Երիտասարդ կինոբեմադրիչ Արտակ Սեւադան (Գրիգորյանը) ապրում է ԱՄՆ-ում: Ֆիլմ է նկարահանել, որը թեեւ հայ հանդիսատեսին անծանոթ է, սակայն հայկական կինոարվեստի համար շատ խորհրդանշական կարող է լինել: Փոքր ֆորմայի, կարճամետրաժ ու սակավաբյուջե ֆիլմեր նկարահանելու համար ոչ մեծ ներդրումներ, ոչ էլ ներդրողներից կախվածություն է պետք: Միայն գաղափարներ եւ ցանկություն է անհրաժեշտ, քանի որ, բարեբախտաբար, թվային տեխնիկայի տարածումը թույլ է տալիս նկարահանման պրոցեսը անհամեմատ ավելի էժան դարձնել: Նվնվալն ու ֆինանսական աջակցության պակասից բողոքելը Արտակ Սեւադայի խառնվածքին դեմ է: Նա լավ գիտի իր անելիքը եւ իր արժեքը: Ամերիկան նրան շատ բան է տվել, բացի կինոկրթությունից, նաեւ սովորեցրել է աշխատել: Նա նկատել է, որ հայ երիտասարդները սովոր են իրենց կյանքը միայն կեսօրից սկսել եւ ուշադրություն չեն դարձնում իրենց կողքին կատարվածի վրա: Իսկ կյանքը այնքան նոր թեմաներ ու գաղափարներ է տալիս, որոնք հիանալի նյութ կարող են դառնալ յուրաքանչյուր արվեստագետի համար: Իր առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Միկոշը», Սեւադան աբստրակտ ոճի է համարում: Ֆիլմի հերոսը մի կոշիկ է, որն ըստ Սեւադայի գաղափարի` իր զույգին է փնտրում: «Ինչպես ցանկացած մարդ»,- նկատել է նա: Առանց զույգի կոշիկը ոչ մեկին պետք չէ: «Հին, բայց շատ հարազատ կոշիկն այսօրվա Հայաստանի նման է: Հարազատ, հարմար եւ քո հագով կոշիկը չես փոխի նորի հետ: Նորին պետք է սովորես, նորը սկզբում ոտքդ պիտի սեղմի, իսկ հնից հրաժարվել չես համարձակվում ու չես էլ ուզում»,- ասում է «Միկոշի» հեղինակը: Իսկ այդ մեկ բազմաչարչար ու մաշված կոշիկը վերջում գտնում է իր դերն ու տեղը, հանդիպում է միոտանի թափառական, անտուն մարդուն եւ ավարտում է իր դեգերումների ու որոնումների ճամփան: Ոտքն ու կոշիկը գտնում են իրար: «Սա շատ սենտիմենտալ, չապլինյան թեմա է` իրի եւ մարդկային հարաբերությունների մասին»,- ասում է Արտակը, ով իր այդ տասներեք րոպեանոց ֆիլմն անցյալ տարի Տիրանայի Միջազգային կինոփառատոն է ուղարկել եւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում գրան-պրի շահել: «Միկոշը» բավականին աշխույժ փառատոնային ճակատագիր է ունեցել եւ ցուցադրվել է տարբեր կինոմրցույթներում: Հայաստանում այդ ֆիլմին ծանոթ չեն, Արտակը ցանկություն ունի իր «Միկոշն» առաջարկել այս տարվա «Ոսկե ծիրանին»: Սիմվոլիկ ու զգացմունքային այս պատմությունը հեղինակին նաեւ նոր ֆիլմեր նկարահանելու հնարավորություն է տվել: Ալբանիայում ստացած 25.000 դոլարով նա միանգամից երկու ֆիլմերի նկարահանում է նախաձեռնել: Նկարահանումները Հայաստանում են ընթացել. դա Արտակի համար սկզբունքային խնդիր է: Մի քանի օրից նա կրկին Ամերիկա կվերադառնա եւ կմոնտաժի դրանք:
– Ի՞նչ դերասաններ էին խաղում «Միկոշում»:
– Իմ առաջին ֆիլմում ոչ մի պրոֆեսիոնալ դերասան չի խաղացել: Դերասանները հիմնականում դերասանություն են անում, իսկ իմ ֆիլմին դա պետք չէր: Թատերական աշխարհից եկած մարդկանց նայելով, որոշեցի, որ դերասան հարկավոր չէ:
– Իսկ ովքե՞ր են նոր ֆիլմերի հերոսները:
– Մեկ ֆիլմը կարճամետրաժ է եւ կոչվելու է «Պարան», բնականաբար, հերոսը պարանն է լինելու: Իսկ մյուսը համարյա թե լիամետրաժ է եւ կոչվելու է կամ «Իբրեւ սկիզբ», կամ «Իբրեւ ավարտ», կարծում եմ` այդ անվանումները մեծ հաշվով նույն նշանակությունն ունեն:
– Պարանը երեւի իր հարմար պարանոց է փնտրելու…
– Եթե այդպես ասենք, շատ սենտիմենտալ ու հիմար բան կթվա, սակայն դրա տակ շատ կարեւոր պլատֆորմեր կան, որոնք աշխատում են: Ֆիլմի գլխավոր դերում Միքայել Պողոսյանն է:
– Չե՞ք կարծում, որ հայ հանդիսատեսին ավելի պարզ, բարի, հասկանալի ու զգացմունքային ֆիլմեր են պետք:
– Ֆիլմը պետք է իսկական լինի, այսինքն` իրական մարդկանց մասին: Վերամբարձ խոսքերն ավելորդ են: Դա իմ անձնական կարծիքն է: Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում մարդկանց առօրյան, գյուղը, հասարակ, անկեղծ մարդը: «Իբրեւ սկիզբ» ֆիլմի մի սյուժետային գիծը 1936 թվականի հայկական գյուղն է, այնտեղ տիրող աղքատությունը, սովը: Հասարակ գյուղացուն ես ավելի եմ սիրում, քան իրեն ինտելիգենտ ձեւացնող քաղաքի մարդուն: Ֆիլմի մյուս գիծը մնջախաղն է լինելու, մնջախաղային մի ներկայացում է բեմադրվելու, որը կապվելու է նաեւ գյուղի հետ: Ներկայացման բեմադրիչի եւ միաժամանակ` գյուղացու դերերը Սերգեյ Դանիելյանն է կատարելու: Գործողությունը եւ իրական է լինելու, եւ բեմում է կատարվելու: Ֆիլմում զուգահեռներ են լինելու` ինչպե՞ս է այսօրվա ինտելիգենտն այն ժամանակվա գյուղացուն վերաբերվում, եւ` հակառակը:
– Ամերիկայի խոշոր կինոստուդիաներում աշխատե՞լ եք:
– Ես մեկուկես տարի աշխատել եմ Worner Brothers կինոստուդիայում որպես production assistant: Հոլիվուդյան կինոստուդիաներ մտնելը դժվար չէ, դժվարն այնտեղ աշխատելն է: Պատճառն ազգային պատկանելությունն է. մեզ բնորոշ շատ գծեր չեն ընդունվում նրանց կողմից եւ, բնականաբար, խտրականություն է դրվում: Եթե տասը ռեժիսոր պետք է գան աշխատելու, որոնցից մեկը հայ է, իսկ մյուսը սեւամորթ է, բնականաբար, աշխատելու հրավեր կստանա մնացած ութ յանկիներից մեկը: Սցենարը ստուդիան է տրամադրում եւ ընտրելու է այն ռեժիսորին, ով ամերիկյան հարաբերություններից ավելի լավ է հասկանում:
– Բայց նաեւ կողքից հայացք կա:
– Նրանց չի հետաքրքրում այդ կողքից հայացքը: Դա վտանգավոր է, քանի որ ֆիլմի արտադրությունը մեծ ներդրողներից է կախված, որոնք գումար կորցնել չեն ցանկանում: Ես որոշեցի չաշխատել մեծ ստուդիաներում, քանի որ ինձ հեղինակային կինոն է գրավում:
– Համաձա՞յն եք, որ արվեստի մարդուն լավ գործ ստեղծելու համար անպայման պետք է դուրս գալ Հայաստանի սահմաններից:
– Համաձայն եմ: Ես մտածում եմ, եթե այստեղ մնայի` ի՞նչ պիտի անեի, այսինքն, որքանո՞վ կկարողանայի առաջադիմել: Ճիշտը դուրս գալն է, բայց վերադառնալն ավելի ճիշտ է:
– Ի՞նչ կարող են անել հայ երիտասարդ ռեժիսորները, որոնք դուրս գալ չեն կարող:
– Աշխատել: Ինձ վերջերս մի հետաքրքիր բան ասացին, ասացին` ֆիլմ ենք ուզում նկարահանել, բայց ի վիճակի չենք: Հիշեցի Ատոմ Էգոյանի խոսքերը. «Եթե ֆիլմ եք ուզում նկարահանել, նկարահանեք տնային տեսախցիկով»: Չնկարահանելու պատճառներ կարելի է անվերջ հնարել: Թող չթվա, որ դրսից եկած մարդու նման են խոսում, բայց այն երիտասարդը, ում օրն առավոտյան 11-ից է սկսվում, շատ բան անել չի հասցնի: Աշխատելու փոխարեն ցանկանում են թանկ բջջային հեռախոսներ ունենալ: Սա սկզբունքների խնդիր է, այսինքն` ի՞նչ ես պատրաստ անել, իսկ ինչ` ոչ: Այս քաղաքում լավ իմաստով խելագարներ շատ կան: Պետք է իսկապես «ցնդած» մարդ լինես, որպեսզի որոշես վերջին փողերը տրամադրել եւ այս քաղաքում ֆիլմ նկարահանել: Պարզապես, այդ մարդկանց պետք է լավ վերաբերվել, որովհետեւ, եթե այդպիսի մարդիկ չլինեն, ոչինչ չի նկարահանվի: Այդ մարդկանց ուղղակի պետք է արթնացնել, շատերն իրենց սեփական պոտենցիալը չգիտեն: Լավ երեխաներ կան, որոնց պետք է փոսի միջից հանել: Հիմա նրանց տեսադաշտը շատ նեղ է, բոլորը կարծես ինչ-որ բանի են սպասում ու դեպի երկինք են նայում: Թվում է, որ Երեւանը սրբերի քաղաք է, բայց իրականում հարաբերությունները շատ կեղտոտ են:
– Հայկական գյուղերում նկարահանելով, զգացե՞լ եք, որ գյուղացիների փոխհարաբերություններն ավելի մաքուր են:
– Իհարկե: Համենայնդեպս, ավելի մաքուր են, քան քաղաքում: Գյուղում մաքրությունն ավելի է պահպանվել, չէր կարող անհետանալ, քանի որ հողի, փայտի հետ աշխատող մարդը չի կարող վատը լինել:
– Կինոյի զարգացման համար առանձին անհատների օրինակնե՞ր են պետք:
– «Հայֆիլմ» կինոստուդիայի ճիշտ աշխատանքն ավելի է պետք: Օրինակ, հիմա ես մեծ պրոբլեմ ունեմ, ինձ 30-ական թվականների բուտաֆորիա է պետք, իսկ «Հայֆիլմի» դռները փակ են: Ոչ մեկին ոչինչ չեն տրամադրում, ամբողջ բուտաֆորիան պահել են ավելի մեծ նախագծերի համար: Հարց է առաջանում. եթե աշխատող կինոստուդիա կա, որը չի տրամադրում իր ունեցածը, բա էլ ինչի՞ համար է այդ կինոստուդիան:
– Երեւի գտնում են, որ դեռ մասնավորեցման փուլում են գտնվում:
– Դա կարող է հինգ տարի տեւել, ի՞նչ է, այդ տարիների ընթացքում ոչինչ չի՞ նկարահանվելու: «Հայֆիլմը» ոչ միայն չի օգնում, այլեւ խանգարում է: Նույնիսկ մտածում եմ իմ սեփական կինոարտադրական ձեռնարկությունը բացելու մասին: Եվ թող «Հայֆիլմն» իր մեկուկես միլիոնանոց ապարատուրան գրկի ու նստի: Իմ այդ մոտեցումն իրականում շատ ճիշտ է, որովհետեւ ես տարբեր ռեժիսորներին կարող եմ աջակցել եւ տարեկան 20 կարճամետրաժ ֆիլմ թողարկել: Վտանգը նրանում է, որ «Հայֆիլմը» տարիներ շարունակ կարող է միայն խոսել իր մեծ ու աննախադեպ նախագծերի մասին: Հիմա կինոստուդիան մեկ միլիոն դոլար է տալու գույնը շտկելու սարքավորումներ գնելու համար: Ինչի՞ գույնն եք ուղղելու, եթե ֆիլմեր չեն նկարահանվում: Այդ գումարով կարելի էր 15 լիամետրաժ ֆիլմ նկարահանել:
– Գլխավոր կինոստուդիայի հետ «թարսվելը», փաստորեն, կարող է խթան լինել:
– Իհարկե:
– Իսկ կարճամետրաժ ֆիլմերին նախապատվություն տալը միայն ֆինանսների՞ պակասի հետ է կապված:
– Նաեւ ֆինանսների: Բայց ընդհանրապես փոքր երկրում մեծ ֆիլմ անելը դժվար է: Բոլորը պրոֆեսիոնալիզմից են խոսում, բայց իրական պրոֆեսիոնալները շատ քիչ են: Ավելի շատ խոսում են, քան անում են: Ֆիլմերն ավելի հաճախ լինգվիստական ու բարդ-բեմականացված են լինում, իրական կյանքից հեռու:
– Գուցե մարդկանց շփումներն են նվազել կամ շփումների արժեքը չի գնահատվում:
– Ամերիկան այդ առումով ինձ շատ բան է տվել, սովորեցրել է գնահատել մարդուն: Կարեւորել մարդու արժեքը ավելի, քան տեխնիկան: Ամերիկան իրավունք ու հնարավորություն է տալիս քեզ չշփվել այն մարդկանց հետ, ում հետ շփվել դու չես ուզում: Իսկ այստեղ չկա այդ հնարավորությունը, դու ստիպված ես համակերպվել: Ամերիկայում միլիարդատերն, ինձ հետ հավասար, համբերատար սպասում է մինչեւ ճանապարհի խցանումը վերանա, որպեսզի կարողանա մեքենայով առաջ գնալ, իսկ այստեղ նա կարող է իմ վրայով քշել ու գնալ: Սա է տարբերությունը: Այստեղի հարուստն ինձ պետք չէ, ես նրանից կախում չունեմ, իսկ այստեղ ապրող մարդուն նա պետք է, քանի որ միայն նրա միջոցով սովորական մարդը կարող է ինչ-որ կերպ առաջ գնալ: Շատերը հարուստ մարդ տեսնելով, ոտքի են կանգնում, իսկ ես կարող եմ պառկած մնալ, քանի որ նա ինձ չի հետաքրքրում: Այդքանը բավական է, ես ուրախ եմ, որ այստեղից գնացել եմ եւ հետո միայն վերադարձել: Ու էլի եմ գնալու ու էլի եմ վերադառնալու: Միակ փրկությունը դրանում է: Մարդն, ամեն դեպքում, պետք է ուժեղ մնա, նվիրված լինի իր գործին, իր ժողովրդին:
– Ամերիկան նաեւ լավ կրթությո՞ւն է տալիս:
– Անկեղծ ասած, սովորելուց հետո ես միայն հասկացա, որ ռեժիսոր չեն դառնում, ռեժիսոր ծնվում են: Դու սկզբունքորեն կամ տեսնում ես, կամ չես տեսնում: Շատերը չեն նկատում, թե ինչ է իրենց կողքին կատարվում: Ինձ հիմա շատ է հետաքրքրում` թե այս սրճարանի կողքի սեղանին նստած տղերքը ինչի մասին են խոսում, իսկ շատերը նրանց չեն էլ նկատում: Ես կարծում եմ, որ Հայաստանին վաղուց արդեն սիրո մասին ֆիլմ է հարկավոր: Այսօրվա երիտասարդը կարող է սիրահարվել, ներել ու սպասել: Ես միշտ վիճում եմ ընկերներիս հետ ու ասում, որ, օրինակ, այս մատուցողուհին շատ ավելի կարեւոր մարդ է մեզ համար, քան մեզ թվում է: Նա իր սպասելիքներն, իր երազանքներն ունի: Եվ նրա մասին է պետք մտածել: Նրան է պետք հույս տալ, եւ ֆիլմը կարող է այդ հույսը դառնալ: Մարդկանց պետք է գրգռել, ոգեւորել: Տաքսու վարորդին, օրինակ, հինգ րոպե զրուցելուց հետո կարելի է այնքան ոգեւորել, որ նա թողնի իր տաքսին ու քեզ հետ շփվելու համար քո տուն գա կամ քեզ համար մի շատ լավ բան անի:
– Գուցե մարդիկ իրար լսելուց ե՞տ են վարժվել:
– Եթե իրականում ուզում ես հասկանալ` այս քաղաքը լա՞վն է, թե՞ վատը, պետք է տաքսու վարորդներին հարցնես: Նրանք տարբեր տիպի, հազարավոր մարդկանց են հանդիպում ու լսում են նրանց: Բոլորը հիմա ավելի շատ ասելիք, քան լսելու պահանջ ունեն: Եվ այդ պատճառով հայկական կինոսցենարները հրապարակախոսություն են հիշեցնում եւ ոչ թե` դիտարկում: Իսկ ֆիլմն իրականում դիտարկում է:
– Փորձե՞լ ես քո սցենարները կինոստուդիա կամ Մշակույթի նախարարություն ուղարկել եւ պետպատվերով նկարահանել:
– Կինոստուդիայի անձնակազմը կազմված է այնպիսի մարդկանցից, որոնց հետ նույնիսկ շփվելն է տհաճ: Ես դա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ մեծամիտ եմ, այլ մեր սկզբունքներն են տարբեր: Կինոստուդիան միայն ինտրիգներով է զբաղված: Իսկ Մշակույթի նախարարություն դիմելը նույն բանն է, քանի որ մշակույթի նախարար է դարձել Կինոստուդիայի տնօրենը: Դա անիմաստ է: Պետք է կարողանալ ուժեղ լինել եւ ոչ մեկից կախման մեջ չհայտնվել: Հույսը դնել միայն քո կարողությունների վրա, այսինքն` մոբիլ լինել: Այսօր ինձ զգեստ ու լույս չեն տրամադրում, իսկ վաղը կարող են ասել, որ Երեւանի փողոցներում տեխնիկա տեղադրելու համար էլ պիտի վճարեմ: Է, ես էլ կմտածեմ, որ Ամերիկայում էլ եմ վճարում, ավելի հեշտ է այնտեղ նկարահանել: Գալիս եմ այստեղ` ի՞նչ անեմ: Հայաստանը դժվար թե միջազգային կինոհրապարակ դառնա, ինչը Կինոստուդիան է ուզում ու փայփայում է այդ երազանքը: Իհարկե, առաջինը ես կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ես ռեալ եմ նայում: Հայաստանը շատ է լոկալացված: Իսկ գլոբալիզմը սպեցիֆիկ պատկանելություն չի սիրում: Երբ Լյուկ Բեսսոնի այսօրվա ֆիլմերն ես նայում, զգում ես, որ մոտավորապես Միջերկրական ծովի ափերին է նկարահանված, ֆիլմում չինացի ու արաբ դերասաններ են խաղում եւ, չգիտես ինչու, ողջ ֆիլմն անգլերեն է: Ո՞վ ասաց, որ Հայաստանն իր յուրահատուկ կոլորիտով պետք է օտարին: Հայաստանը մեզ է պետք: Եվ այն խելագարներին, ովքեր այստեղ ֆիլմեր են նկարահանում: Եվ այդ մարդկանց պետք է աջակցել: Շատ երիտասարդներ, ովքեր ինձ հետ են աշխատել, հիմա մտադիր են ֆիլմեր նկարահանելու համար Ռուսաստան գնալ: Մտածում են` սկզբում գոնե հարսանիք կնկարահանենք, որպեսզի կարողանանք ապրել: Իսկ դա վտանգավոր է, որովհետեւ հաջորդ անգամ նկարահանել ցանկացողները Հայաստանում կարող են լավ լուսավորող կամ օպերատոր չգտնել: