Մրցակցությանը չե՞ն դիմանում

24/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Անցյալ տարվա ընթացքում լիցենզավորված անձանց դիմումների համաձայն` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ուժը կորցրած է ճանաչել 352 պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ: Ինչպես տեղեկացանք նախարարությունից, վերոնշյալ լիցենզիաների գերակշիռ մասը` 299-ը, սննդամթերքի արտադրության բնագավառից են: Միաժամանակ, 2005թ. նախարարության կողմից տրամադրված 777 պարզ լիցենզիաների մեծ մասը (598) նույնպես բաժին է ընկնում սննդամթերքի արտադրությանը: Այստեղից կարելի է նախ եզրակացնել, որ սննդամթերքի արտադրությամբ մեր տնտեսությունը բավական մրցակցային է, սակայն միեւնույն ժամանակ ոլորտում տեղի են ունենում շեշտակի տեղաշարժեր: Շուկայից 299 ընկերությունների դուրսմղումը խոսում է այն մասին, որ փոքր (միգուցե, նաեւ միջին) ձեռնարկությունները չեն կարող դիմանալ մրցակցությանը: Հատկապես, երբ այդ լիցենզավորված անձինք իրենք են դիմում ներկայացրել նախարարություն: Նշանակում է` չեն կարողացել աշխատել: Իսկ նոր 598-ը կկարողանա՞ն: Դա, իհարկե, ողջունելի կլիներ, սակայն դժվար թե կարողանան: Ուստի սննդամթերքի արտադրության մրցակցային ոլորտի վերաբերյալ վերոնշյալ պատկերացումն ընդամենը մակերեսային բնույթ է կրում: Իրականում այս ճյուղում նույնպես իշխում են փոքր թվով խոշոր ընկերությունները` դուրս մղելով մանր ու միջիններին:

Հատկանշական է նաեւ, որ գրեթե նույն պատկերը մեկ այլ ոլորտում է` շահումով խաղեր, խաղատներ, վիճակախաղեր: Անցյալ տարվա ընթացքում նախարարության կողմից ուժը կորցրած են ճանաչվել 11 շահումով խաղերի, 6 խաղատների եւ 2 վիճակախաղի լիցենզիաներ: Այդ ընկերություններն են` «Թարո», «Ստուդիո-Սիգմա», «Դոմեբա», «Արգեյմ», «Ֆեդ-Ա. Մ.», «Սեյջ-Ինվեստ», «Կարեն եւ Արտակ», «Մագնիում», «Սանտիս», «Միրաժ», «Բայբուրդ», «Բազիլեւս», «Մերիդիան», «Վայելքների աշխարհ», «Գանգա», «Տիար Գասպարյան» ՍՊԸ-ները, «Փի-Էմ-Ար-Էյ» եւ «Հարստություն» ՓԲԸ-ները: Այս ընկերությունների անվանումները, ըստ էության, հասարակությանն անծանոթ են: Այդպես էլ պետք է լիներ, հակառակ դեպքում անհաջողակների այս ցուցակում չէին հայտնվի: Այս ոլորտի վրա նույնպես մի քանի ընկերություններ են «թաթը դրել»: Ի դեպ, խաղատներին եւ շահումով խաղերին բնորոշ է նաեւ հարկային պարտավորություններն անբարեխիճ կատարելու սովորությունը: 2005թ. 5 շահումով խաղերի եւ 2 խաղատների լիցենզիաներից 6-ի կասեցման պատճառը եղել է հարկերի ուշացումը: Այնուամենայնիվ, վիճակախաղերից, շահումով խաղերից եւ խաղատներից անցյալ տարվա ընթացքում պետբյուջե է մտել 895 մլն դրամ պետական տուրք: