Երկու ամիս անց՝ կրկին անհայտությո՞ւն

24/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում անօթեւանների թիվը ոչ ոքի հայտնի չէ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասում է. «Մենք չգիտենք՝ այսօր քանի անօթեւան կա, սակայն եթե հավատանք որոշ լրատվամիջոցների հետաքննության արդյունքներին, նրանք 100-ից շատ են»:

Արդեն մեկ ամիս է՝ նախարարությանը պատկանող Չորրորդ գյուղի թիվ 1 տուն-ինտերնատին կից գործում է Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնը: 2006թ. համար պետությունն այս կենտրոնին 89 մլն դրամ է հատկացրել: «Այդ գումարից 51մլն-ը նախատեսված է շինվերանորոգման աշխատանքների համար»,- պարզաբանում է տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը: Կենտրոնին հատկացվել է առանձին մասնաշենք, որը հիմնավոր վերանորոգման կարիք ունի: Առայժմ կոսմետիկ վերանորոգման են ենթարկվել 2-3 սենյակներ, ստեղծվել են կեցության տարրական պայմաններ, եւ հունվարի 20-ից սկսած կացարանն ընդունել է առաջին բնակիչներին: Այստեղ արդեն ապաստանել են 29 անօթեւաններ՝ 4 կին եւ 25 տղամարդ: Յուրաքանչյուրի համար օրական նախատեսված է 3400 դրամ: Այս գումարի մեջ մտնում է նաեւ այն 17 աշխատողների վարձատրությունը, ովքեր սպասարկում են կենտրոնի բնակիչներին: «Նրանց հետ աշխատում են բժիշկներ, հոգեբան, իրավաբան, որոնք բավականին մեծ աշխատանք են կատարում՝ սկսած այդ մարդկանց համոզելուց ու այստեղ բերելուց՝ մինչեւ նրանց փաստաթղթային հարցերը կարգավորելուց, քանի որ, որպես կանոն, նրանք անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չեն ունենում»,- ասում է տնօրենը: Այս մարդիկ դժվարությամբ են ընդունում անօթեւանների կենտրոնում բնակվելու առաջարկությունները: «Ինչքան էլ մենք նրանց վստահեցնում ենք, որ այստեղ իրենց իրավունքները չեն ոտնահարվի, միեւնույն է, նրանց մեջ վախ կա, վախենում են, թե կկորցնեն իրենց ազատությունը, ուստի հաճախ, երբ մեր աշխատակիցներն ինչ-որ տեղ անօթեւան մարդկանց են գտնում, հոգեբանի հետ միաժամանակ մենք նրանց մոտ ենք ուղարկում նաեւ կենտրոնի բնակիչներից մեկին՝ եթե մեր աշխատակցին չհավատան, գոնե իրենց նմանին կհավատան ու կօգտվեն այս հնարավորությունից»,- ասում է Դ.Շահբազյանը: Կենտրոն տեղափոխված անապաստաններից երկուսը տուբերկուլյոզով հիվանդ են եղել, նրանց տեղավորել են հատուկ հիվանդանոցում: Առհասարակ այս մարդիկ նաեւ դժվար են համաձայնում բուժզննության ենթարկվել, նրանք ընդհանուր կացարանում բնակվում են միայն հիմնավոր բուժզննություն անցնելուց հետո, եթե առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվում: Անօթեւանների կենտրոնը լքելու երեք դեպք է առայժմ գրանցվել. երկուսին հարազատներն են տուն տարել, մեկն էլ՝ թափառաշրջիկի ազատությունը գերադասել է կենտրոնի կանոնիկ կյանքից: Նույնը հաստատում էին նաեւ բնակիչները. միակ բանը, որ արգելվում է կենտրոնի բնակիչներին, ալկոհոլի օգտագործումն է: Մնացած բոլոր հարցերում ազատ են, կարող են ազատ ներսուդուրս անել, տնօրինել իրենց ազատ ժամանակը: Եթե կարողանան աշխատանքի տեղավորվել, կենտրոնը պատրաստակամություն է հայտնում կացարանից չզրկել: Սակայն այդ «երանությունն» անսահմանափակ ժամկետով չէ. կենտրոնում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի մնալ երկու ամսից ոչ ավելի: Այս ժամանակահատվածում նրանք ստանում են բժշկական, հոգեբանական օգնություն, քանի որ մեծ մասն ինքնությունը հաստատող փաստաթղթեր չունի՝ այս խնդիրն էլ է կենտրոնը լուծում, սակայն երկու ամիս անց պարտավոր են իրենք իրենց մասին հոգալ: Նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասում է, որ փորձելու են նաեւ նրանց աշխատանքի տեղավորել, աշխատում են նաեւ հարազատներին գտնելու ու փոխադարձ կապ հաստատելու ուղղությամբ: «Տարեցներին մենք հետագայում կփորձենք տեղավորել ծերանոցներում»,- ասում է նա: Մնացածն այստեղից դուրս գալուց հետո հավանաբար նորից կհայտնվեն փողոցում: Ա. Գեւորգյանն ասում է՝ «Մենք պատրաստ ենք նրանց երկրորդ, երրորդ անգամ ընդունել մեզ մոտ՝ մինչեւ դրա կարիքն այլեւս չեն ունենա»: Սակայն կացարանն առայժմ նախատեսված է ընդամենը 30 հոգու համար: Հետագայում կենտրոնի հնարավորությունները գուցեեւ ընդլայնվեն, սակայն տնօրենի ենթադրությամբ, հաջորդ տարվանից հավանաբար կկրճատվի նրանց հասանելիք օրական ծախսաչափը. «Հետագայում կպակասեն նաեւ այն ծախսերը, որ արվում են նրանց հայտնաբերելու, կենտրոն տեղափոխելու եւ փաստաթղթային խնդիրները լուծելու համար, ուստի, կարծում եմ, օրական բյուջեն 3400-ից կնվազի»: Այժմ նրանք տաք սենյակներում են քնում եւ սնվում են օրական 3 անգամ: Ճաշերից չեն դժգոհում: «Նույնիսկ տոլմա ենք ուտում»,- ասում են: Միայն սուրճն ու ծխախոտն է քչություն անում: Ունեն բաղնիք, լվացքատուն: Կենվորներից շատերի հարազատները տեղյակ չեն, թե նրանք որտեղ են գտնվում: «Կինս ու երեխաներս կարծում են, թե ես վարձով եմ ապրում, չեմ ուզում իմանան, որ այստեղ եմ»,- ասում էր նրանցից մեկը: 35-ամյա Կարմենն այստեղ է տեղափոխվել լրագրողների օգնությամբ: Շատ գոհ է: «Առավոտյան վեր եմ կենում՝ դե ի՞նչ պետք է անեմ՝ տան գործերով եմ զբաղվում, սենյակն եմ հավաքում-կարգի բերում, հետո մի բանով զբաղվում ենք, էլի»,- ասում է Կարմենը: Կանանց ու տղամարդկանց սենյակներն առանձին չեն: Չեն դժգոհում: «Բա ինչ պիտի անենք, յոլա պիտի գնանք»,- ասում է Սերոժը: «Երեք զույգ ունենք, դե որ համարյա մարդուկին են, ուղղակի գրանցված չեն դեռ, հենց շենքի վերանորոգումն ավարտվի ու հավելյալ սենյակներ ունենանք՝ զույգերին առանձին սենյակներ կտրամադրենք»,- ասում էր կենտրոնի աշխատակիցներից մեկը: Իսկ մինչ այդ համերաշխ ապրում են նույն սենյակում, որտեղ, կողք կողքի շարված 9-10 մահճակալներից բացի, կա նաեւ հեռուստացույց: Մահճակալների միջեւ տարածությունը մոտ մեկ մետր է: Նույն սենյակում ապրում է նաեւ Բոյ անունով շնիկը, որ իրենց թափառումների ու անտանիք գիշերների հավատարիմ ուղեկիցն է եղել: Գորշ սենյակի միակ գունագեղ անկյունը Կարմենի անկողնու մոտ գտնվող պատի խորշն է, ուր Կարմենը սրբապատկերներ ու խաչ է դրել, կոկիկ դասավորել իր իրերը՝ արդուզարդի պարագաներ, տիկնիկներ: Կարմենը 35 տարեկան է, փողոցում է հայտնվել, երբ խորթ ծնողները բնակարանի խնդրում տարաձայնություններ են ունեցել: 31-ամյա Մուշեղն էլ Ալավերդիից է Երեւան եկել բախտ որոնելու, Ալավերդիի հայրական տունը ծնողները կտակել են փոքր եղբորը, Մուշեղը գնալու տեղ չունի, մեջների հաջողակը երեւի ինքն է, որ հիմա նաեւ աշխատանք ունի՝ աշխատում է հացի փռում: Մնացածներն էլ դեմ չեն աշխատել, եթե աշխատանք գտնվի իրենց համար: