Աֆրիկյան հանդուրժողականության հայկական հետքը

24/02/2006 Արտակ ՄԱՐՄԱՐՅԱՆ

Իմ գրանցումը քաղաքավարի եւ երիտասարդ ավստրիացի օրիորդը կատարեց ընդամենը մի քանի րոպեում: Անկեղծ ասած, շատ իրեր չունեի. մեկ ճամպրուկ, որ հանձնեցի, եւ մեկ պայուսակ: Շեյկ Մուգարիի (աֆրիկացի լրագրողի) գրանցումը տեւեց ուղիղ 25 րոպե: Այդ ընթացքում բացել տվեցին նրա ճամպրուկները, ստուգեցին իրերը, հուշանվերները, երեք անգամ կշռեցին ճամպրուկը, անձնագիրը գրեթե պատառ-պատառ արեցին` մինչեւ բաց թողեցին…

Շեյկը համբերատար պատասխանում էր բոլոր ստորացուցիչ հարցերին, «սըր» եւ «մեմ» ասում իրենից ավելի վատ կրթությամբ, անգլերենի ավելի վատ իմացությամբ եւ գերմանացու արիական բութ հայացքով եւ շովինիզմից տառապող այդ ծառայողներին: Երբ ամեն ինչ անցած էր, եւ հրաժեշտից առաջ դեռ րոպեներ կային, գարեջրի շուրջ Շեյկին հարցրի, թե ինչու էր այդքան քաղաքավարի:

– Ես երրորդ աշխարհի երկրից եմ, մեզ մոտ բռնապետություն է, ժողովրդավարության մասին կարող է խոսել միայն նախագահը: Բացի նրանից ով խոսի, կմեղադրեն անջատողականության մեջ եւ կգնդակահարեն: Հասկանո՞ւմ ես. ես վայրի երկրի ներկայացուցիչ եմ եւ այն էլ` սեւամորթ: Եվրոպան ռասայականությունը չի հաղթահարել եւ չի էլ հաղթահարի: Դա միայն ֆիլմերում է քվոտավորված տեղ հատկացվում նեգր դերասաններին: Այնպես որ, հպարտանալու կամ իմ իրավունքներին հետամուտ լինելու խնդիր չունեմ: Ես ծնվել եմ հանդուրժող լինելու նախապայմանով: Եթե չլինեմ, ուղղակի չեմ ապրի:

Շեյկին կարեկցանքով հրաժեշտ տվեցի: Ու թռա Մոսկվա, որ հետո էլ գամ Երեւան: Ճակատագրի հեգնանքով ուղիղ 12 ժամ հետո ես նույնչափ ստորացուցիչ հարցման էի ենթարկվում, ինչ Շեյկը Վիեննայում: Ու զարմանում էի:

Զարմանում էի այն հայ պրոֆեսորի վրա, որ կաշառք տվեց Պետերբուրգից ձեռք բերած գրքերն առանձին անցկացնելու եւ դրանք չկշռելու համար, «Օրինաց Երկիր»-ական այն պատգամավորի, որը կնոջ հետ միասին մյուսներին հարցնում էր. «…եթե եկամուտների հայտարարագիրը չես լրացրել, գրպանները ստուգում ե՞ն», այն կանանց, ովքեր երեք ժամ շարունակ մաստակ էին ծամում, երեխաների համար «դուռում» պատրաստում եւ իրենց խոպանչի ամուսինների նման «դեւուշկայով» փորձում կես տոննայանոց ճամպրուկը որպես թեթեւ պայուսակ գրանցել: Այն հայերի, որոնք ռուսերեն էին խոսում, հեռու էին մնում մյուսներից եւ ատելությամբ նայում իրենց հայրենակիցներին, ու որոնք ի վերջո մեկնում էին՝ ցույց տալով նույն անձնագիրը եւ արժանանալով նույն քամահրական վերաբերմունքին:

Հենց այդ ժամանակ ինձ համար պարզեցի, որ մենք Զիմբաբվեի նեգրերից չենք տարբերվում: Թեեւ գուցե նրանք ավելի իրատես են, քան մենք, մեր ազգային ինքնասիրահարվածությամբ: Իրականում մենք էլ սեւամորթ ենք Ռուսաստանում: Որովհետեւ թշվառ, աղքատ եւ վայրի երկրից ենք:

Որովհետեւ մինչեւ այժմ ոչ մի օդակայանում ոչ մի ազգի ներկայացուցիչ այնքան կազմակերպված աղմուկ եւ քաոս չի ստեղծում, որքան մենք: Ոչ մի ազգ այնքան չի խոսում հայրենիքի մասին եւ հետո հայրենիք վերադառնալուն պես այդ հայրենիքը չի աղտոտում: Անգամ Շերեմետեւոյում մերոնք մի քանի րոպե գնում էին, որ ծխախոտի գլանակն աղբամանը նետեին: Զվարթնոցում արդեն թռիչքուղու վրա սկսեցին ծխել:

Ստրուկին հատուկ հանդուրժողականությունը հավաքական բնավորություն է: Ասեմ` ինչու: Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը 70 անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույնը: Խորհրդարանում համոզված են, որ իրենց կողքին նստածները անգրագետներ են եւ հանցագործներ: Նոր սերունդը գիրք չի կարդում: Դպրոցական բարեփոխումները կործանարար են: Ուսուցիչները` թշվառ ու անգրագետ: Գյուղացիները՝ քաղցած: Երկրի կեսից ավելին՝ գործազուրկ: Համայնքի ղեկավարները` անտարբեր: Լրագրողները՝ ինֆանտիլ ու վախկոտ: Մտավորականները՝ հարմարվող եւ քծնող: Հասարակությունը՝ անտարբեր: Այս բոլորը գոյություն ունի՞: Մե՞ր երկրում է: Մե՞ր մասով է: Ու եթե վաղն էլ է լինելու, ուրեմն մենք բոլորս հանդուրժող ենք:

Ընդդիմանալն ու պահանջելը նոր որակի քաղաքացու բաներ են, նոր սերնդի: Այն սերնդի, որը բարդույթավորված չէ երկու հասարակարգերի համեմատական վերլուծությամբ, նախնյաց անցյալով կամ առասպելական ապագայով: Որ ինքնախաբեությամբ չի տառապում: Որ չի խաբում՝ թե Ռուսաստանում երեք սիրուհի ունի, Լոս Անջելեսում` երկու առանձնատուն, իսկ Ֆրանսիայում՝ բնակարան: Որ ցանկանում է ապրել քաղաքակիրթ՝ չխոսել եվրոպական արժեքներից, այլ դա դարձնել կյանքի անքակտելի մաս: Որ ունի սթափ ուղեղ, բարեկրթություն, եւ որ նույնիսկ մաստակ ծամելիս կամ հերթ կանգնելիս չի կորցնում արժանապատվությունը:

Վերջ: