«Նոր երկիր»-ում դժգոհ են

24/02/2006 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«168 Ժամ»-ում փետրվարի 21-ին տպագրված «Ես դեմ եմ ռեգիոնալ խմբավորումների ստեղծմանը» հրապարակման առնչությամբ, որ վերաբերում էր «Նոր երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի Վանաձոր կատարած այցին, զանգահարեց կուսակցության տեղական մասնաճյուղի «Նախաձեռնող խմբի» անդամներից Հ. Կարապետյանը եւ դժգոհություն հայտնեց հրապարակման առնչությամբ: Վերջինս, հաստատելով հանդերձ, որ դահլիճի մուտքը եղել է հրավիրատոմսերով, պարզաբանեց, որ «դա արվել է էթիկայից ելնելով, հրավիրատոմսերը տրվել են համակիրներին, բայց դահլիճի դռների վրա մարդ չի եղել կանգնած» (Հետաքրքիր է, եթե շարքային վանաձորցիները տեղեկացված չեն եղել նոր հիմնադրվող կուսակցության ժողովի կայացման մասին, ինչպե՞ս կարող էին ենթադրել, որ «դռների վրա մարդ չկա», եւ որ մուտքը ազատ է եղել: Ի դեպ, պարոն Թումանյանն ինքն էլ Վանաձորի «Լոռի» հեռուստատեսությամբ հավաստեց, որ հանդիպումը եղել է համակիրների հետ: Զարմանալի է, որ դահլիճի գերակշիռ մասը կազմող պետական համակարգի պաշտոնյաները, լինելով տարբեր կուսակցությունների անդամներ, «Նոր երկրի» համակիրներ էին): Հ. Կարապետյանը նաեւ դժգոհեց, թե ինչո՞ւ է հոդվածագիրը նշել, որ Ա. Թումանյանը (որի աշխատանքային եւ քաղաքական կենսագրությունը սկսվել է Վանաձորից, որտեղից նա 90-ականներին ԳԽ պատգամավոր էր ընտրվել) հազվադեպ էր Վանաձոր այցելում. «Ինչի՞, Ռոբերտ Քոչարյանը ամեն ամիս Ղարաբաղ ա՞ գնում»:

Իսկ Վանաձորի վթարային շենքերի բնակիչներն էլ դժգոհեցին, թե ինչո՞ւ Ա. Թումանյանի այցի մասին տեղեկացված չեն եղել, մինչդեռ իրենք հարցեր ունեին ուղղելու նրան՝ որպես «Լինսի» ծրագրերը համակարգող պաշտոնյայի. մասնավորապես, ինչո՞ւ այդ գումարներից հատկացումներ չեն արվում Վանաձորի երկրաշարժից տուժած, 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 84 շենքերից գոնե ամենաողբերգական վիճակում գտնվողների ամրացման կամ վերանորոգման համար: Արդեն 17 տարի է, այդ շենքերը սպասում են իրենց ճակատագրին: Մի կենսաթոշակառու էլ, նկատի ունենալով առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, դժգոհեց. «Թաքուն-թաքուն գալիս-գնում են, չենք էլ կարողանում բռնացնենք՝ մի հարց տանք»: