Բողոքում են

24/02/2006

«Մենք մեր բողոքն ենք հայտնում Նախիջեւանում հուշարձանների իբր տեղի ունեցած ավերման վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւի կապակցությամբ»,- ըստ ԱՊԱ գործակալության, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Վերջինիս խոսքերով` Ադրբեջանի Արտգործնախարարությունը եւ պետական այլ կառույցները պատրաստվում են արտահայտել Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նա տեղեկացրել է, թե ներկայումս Արտգործնախարարությունում մշակվում է համապատասխան փաստաթուղթը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի բանաձեւում նշվում է, որ 2002-ին ավերման առաջին դեպքից հետո Ադրբեջանը չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրերում արծարծված կոչին: Բանաձեւում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ջուղայի խաչքարերի ավերումը, Ադրբեջանից պահանջում է թույլատրել, որ մասնագետները եւ Եվրախորհրդարանի պատվիրակները այցելեն Ջուղա եւ տեղում ստուգեն պատահածը: