Կարլո Պոնցի (1882-1949)

24/02/2006

Հակառակ ֆինանսական տերմիններից բան չհասկացող տգետների կարծիքի՝ Պոնցին ոչ մի ֆինանսական «պիրամիդա» չի ստեղծել, չնայած այն բանին, որ 1920թ. ամռանը նա դարձավ ամենահայտնի մարդը օվկիանոսի եւ՛ այս, եւ՛ այն կողմում: Նրա ստեղծած սխեման թույլ տվեց նրան մի ամսվա ընթացքում թալանել Ամերիկայի կեսը:

Պոնցիի հորինած մեթոդը՝ ուրիշների ֆինանսական միջոցները շրջանառության մեջ դնել հօգուտ սեփական գրպանի, շարունակում է զարգացում ապրել: Այսօր աշխարհում գոյություն ունեն ավելի քան 4000 խոշոր ֆիրմաներ, որոնք աշխատում են հենց այդ պարզ սկզբունքով: Նրանց տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 300 մլրդ դոլար:

Կարլո Պոնցին ծնվել է 1882-ին՝ Պարմում, իտալացի գեներալի ընտանիքում: Դեռ պատանեկության տարիներից նա վատ համբավ ուներ ու անընդհատ ընկնում էր տհաճ պատմությունների մեջ: Ի վերջո ծնողները նրա համար տոմս են գնում եւ նրան ուղարկում օվկիանոսից այն կողմ՝ Փենսիլվանիա, ազգականների մոտ: 1903թ.-ին ապագա մախինատորը ոտք է դնում Ամերիկա՝ ձեռքին փոքրիկ ճամպրուկ ու գլխում բազմաթիվ պլաններ՝ իր ապագայի հետ կապված:

Կարլիտոն սկսում է աշխատել որպես աման լվացող, խանութի բանվոր, դռնապան եւն: Սակայն այսպիսի «գործունեությունը» բոլորովին չէր համապատասխանում կյանքի մասին ունեցած նրա պատկերացումներին, եւ նա որոշում է բախտը փորձել ուրիշ բնագավառում: Դա տեւում է 5 տարի, մինչեւ 1908-ին հայտնվում է Կանադայում, որտեղ նրան աշխատանքի է վերցնում սենյոր Ֆերտոլինին՝ նրա հայրենակիցը: Կարլիտոն սկսում է աշխատել նրա բանկում՝ իբրեւ կլերկ: Շուտով նրա բանկային հաշվին հայտնվում են գումարներ, որոնք բնավ չէին համապատասխանում բանկի մանր ծառայողի աշխատավարձին: Նա անփոխարինելի աշխատող էր, նրան բոլորից լավ էր հաջողվում գրավել հաճախորդներին. Կարլոն այնպիսի բարձր տոկոսներ էր խոստանում, որ նրանք առանց երկար մտածելու համաձայնում էին: Նկատենք, որ ավանդատուները, գոնե նրանք, ովքեր առաջիններից էին, իրոք ստանում էին խոստացված տոկոսները, հասկանալի է՝ նրանցից հետո եկածների գումարների հաշվին:

Հասկանալի է, որ այդ ամենը երկար չէր կարող տեւել: Բանկը սնանկացավ, իսկ մեր հերոսին ու նրա խնամակալին տարան բանտ: Պոնցին նստեց 2 տարի, իսկ դուրս գալուց հետո նորից անցավ գործի: Այս անգամ նա սկսեց զբաղվել փաստաթղթերի կեղծումով ու մարդկանց անօրինական ճանապարհով Ամերիկա տեղափոխելով: Բայց ամերիկացիներն ահավոր չեն սիրում, երբ որեւէ մեկը խախտում է իրենց միգրացիոն օրենքները, եւ 1915թ.-ին Ատլանտայի դատարանը հերթական անգամ ազատազրկման է դատապարտում Կարլիտոյին: Դուրս գալուց հետո Պոնցին մեկնում է Բոստոն: Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվում իտալական թաղամասի հենց կենտրոնում գտնվող փոքրիկ մթերային խանութում. նրան ժամանակ էր պետք մտածելու համար: Կարլոն արդեն 35-ն անց էր, ու հարկավոր էր ավելի լուրջ գործերով զբաղվելու մասին մտածել:

Ճակատագիրը բարեհաճ էր նրա նկատմամբ. նա հանդիպում է 18-ամյա Ռոզա Գուեկկոյին՝ իտալացի մրգավաճառի դստերը: Նրանք ամուսնանում են մի տարի անց: Կարլիտոյի բախտը բերում է. Ռոզան ընտանիքի միակ երեխան էր, ու հայրիկը, առաջին հայացքից վստահությամբ լցվելով ապագա փեսացուի նկատմամբ, շտապում է ֆիրմայի գործերը հանձնել նրան: Սակայն չանցած 2 ամիս՝ ֆիրման սնանկանում է, եւ նորապսակները ստիպված էին նոր տեղ փնտրել:

Ամուսնությունը Պոնցիին բերեց ոչ միայն երջանկություն, այլեւ էմիգրանտների շրջանում օգտակար գործարար կապեր: Ամերիկայում իտալացիներին չէին սիրում, անվանում էին մակարոնակերներ ու բոլորին համարում մաֆիոզ: Այդ պատճառով նրանք շատ համախմբված էին, ամեն ինչում օգնում էին իրար: Հենց դրա վրա էլ հույսը դրել էր Պոնցին՝ ամուսնության առաջարկ անելով իր գեղեցկուհի կնոջը: Պոնցիի նոր ընկերները նրան աշխատանքի են տեղավորում տեղի թերթերից մեկի խմբագրությունում՝ նամակների բաժնում: 1919 թվականն էր, ու 37-ամյա Պոնցին ամեն կերպ փորձում էր իր տաղանդին կիրառություն գտնել:

Շուտով դրա առիթը ներկայացավ: Պատասխանելով նամակներից մեկին՝ Կարլիտոն այնտեղ հայտնաբերում է փոստային կտրոն: Այդ կտրոնները շրջանառության մեջ էին դրվել դեռ 1906-ին եւ կարող էին փոխանակվել փոստային նամականիշների հետ: Այն կցում էին նամակներին, որպեսզի նամակը ստացողը փող չծախսեր պատասխանը գրելիս: Այն գործում էր աշխարհի 60 երկրներում: Մինչեւ Առաջին աշխարհամարտն այս համակարգն անխափան էր գործում, սակայն սկսված ճգնաժամի հետեւանքով ամեն ինչ փոխվում է: Եվրոպայում ու Ամերիկայում տարադրամի փոխանակման կուրսը բավականին տարբերություն է տալիս. Իսպանիայում մի ցենտով գնված կտրոնը ԱՄՆ-ում կարելի էր փոխանակել 6 նամականիշով՝ հատը մի ցենտով: Հասկանալով դա՝ Կարլիտոն սկսում է աշխատել այդ ուղղությամբ, եւ, որովհետեւ ինքը փող չուներ, պլանների մասին հայտնում է կնոջը, նրա հորն ու բազմաթիվ ազգականներին: Երկար-բարակ չմտածելով՝ նրանք որոշում են փող ներդնել այդ գործի մեջ:

1919-ի դեկտեմբերի 26-ին Կարլիտոն, ձեռք բերելով նախնական կապիտալ, գրանցում է սեփական ֆիրման, որը կոչվում է Securities Exchange Company (SEC): Այն մասնաճյուղեր ուներ Բոստոնում, Նյու Յորքում, Մանչեսթրում, Նյու Հեմփշիրում եւն ու զբաղվում էր նրանով, որ 90 օրվա ընթացքում մարում էր պարտատոմսերը սկզբում` 50%, իսկ հետո՝ 100% եկամտաբերությամբ: Ընդ որում, հայտարարվում է, որ փողերը ներդրվելու են փոստային գործարքների մեջ, որոնք բերելու են 400% եկամուտ: Ընկերությունը բացելուց ընդամենը մի շաբաթ անց Բոստոնում ներդրումային բում է սկսվում: Լուրերն այն մասին, որ ֆիրման կանոնավոր կերպով դիվիդենտներ է տալիս, ոգեշնչում է նորանոր ավանդատուների, ու հունիսի սկզբին արդեն ավանդների չափը հասնում է օրական 1 մլն դոլարի: SEC-ի գրասենյակներն ուղղակի բերնեբերան լիքն էին դոլարի կապոցներով: Ամենահետաքրքիրն այն էր, որ դիվիդենտները ստանալու համար հարկավոր էր անցնել բազմաթիվ գանձարկղերի կողքով, որտեղ հնարավոր էր ստացած գումարը բարեհաջող կերպով նորից ներդնել: Ամերիկացիների մեծ մասն այդպես էլ անում էր: Պոնցին երանության գրկում էր: Ամեն ինչ հրաշալի էր, նա հարուստ էր ու երջանիկ: Բայց դա երկար չէր կարող շարունակվել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, նրա կողքին չկար մեկը, որ նրան բացատրեր, որ այսպիսի գործում ամենակարեւորը ժամանակին «թռնելն» է:

Հուլիսի սկզբին ընկերությամբ սկսում են հետաքրքրվել իշխանությունները: Բայց նրանց այդպես էլ չի հաջողվում որեւէ խախտում հայտնաբերել: Ստուգումներից մեկի ժամանակ SEC-ը ժամանակավորապես փակում են, եւ խուճապի մեջ ընկած ավանդատուները նետվում են իրենց գումարները հետ ստանալու: Սակայն Կարլիտոն մինչեւ վերջին ցենտը վճարում է բոլոր գումարներն ու դառնում ազգային հերոս, որն անարդարացի կերպով տուժել է իշխանությունների անօրինականություններից:

Բայց դա սկիզբն էր վերջի: Ավանդատուներից մեկը դատի է տալիս Կարլիտոյին: Նրանով սկսում են հետաքրքրվել Boston Post-ի լրագրողները: Շուտով նրանք պարզում են Կարլիտոյի անցյալի մանրամասներն ու հոդվածներ տպագրում՝ նշելով նրա քրեական անցյալի ու բանտարկությունների մասին: Շեֆի դեմ «կոմպրոմատ» է ներկայացնում նրա մամուլի քարտուղարը՝ հայտնի լրագրող Մակ-Մաստերը: 1920-ի օգոստոսի 13-ին Կարլիտոյին ձերբակալում են:

Պոնցիի խարդախության հետեւանքով տուժում են 40 մլն ավանդատուներ: Ավանդների ընդհանուր գումարը կազմում էր 15 մլն: Դատավարությունը տեւում է մոտ մի տարի: Կարլիտոյին դատապարտում են 5 տարվա ազատազրկման, բայց 11 ամիս հետո նա ազատվում է համաներման շնորհիվ: Նոր խարդախությունների համար նրան դարձյալ դատապարտում են 3 տարով, որից հետո ուղարկում են հայրենիք՝ Իտալիա: Այստեղ նրան գրկաբաց ընդունում է Մուսոլինին: Բայց շուտով նա նույնպես հրաժարվում է Պոնցիի ծառայություններից՝ ուղարկելով նրան Բրազիլիա՝ ինչ-որ ավիաընկերության գործերով զբաղվելու: Այս ընկերությունը եւս սնանկանում է:

Կյանքի վերջում Պոնցին հայտնվում է աղքատություն եզրին ու 1949թ. վախճանվում Ռիո դը Ժանեյրոյում՝ աղքատների համար նախատեսված հոսպիտալում: Պատմում են, որ մահից առաջ նա ժպտում էր…