացի այդ, կողքից ինչ ասես խառնում են։

– Հայաստանում կա՞ որեւէ լաբորատորիա, որը կարող է իրոք լուրջ ուսումնասիրություն կատարել եւ պարզել՝ փաթեթի վրա գրվածը համապատասխանո՞ւմ է պարունակությանը, թե՞ ոչ։

– Կա, բայց չգիտե՞ք Հայաստանում այդ ամենն ինչպես է արվում։ Բայց այստեղ մի շատ ավելի հետաքրքիր բան կա։ Բոլորը սիրում են որպես ածական օգտագործել «եվրոպական» եւ «էլիտար» բառերը։ Մեր սուրճն, իրոք, գալիս է Եվրոպայից՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Այստեղ այդ փաստաթղթերը չեն անցնում։ Աշխարհում երկու երկիր կա, որտեղ եվրոպական ապրանքային փաստաթղթերը չեն անցնում՝ Հայաստանն ու Թուրքիան։ Եվրոպայում չես կարող գնալ-ասել՝ եղբայր, էս գումարը վերցրու եւ իմ թուղթը տուր։ Մեզ տրված որակի սերտիֆիկատը լուրջ փաստաթուղթ է, իսկ էստեղ ասում են՝ դա մեզ չի հետաքրքրում։ Մինչդեռ հենց Եվրոպայի մաքսակետերում մեր սուրճը մանրակրիտ ստուգման է ենթարկվում։

– Չե՞ք դիմել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»։

– Ոչ, չենք դիմել։ Մեզ գոնե ապահով ենք զգում այնքանով, որ Եվրոպայում մեր արտադրանքն ընդունվում է։ Հույս ունենք, որ վաղ թե ուշ վիճակն այստեղ էլ կբարելավվի։ Միգուցե մեր սխալն է, որ մենք բավարար չափով չենք հետաքրքրվում։ Պարզապես տեսնում ենք, որ անարդար մրցակցություն է տիրում, եւ գլուխներս կախ աշխատում ենք։

– Որոշ չափով պարզ է դառնում՝ ինչու էիք ասել, որ Հայաստանում աշխատելը դժվար է։ Իսկ ուրիշ բյուրոկրատական խոչընդոտներ կա՞ն։ Ասենք՝ մաքսային կառույցների հետ կապված։

– Եթե ասենք` չեն եղել՝ կհավատա՞ք։ Իհարկե, դժվարություններ, խնդիրներ լինում են. սա ասում ենք ոչ միայն մենք, այլ Հայաստանի հետ գործ ունեցող գրեթե բոլոր արտասահմանյան գործարարները։ Սակայն պետք է նշեմ, որ գնալով վիճակը շտկվում է։ Փորձում են ավելի լավը երեւալ։ Եթե նախկինում սահմանի վրա մեր կոնտեյներները կարող էին մի ինչ-որ աննշան մանրուքի պատճառով մի քանի օր կանգնել, այժմ նման բաներ չկան։ Հիմա Մաքսայինում կարելի է ասել, որ կարգուկանոն կա։ 6-7 տարի առաջ չկար, հիմա արդեն, կարելի է ասել, նորմալ է։ Իհարկե, դեռ թերություններ կան, լավից լավը միշտ էլ կա, սակայն, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում ամեն ինչ կբարելավվի։

Այլ դժվարություններ նույնպես կան։ Մեր աշխարհագրական դիրքը եւ ներկայիս հարաբերությունները մեր հարեւանների հետ արդեն իսկ դժվարություններ են ստեղծում՝ հումքի եւ պատրաստի արտադրանքի տեղափոխման առումով։ Օրինակ, մենք կուզեինք, որ Թուրքիայի հետ սահմանը բացվեր։ Այդպես շատ եվրոպական երկրների հետ համագործակցությունը շատ ավելի հեշտ կլիներ։

Իսկ այժմ մենք սուրճը բերում ենք Վրաստանի տարածքով, այսինքն՝ որոշ առումով կախված ենք իրենցից։

Սակայն այս բոլոր դժվարություններով հանդերձ, մենք մտադիր չենք լքել Հայաստանը, ցանկանում ենք ավելի զարգացնել մեր գործը։ Կարելի է ասել, օրինակ ենք հանդիսանում մյուս սփյուռքահայերի համար։ Փորձում ենք համոզել, որ Հայաստանում նույնպես կարելի է գործ անել եւ դրանով օգտակար լինել այս երկրին։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ այս բոլոր խնդիրները կմնան ետեւում։