Միջազգային բանկային կոնֆերանս Երեւանում

24/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Մարտի 28-30-ը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանցկացվի Առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն (ՀԷԲ): Ինչպես տեղեկացանք ՀԷԲ-ի Ռազմավարության եւ ռիսկերի կառավարման վարչության պետ, կոնֆերանսի կազմկոմիտեի անդամ Անահիտ Սիմոնյանից, կոնֆերանսի հիմնական հովանավորները Եվրամիությունն ու ՀԷԲ-ն են: Հովանավորների շարքում են նաեւ «ICC», «IBSI», «Citigroup», «Grant Thornton Amyot» ընկերությունները, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային լրատվամիջոցներ: Թեեւ տարածաշրջանում ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում սա առաջին միջազգային կոնֆերանսն է, բայց Ա. Սիմոնյանը հույս հայտնեց, որ կհաջողվի այն դարձնել ավանդական: Կոնֆերանսի մասնակիցների թվում են ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Հայաստանի բանկերի միությունը, առեւտրային բանկերը, ՀԷԲ-ի թղթակից արտասահմանյան բանկերը, ներմուծող եւ արտահանող խոշոր հայկական ընկերությունները: Կոնֆերանսի շրջանակներում ելույթ կունենան արտասահմանյան «Citibank N.A.» «Commerzbank AG Frankfurt», «Lloyds TSB Bank PLC» բանկերի, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները, ICC ներկայացուցիչը, իսկ Հայաստանի կողմից` ԿԲ-ի, Ֆինանսների եւ էկոնոմիկայի ու Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների, ՀԷԲ-ի, «Գրանտ Թորնթոն Ամիո» ընկերության ներկայացուցիչները: Կոնֆերանսի անցկացման օրերին արտասահմանյան հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական մշակույթին եւ Հայաստանի տեսարժան վայրերին: