Թարս ու շիտակ

24/02/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Մուտքի դռան վեճը պատուհան է բացել դեպի երեւանցի մի դատավորի եկամուտները` բացահայտելով անհամեմատ ավելի մեծ հարստություն, քան կարող էր ապահովել Արդարադատության նախարարության նշանակած աշխատավարձը:

Դատավորը, որի ամսական աշխատավարձը մոտ 642 դոլար է, ունի վեց ավտոմեքենա (ներառյալ որդիներինը)` 61.000 դոլար արժողությամբ, առանձնատուն եւ երեք սենյականոց բնակարան առողջարանային Ծաղկաձոր քաղաքում եւ Երեւանի կենտրոնում մի չորս սենյականոց բնակարան, որի մեջ 2002 թ. ներդրել է մոտ 100.000 դոլար: Գնել է նաեւ որդիների համար եւս երկու այլ բնակարան:

Նոյեմբերին Իսահակյան 22 շենքի բնակիչ, Էրեբունու համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանի նախաձեռնությամբ եւ թաղապետարանի համաձայնությամբ ու մասնակցությամբ շենքի մուտքի վրա կոդավորված դուռ դրվեց: Բնակիչների մի մասը ողջունեց դռան տեղադրումը` ասելով, որ այն թույլ չի տալիս թափառաշրջիկներին օգտագործել մուտքը որպես քնելատեղ կամ զուգարան: Սակայն դուռը նաեւ փակեց Արման եւ Վահան Քարիմյանների` մուտքում գտնվող տարադրամի փոխանակման կետի եւ ձայներիզների կրպակի բիզնեսը:

Շենք մտնելու համար այցելուները պետք է սեղմեն բնակիչների զանգն ու ներկայանան դոմոֆոնով: Բնակիչները կարող են բացել դուռը բանալիով: Քարիմյանները պնդում են, որ տեղադրված անվտանգության համակարգը զրկում է իրենց հաճախորդներից ու ապրուստից: «1997 թվից ձայներիզների կրպակս աշխատում է, իմ օրվա հացն է, բայց փաստորեն ձեռքիցս վերցրել է, դուռ դրել»,- ասում է Վահան Քարիմյանը:

Քարիմյանն ասում է, որ իրեն բանալի չեն տալիս, թե չէ կարող էր ամիսը 200 դոլարով վարձով տալ: Իսկ այսօր նա կարող է շենք մտնել միայն դրսի «Վիվա Սելլի» մուտքից (ընկերության զբաղեցրած բնակարանը վարձակալությամբ նրանց են տրամադրել Քարիմյանները): «Դուռը դրել են ու բանալի էլ չեն տալիս»,- ասում է Վահանը: Քարիմյանի բնակարանի չորս համասեփականատերերը դիմել են Արդարադատության նախարարություն, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի եւ դադարեցվեն դատավորի լիազորությունները:

Դատավոր Կոստանյանը ափերից դուրս է գալիս, երբ լսում է դռան պրոբլեմի մասին: «Եթե դիմումի հեղինակներից որեւէ մեկը իմ ապրելու պահից մինչեւ այժմ չի բնակվել այդտեղ, ես ինչպե՞ս կարող եմ նրանց խոչընդոտ հանդիսանալ,- ասում է Կոստանյանը: -Ընդհանուր օգտագործման մուտքը բոլոր բնակիչների սեփականությունն է: Էլի իրանցը լինի, բայց էդ օգտագործելը ինձ չխոչընդոտի»: Կոստանյանը պնդում է, որ Քարիմյանների ձայնագրման գործը (սկավառակների ու կասետների վաճառք ու ձայնագրում) պատուհաս է դարձել իր եւ մյուս բնակիչների գլխին: «Անտանելի վիճակ էր,- ասում է դատավորը: -Առավոտ 8-ից դինամիկները դրած զռում էին մինչեւ 11-ը, հետո էլ բոմժերն էին լցվում: Մուտքը դառել էր զուգարան, ինչ ասես` անում էին: Անհնար էր ապրել»:

Կոստանյանն ասում է, որ դեպքեր են եղել, երբ իր կինը վախեցել է մուտք մտնել այնտեղ հավաքված շների պատճառով: Դատավորն ասում է, որ դուռը տեղադրվել է օրինականորեն` Կենտրոն համայնքի թաղապետարանի կողմից: Բնակիչ Վիլեն Ատյանը վճարել է դուռը տեղադրելու համար եւ ասում է, որ դրանից մուտքը շահել է: «Մենակ վատ է, որ տղաները զրկվեցին իրենց բիզնեսից»,- ասում է նա: Դատավորն ասում է, որ Քարիմյանները կարող են դոմոֆոնը միացնել իրենց բնակարանին (որը վարձով են տվել «Վիվա Սելլին») եւ օգտվել դրանից մյուս բնակիչների նման, սակայն ինքը չի հանդուրժի, որ ընդհանուր մուտքում խանութ տեղադրեն: «Թող դատի տան` ինձ, թաղապետարանին, մյուս բնակիչներին»,- ասում է Կոստանյանը: Օրենքով դատավորի անձեռնմխելիությունը վերաբերում է քրեական եւ վարչական գործերին, իսկ քաղաքացիականով դատավորին կարելի է դատի տալ: Վահան Քարիմյանը 40 էջանոց բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարություն:

Բողոքը կազմելու ընթացքում Քարիմյանը եւ իրավաբանը հայթայթել են տեղեկություններ, որոնք հարցեր են բարձրացնում դատավոր Կոստանյանի ունեցվածքի առնչությամբ: Դատավորի ֆինանսական կարգավիճակը յուղ է լցնում նրանց կրակին, ովքեր Հայաստանի դատաիրավական համակարգը համարում են անսկզբունքային բախտախնդիրների հանգրվան, ովքեր ծառայեցնում են օրենքը սեփական շահերին եւ իրենց օրենքից վեր են դասում: Ինչպես է դատավորը իր աշխատավարձով այդպիսի ունեցվածքի տեր դարձել:

Կոստանյանը զայրացած պատասխանում է. «Դատավոր մարդ եմ, մի Մերսեդես ունենալու իրավունք չունե՞մ: (Դատավորն ունի մի ծառայողական Մերսեդես եւ մի հատ էլ սեփական` 600SL) Տղաս բժիշկ է, պիտի մեքենա չունենա՞, հը՞: Մյուս որդիս Եվրոպայի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ է, մեքենա չունենա՞»:

Արդարադատության նախարարությունը, ի պատասխան Քարիմյանի բողոքի, հայտնել է, որ հարցը պետք է ներկայացվի համապատասխան իրավական ատյաններին: Ուշադրության է արժանի, սակայն, որ արդարադատության նախարար Հարությունյանը` հանրապետությունում արդարության գերագույն երաշխավորը, Կոստանյանի բարեկամն է: Նա Կոստանյանի որդիների կնքահայրն է, իսկ Կոստանյանի որդիներից մեկը` նախարարի խորհրդականը: Դռան բողոքի առնչությամբ Կոստանյանի ունեցվածքի մանրամասների երեւան գալուց հետո դատավորը հայտարարում է, որ շահերի ոչ մի հակասություն չի տեսնում ոչ իր մասնագիտական եւ ոչ էլ անձնական կյանքում: «Դավիթ Հարությունյանը որդիներիս հարսանիքի քավորն է,- ասում է Կոստանյանը: -Մարդ երեխա ա ունենում, էրեխեն քավոր չունենա՞: Երեխա է ունեցել, մեծացրել, երեխան առանց քավոր մնա՞: Դու քավոր ունե՞ս, էրեխեքդ ունե՞ն: Հիմա դու վաղը գաս ասես` արի էրեխեքիս քավոր եղի, չգա՞մ, հը՞: Դավիթ Հարությունյանը մանկավարժ էր (դպրոցի տնօրեն), երբ ես արդեն աշխատում էի դատական համակարգում (Կոստանյանը 1981 թվականից դատական համակարգում է, եղել է գերագույն դատարանի դատավոր, հետագայում` Մաշտոցի դատարանի նախագահ)»:

Դռան պայքարը սկսում են օգտագործել դատավորի հակառակորդները, եւ այն վերածվում է միջգերատեսչական պայքարի: Դատավոր Կոստանյանի եւ Էրեբունու դատախազի հարաբերություններն այնպես են սրվել, որ նույնիսկ միմյանց գրություններին չեն պատասխանում: (Այս համատեքստում է դիտվում մասնավորապես՝ «Հայոց Աշխարհի» մի հրապարակումը, որը, դռան պատմությանը անդրադառնալով, Կոստանյանին մեղադրում է նաեւ անարդար դատավարությունների, անբարեխիղճ պաշտոնյա լինելու մեջ)։

Հայտնի է նաեւ, որ լարված են գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի հարաբերությունները: Հետեւաբար, դռան գործը բացահայտում է համակարգերի պատերազմը եւ դառնում նրա մի մասը: Վահան Քարիմյանը եւ նրա իրավաբան ընկերը խոստանում են օրերս նոր տեղեկություններ ներկայացնել Կոստանյանի ունեցվածքի մասին: Ընդհանուր առմամբ, ըստ նրանց, Կոստանյանն ունի 1 միլիոն դոլարից ավելի անշարժ գույք: Սակայն այդպիսի կարողությունն արտառոց չէ Հայաստանի դատավորի համար:

www.armenianow.com