Այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ցխինվալյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների փոխարինման մասին, տարածաշրջանում իրավիճակը ծայրաստիճան սրվեց: Եվ չնայած վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը կլուծեն խաղաղ ճանապարհով, անջատողական իշխանությունները նրանց չեն հավատում:
Ըստ այդմ, հարց է ծագում՝ քանի որ չեն հավատում, նշանակում է` պատրաստվում են պատերազմի, իսկ որքանո՞վ կարող են նրանք պատրաստ լինել, եւ ի՞նչ ուղղությամբ կարող են զարգանալ դեպքերը: Այդ հարցերին պատասխանում է քաղաքագետ Պաղատա Զաքարեիշվիլին:
– Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանները ոչ մի լուրջ ռազմական ներուժ չունեն: Խոսքը, բնականաբար, վրացական բանակի ներուժի համեմատությամբ է: Նրանք՝ իրենք են հակառակն ասում: Բայց դա ընդամենը խորամանկություն է: Եթե ինչ-որ զինված գործողություններ սկսվեն, ռուսական զորամիավորումները կկռվեն իրենց կողմից, այսպես ասած, առանց հրապարակելու, իսկ ռուսներն՝ իրենք, կասեն, որ աբխազները եւ օսերը կռվում են առանց դրսի օգնության: Իրականում ռուս-վրացական սահմանի աբխազյան եւ օսական հատվածները վերահսկում են ռուսական սահմանապահները, մերոնք այնտեղ մուտք չունեն: Եվ այդ շրջաններ, շատ տարիների ընթացքում բերվում են շատ տարատեսակ զենքեր եւ դեռ ավելի շատ կբերվեն, եթե զինված գործողություններ սկսվեն, որպեսզի վրացական բանակին առավելագույն դիմադրություն ցույց տրվի: Եվ կփորձեն ողջ աշխարհին ցույց տալ, որ Վրաստանն ի վիճակի չէ լուծել իր տարածքային հակամարտությունները ոչ խաղաղ, ոչ էլ ռազմական ճանապարհով: Դրանից հետո Վրաստանը նորից դեմառդեմ կմնա Ռուսաստանի հետ, որը նորից իր միջնորդական ծառայությունները կպարտադրի եւ իր խաղաղապահներին կտեղակայի:
– Որքանո՞վ է լուրջ դե ֆակտո իշխանությունների աջակցությունը տեղի բնակչությանը, որը, միջնորդների գնահատմամբ, պատերազմի դեպքում «թնդանոթի թիրախ» կդառնա:
– Աբխազների եւ օսերի մեծամասնությունը խորապես համոզված է, որ վրացիները թշնամիներ են, եւ միայն մտածում են այն մասին, որպեսզի կոտորեն աբխազներին եւ օսերին: Այդպիսի համոզմունքը ծնում է մի այլ համոզմունք՝ անհրաժեշտ է բոլոր ուժերով պաշտպանել սեփական հայրենիքը եւ մարդկանց, պաշտպանվել մինչեւ արյան վերջին կաթիլը: Նրանք դեռ թարմ հիշողություններ ունեն նախորդ պատերազմներից: Տեղական քարոզչությունը նրանց գիտակցության մեջ արմատավորել է, որ վրացիները ցեղասպանություն են իրագործել:
– Ցխինվալին եւ Սուխումին խոսում են պատերազմին պատրաստ լինելու մասին: Իսկապե՞ս դա կապված է Թբիլիսիի սպառնալիքների հետ, թե՞ դա ռուսական խաղաղապահներին հակամարտության գոտիներում պահելու կամպանիա է:
– Դա, նախեւառաջ, կապված է խաղաղապահների դուրս բերման թեմայի հետ: Ռուսները չեն ուզում հեռանալ: Այդ պատճառով նրանք միջազգային հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ Վրաստանը պատերազմի է պատրաստվում: Հնարավոր է, վրացական կառավարության որոշ անդամներ ուզում են պատերազմ, բայց նրանք հասկանում են, որ դա հնարավոր չէ: Մեր դժբախտությունն այն է, որ մեզ համար «խաղաղություն» հասկացությունը բացարձակ արժեք չի հանդիսանում: Մեր քաղաքական գործիչներին թվում է, որ իրենք ինչքան շատ բռունցք թափահարեն, աբխազներն ու օսերն այնքան շատ կվախենան իրենցից: Բայց նրանք չեն վախենում, քանի որ նրանց հետեւում մեծ եւ հզոր պետություն է կանգնած:
– Ինչ վերաբերում է բռունցքներին, ապա այս պարագայում եւս մեր բանակում ամեն ինչ այնքան էլ բարվոք չէ, քանի որ հեռացված է զինված գործողություններ վարելու փորձ ունեցող մարդկանց մեծամասնությունը:
– Ես, չնայած ռազմական փորձագետ չեմ, բայց հավատում եմ այն մասնագետներին, ովքեր ասում են, որ Վրաստանը կարող է լայնածավալ արդյունավետ պատերազմ վարել մեկ շաբաթից ոչ ավելի: Մեկ շաբաթից ավելի երկիրը, որը տնտեսական լուրջ փորձություններ, հումքային դժվարություններ է կրում, պատերազմել չի կարող: Վրաստանում չեն աշխատում գործարանները, ֆաբրիկաները, բոլոր եկամուտները կապված են առեւտրի հետ, եւ պատերազմի համար անհրաժեշտ միջոցներ չկան: Ռուսաստանը շահագրգռված է շարունակական պատերազմով եւ կփորձի Վրաստանին ներքաշել ձգձգվող պատերազմի մեջ, եթե այդպիսին սկսվի, կոտրել նրան տնտեսապես, որից հետո կիրագործի վրացական պետության «ապամոնտաժումը»: Այդ պատճառով նրանք, ովքեր խոսում են աբխազյան եւ ցխինվալյան հիմնախնդիրները ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, ծառայում են ռուսաստանյան շահերին: Բացի այդ, մենք պետք է հասկանանք, որ ռազմական գործողություններ սկսելու դեպքում կզրկվենք Արեւմուտքի օժանդակությունից եւ օգնությունից: Այսօր մեր բանակն Օքրուաշվիլու ձեռքում շանտաժի գործիք է Սահակաշվիլու դեմ: Այն, որ զենքը, պատկերավոր ասած, գտնվում է Օքրուաշվիլու ձեռքում՝ շատ լուրջ գործոն է Սահակաշվիլու դեմ: Դա հասկանում է նաեւ ինքը եւ փորձում է ինչ-որ ձեւով չեզոքացնել նախարարին «իր մարդու» միջոցով: Թավթուխաշվիլուն գվարդիայի հրամանատար նշանակելու փորձը չստացվեց: Այժմ երկրորդ փորձն է՝ Իմերեթի շրջանի նախկին նահանգապետ Ակակիա Բոբոխիձեին գվարդիայի հրամանատար նշանակել, որը «Ազգային շարժման» հայտնի ներկայացուցիչ է, բայց ռազմական կրթություն չունի: Այդ դեպքում կուսակցական ֆունկցիոներների՝ բանակային կառույցներ գալը կհիշեցնի «Մխեդրիոնիի» պատմությունը. քաղաքական կուսակցությունը կդառնա ռազմական ձեւավորում:
www.mediadialogue.org