«lragir.am»-ի փոխանցմամբ, 2007թ. ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ բանակցություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ: Ըստ «lragir.am»-ի` «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ ղեկավարները քննարկում են նաեւ պետական բարձրագույն պաշտոնների խնդիրը, ըստ որի, ապագա ԱԺ նախագահը պետք է լինի Անդրանիկ Մարգարյանը, իսկ երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը: «Սրանով փաստորեն հերքվում են մամուլում քանիցս արված հետեւությունները, թե ՀՀԿ-ում առանձնապես ոգեւորված չէին Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» բեմելով, եւ այս գործընթացը կապում էին ՀՀԿ-ն թուլացնելու մտադրությունների հետ,- գրում է «lragir.am»-ը։ -Ըստ այդմ, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա փողը, վարչական ռեսուրսները, նրանց սատարող օլիգարխական շրջանակները հայտնվում են մի բեւեռում, որին կարող են հարել նաեւ ընդդիմության որոշ շրջանակներ»: Այս առնչությամբ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Տարբեր կուսակցությունների հետ հանդիպումներ լինում են, բայց դեռ վաղ է քննարկել ԱԺ ընտրությունների գնալու ֆորմատը, առավել եւս` պաշտոնների բաժանումը հաջողության դեպքում»: