«2×2»-Ի շենքը մի քիչ վթարային

24/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հիշեցնենք, որ հրապարակումն այն մասին էր, որ «2×2» բար-դիսկոտեկը կառուցելուց հետո այդ շենքի սեյսմակայունությունը խաթարվել էր եւ այն դարձել է երրորդ աստիճանի վթարային: Կ.Անտոնյանը մեզ ներկայացրեց «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ կողմից 2000, 2001 եւ 2002 թվականներին կատարած ուսումնասիրությունների եզրակացությունները: Նշենք, որ «2X2» բարի կառուցումը սկսվել է 1998 թվականից: 2000թ. մայիսի 26-ին տրված եզրակացության մեջ նշված է, որ «Հետազննումից պարզվեց, որ կրող պատերում անթույլատրելի ճաքեր եւ դեֆորմացիաներ չկան, վիճակը գնահատվում է բավարար: Ելնելով կրող կոնստրուկցիաների եւ ամբողջ շենքի փաստացի վիճակից` տեխնիկապես հնարավոր է «2X2» բարի նկուղում եւ երկրորդ հարկում իրականացնել նոր բացվածքներ՝ տարածքները միմյանց հետ հաղորդակցելու նպատակով»: Այս եզրակացության մեջ նաեւ նշված է, թե բացվածքներ կատարելու համար շինարարական ինչ տեխնոլոգիաներ է պետք օգտագործել: Ինչպես տեսանք, այստեղ նշված էր, որ «անթույլատրելի ճաքեր չկան», բայց նշված չէր, որ ճաքեր ընդհանրապես չկան: Համենայնդեպս, նշված է, որ շենքի վիճակը կայուն է: Ուղիղ մեկ տարի հետո` 2001թ. մայիսի 18-ի եզրակացության մեջ, «Հայսեյսմշինի» մասնագետները նշում են, որ ««2X2» համալիրից վերեւ գտնվող հարկերում առկա են թեք եւ ուղղաձիգ ճաքեր մինչեւ 0,3մմ բացվածքով, ճաքեր կան նաեւ որոշ միջնորմներում»: Իսկ 2002թ. տրված «Խանջյան 31 շենքում գտնվող «2X2» ռեստորան-բարի հատվածամասի տեխնիկական վիճակի վերաբերյալ» տեղեկանք կազմողներն էլ նշում են, որ շենքի պատերին ճաքեր եւ դեֆորմացիաներ կան: «Հայսեյմսշինի» փոխտնօրեն Ա.Արզումանյանն էլ ընդունում է, որ պատերին ճաքեր կան, որոնք առաջացել են կատարված բացվածքների պատճառով, սակայն նա համաձայն չէ Կ.Անտոնյանի հետ, թե շենքի վիճակն օրհասական է: «Հետազոտությունների նպատակով շենք այցելելու առաջին իսկ օրը հանձնաժողովը համոզվեց, որ վտանգի մասին աղաղակող առավել ակտիվ բնակիչների մոտ առաջին պլանում ոչ թե շենքի ճակատագրով անկեղծ մտահոգությունն է, այլ հարցի շուրջ առավել մեծ աղմուկ բարձրացնելը»: Այս տեղեկանքի մեջ նշված է նաեւ, որ «Խանջյան 31» շենքի վերականգնման համար տրվել են մանրամասն հանձնարարականներ: «2X2»-ի սեփականատեր Գյուլնարա Բարսեղյանը (պատգամավոր Արմեն Պուրտոյանի մայրը) տեղեկացրեց, որ վերականգնման աշխատանքներն իրականացվել են, եւ կատարված բացվածքների մասում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներով ամուր հենասյուներ: Վերականգնողական աշխատանքներ իրականացվել են նաեւ շենքի որոշ բնակարաններում: Բայց մի քանի բնակիչներ թույլ չեն տվել, որ այդ աշխատանքներն իրենց բնակարաններում էլ կատարվեն:

«Նրանք հիմնավոր վերանորոգում չեն իրականացրել,- ասում է Կ.Անտոնյանը: -Այդ ճեղքերի վրա կլեյ են քսել ու ներկել են: Ես այդպիսի վերանորոգում թույլ չեմ տա իմ բնակարանում: Նրանք պետք է շենքը հիմքից վերանորոգեն: Չեն անում, որովհետեւ դա հսկայական ծախսերի հետ է կապված»:

Իսկ բարի սեփականատեր Գ.Բարսեղյանն ասում է, որ իրենք այդ շենքի նկուղը ժամանակին հիմնավոր վերանորոգել են: Ի դեպ, «2X2»-ը զբաղեցնում է երկու բնակարանների տարածքի չափով երեք հարկ՝ նկուղը եւ առաջին երկու հարկերը, նաեւ` Խանջյան փողոցի կողմից կցակառույց: Այդ երեք հարկերն էլ վերանորոգված են, եւ սեփականատիրոջ ասելով` վեց տարուց ավելի է, նոր վերանորոգում չի եղել: Պատերի մի մասը երեսպատված էր կերամիկական սալիկներով ու հայելիներով, իսկ մյուս մասի վրա կային միկրոճաքեր: 2002թ. տրված տեղեկանքի մեջ «Հայսեյսմշին» ընկերության մասնագետները նշում են, որ պատերին ամրացված սալիկները եւ հայելիները շատ զգայուն են դեֆորմացիաների ու ճաքերի նկատմամբ: Եթե իրոք, շենքի վիճակն օրհասական լիներ, ապա այդ սալիկներն ու հայելիներն անպայման կթափվեին: Իսկ Գյուլնարա Բարսեղյանն ասում է, որ այդ շենքում իրենք էլի բնակարան ու օբյեկտ ունեն:

«Մենք ի՞նչ է, մեր թշնամի՞ն ենք, որ մեր ունեցածը քանդենք,- ասում է Գ.Բարսեղյանը: -Էդպիսի բան լսե՞լ եք: Բարից հետո այդ շենքում մենք բնակարան ենք գնել: Եթե շենքի վիճակն այդքան վատ լիներ, ես այդ քայլին չէի գնա: Հակառակը, բարից հետո, մենք ամրացրինք այդ շենքը, նկուղում մարդաբոյ ջուր կար, ու արդեն քանդվում էր, կոյուղաջրերն ու խմելու ջրերը լցվում էին մեջը: Մենք մաքրեցինք այդ տարածքը, գծերը վերանորոգեցինք ու պատերն ամրացրինք: Այս շենքը բաղդադից է, հասկանո՞ւմ եք, դա ինչ է նշանակում: Այսինքն` ներսի պատերը փայտից, ծղոտից ու ցեխից են: Մենք մեծամասամբ քանդեցինք ու ցեմենտ-բետոն արեցինք: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են բողոքում: Տարիներ առաջ երբ նրանք բողոքում էին, որ դիսկոտեկն աղմկում է եւ խանգարում, մենք հասկացանք ու փակեցինք: Հիմա սրճարանն է աշխատում»:

Կ.Անտոնյանի ասելով` «2X2»-ի սեփականատերերը նպատակ ունեն այդտեղի բնակարանները շուկայականից էժան գներով գնել:

«Ես բոլորովին մտադիր չեմ իմ բնակարանը վաճառել,- ասում է նա: -Ես պետք է իմ հայրական տանն ապրեմ, հետո՞ ինչ, որ նրանք այս շենքում բնակարան ու օբյեկտներ ունեն»:

Իսկ «2X2»-ի սեփականատերերն էլ փորձում են հավատացնել, որ Կ.Անտոնյանն է ուզում իր բնակարանը շուկայականից թանկ գնով իրենց վրա վաճառել:

«Նա անընդհատ մեզ վրա բողոքում ու դժգոհություններ է առաջացնում,- ասում է Գ.Բարսեղյանը: -Մեզ առաջարկել է, որ իր տունը կրկնակի թանկ գնով գնենք, ու իր բողոքներով անընդհատ մեր վրա շանտաժներ է անում: Ես չեմ ուզում նրա տունը գնել, դա ինձ պետք չէ: Հասկացեք, այս շենքը հին է ու բաղդադից է, դա չի կարող շատ ամուր լինել: Մենք նրան առաջարկել ենք վերանորոգել բնակարանը, եթե ճաքերը մեր շինարարության պատճառով է եղել, բայց նա չի համաձայնել»:

Ստեղծվել է Երեւանի գրեթե բոլոր շենքերին հատուկ մի սովորական իրավիճակ. բնակիչը բողոքում է, մեղադրվողն արդարանում է եւ ասում, որ իրենք այդտեղ սեփականություն ունեն եւ անում են հնարավոր ամեն ինչ, որ շենքն ամուր մնա: Այս իրավիճակում դժվար է հասկանալ, թե կողմերից ո՞րն է ճիշտ, մանավանդ, որ իրարամերժ են նաեւ պետական կառույցների մեկնաբանությունները: «Հայսեյսմշինն» ասում է, որ վիճակն այնքան օրհասական չէ, որքան փորձում են ներկայացնել: Քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը մեր նախորդ հոդվածում միտք էր հայտնել, որ «ունի քաղաքաշինական հետաքրքրության օբյեկտ, որը ենթակա է ամրացման»: Իսկ քաղաքապետարանից ընդհանրապես հնարավոր չեղավ որեւէ մեկնաբանություն ստանալ: Ու այսպիսի խճճված ու բարդ իրավիճակի պայմաններում բնակելի շենքերի հետ կապված խնդիրներն օրեցօր ավելանում են Երեւանում: