Պարգեւատրում են արտասահմանցիներին

24/02/2006

Բեռլինի 56-րդ կինոփառատոնի «Ոսկե արջը» բաժին ընկավ բոսնիական «Գրբավիցա» ժապավենին: Ռեժիսոր Յասմիլե Ժբանիչին մրցանակը հանձնել է ժյուրիի նախագահ բրիտանական դերասանուհի Շառլոտա Ռեմպլինգը: Ֆիլմը պատմում է ետպատերազմյան Բալկաններում բռնաբարված աղջկա մասին: Իր ելույթում Ժբանիչն ասել է. «Ուզում եմ բոլորիս հիշեցնել այն մասին, որ թեեւ Բոսնիայի պատերազմն ավարտվել է 13 տարի առաջ, այնուամենայնիվ, ռազմական հանցագործներ Կարաջիչն ու Մլադիչն ազատության մեջ են եւ ապրում են Եվրոպայում: Նրանց չեն բռնել Բոսնիայում 20 հազար բռնաբարությունների, 100 հազար սպանությունների եւ 1 մլն արտաքսումների կազմակերպման համար: Ոչ մեկին հետաքրքիր չէ նրանց ձերբակալելը»:

Մինչ Բեռլինում պարգեւատրում էին եվրոպական ֆիլմերին, բրիտանական կինոակադեմիան (BAFTA) իր 4 «Ոսկե դիմակներն» էր շնորհում «Օսկարի» հիմնական հավակնորդ ամերիկյան «Սապատավոր լեռը» ժապավենին (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, ադապտացված սցենար եւ երկրորդ պլանի լավագույն դերասան): Իսկ ԱՄՆ-ում իր «դրամարկղային» հաղթարշավն է սկսել ռուսական «Գիշերային պահակախումբ» ֆիլմը: Ցուցադրման առաջին հանգստյան օրերին միայն մեկ կինոթատրոնում ժապավենը հավաքել է 36 հազար 724 դոլար: Իհարկե, «Գիշերային պահակախումբը» դեռեւս ցուցադրվում է միայն 3 ամերիկյան կինոթատրոններում: