Մարտակերտում զինվոր է կորել

24/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրեր առաջ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանը: Նույն զորամասի հրամանատարի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է փոխգնդապետ Սամվել Յաղուբյանը: Մեր տեղեկություններով՝ հրամանատարի պաշտոնազրկման պատճառը կապված է արտակարգ դեպքի հետ: Այս տարվա փետրվարի 3-ին զորամասի ժամկետային զինծառայող, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից բանակ զորակոչված Վարդան Սահակյանն իրեն ամրակցված «Կալաշնիկով» տեսակի ավտոմատով հեռացել է դիրքերից եւ այլեւս չի վերադարձել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ԼՂՀ եւ ՀՀ Ռազմական ոստիկանությանն ու Դատախազությանը հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ որոնողական միջոցառումներ: Հարուցվել է քրեական գործ: Մեր տեղեկություններով՝ նշված քրգործի շրջանակներում կալանավորվել են զորամասի 3-րդ վաշտի 2-րդ գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արամ Խլղաթյանը եւ նույն դասակի ժամկետային զինծառայող 1986թ. ծնված Հրաչյա Ժամհարյանը. վերջինս ծառայության է զորակոչվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի զինկոմիսարիատից: Ենթադրվում է, որ Ա. Խլղաթյանն ու Հ. Ժամհարյանը կորած զինվորի միջադեպի հետ կապված տեղեկությունների են տիրապետում, քանի որ Հ. Ժամհարյանն անհայտ կորած Վարդան Սահակյանին պարբերաբար ստիպել է իր համար սննդամթերք հայթայթել: Փետրվարի 3-ից անհայտ կորած զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները դեռեւս արդյունք չեն տվել: Ի դեպ, Վարդան Սահակյանի դեմ նույնպես հարուցվել է քրեական գործ դասալքության հատկանիշներով: Մեր տեղեկություններով` անհայտ կորած զինծառայող Վարդանի հայրը՝ Մարտիկ Սահակյանը տղային գտնելու նպատակով դիմում է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ Վ. Սահակյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Անհայտ կորած զինծառայող Վարդան Սահակյանի հայրը երեք օր առաջ դիմում է գրել նաեւ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանը: Ըստ մեր աղբյուրների՝ կորած զինծառայողը ծառայության ընթացքում առանձնապես բացասական վարք չի դրսեւորել եւ դեպքից առաջ կոնֆլիկտային իրավիճակների մեջ չի հայտնվել: Նշենք նաեւ, որ Վարդան Սահակյանի զինվորական ծառայությունն ավարտին էր մոտենում, եւ նա պետք է գարնանը զորացրվեր: