Փետրվարի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի թատերական ձեւավորումների եւ բեմազգեստների էսքիզների ցուցադրությունը: Ցուցադրության նմուշները հավաքվել են Սարյանի տուն-թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի եւ պատկերասրահների հավաքածուներից: Արխիվային նյութ հանդիսացող էսքիզներից շատերը քիչ ծանոթ կլինեն պատկերասրահի այցելուների համար եւ կբացահայտեն Սարյանի թատերական թարմ ու գունեղ աշխատանքները, որոնցից ամենահայտնիները Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի, Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» օպերայի ձեւավորումներն են: Սարյանի մոտ 50 բեմական էսքիզներ արդեն շրջանակվել են, եւ սպասում են էքսպոզիցիայի բացմանը: Բացի էսքիզներից` ցուցադրված կլինեն նաեւ Սարյանի ձեւավորած դեկորացիաների լուսանկարները, որոշ փաստաթղթեր եւ նամակներ: Ցուցադրության նախաձեռնողները ցանկացել են բացումն անել հենց փետրվարի 28-ին, մեծ վարպետի ծննդյան օրը: