Ծաղրանկարների թանգարան` Եվրոպայում

24/02/2006

Մինչ ողջ Եվրոպան ալեկոծում է «ծաղրանկարային» պատերազմը, Լոնդոնում ծաղրանկարների թանգարան է բացվում: Երեկ տեղի է ունեցել թանգարանի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը` կոմս Ֆիլիպը: Ընդհանուր առմամբ թանգարանն ունենալու է հինգ հազարից ավելի ցուցանմուշ. երեք հազար կոմիքսներ եւ գրքեր, թերթերում տպագրված հեղինակային ծաղրանկարներ, պլակատներ, որոնց օգնությամբ կարելի է պատկերացում կազմել անգլիական ծաղրանկարչության երեք հարյուր տարվա պատմության մասին: Ցուցադրությունում մեծ տեղ կզբաղեցնի «Փանչ» անգլիական երգիծական ամսագիրը: 18-րդ դարում արված նկարների կողքին հայտնվելու են նորագույն ծաղրանկարները, որոնք հիմնականում պատկերում են Ջորջ Բուշին, Թոնի Բլեերին եւ այլ հայտնի քաղաքական գործիչների: Կան նաեւ ծաղրանկարներ, որոնց հերոսները Ադոլֆ Հիտլերը, Մեծ Բրիտանիայի թագուհին եւ, նույնիսկ, Շերլոկ Հոլմսն են:

Թանգարանին կից գործելու է մասնագիտացված խանութ, որտեղ հումորիստական բացիկներ, ամսագրեր եւ օրացույցեր են վաճառվելու: Ծաղրանկարի թանգարանը գոյատեւելու է մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ: