ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվել է «ՀՀ ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագծի մշակումը: Սակայն մինչեւ նախագիծը շրջանառության մեջ դնելը, այն լրացվելու է եւս մեկ դրույթով, որով կանոնակարգվելու է պատգամավորի հագուկապը։
Այսպիսով, օրենքում պատրաստվում են ամրագրել, որ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում չպետք է հայտնվեն սպորտային զգեստով, ջինսերով ու մինի յուբկաներով: Ի դեպ, նախորդ շաբաթ Վրաստանում այդպիսի մի նորամուծություն արդեն եղել է: Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգի համաձայն` պատգամավորներին, օրենսդիրի աշխատակազմի աշխատակիցներին եւ լրագրողներին այլեւս արգելվում Է խորհրդարանի շենք մտնել ոչ պաշտոնական հագուստով։ Իսկ այն պատգամավորներին, խորհրդարանի աշխատողներին ու լրագրողներին, ովքեր հագած կլինեն մինի շրջազգեստ, ջինս եւ մարզական հագուստ, ուղղակի թույլ չեն տա մտնել ԱԺ շենք: Հայ պատգամավորները մեզանում այսպիսի նորամուծություններն ընդհանրապես համարում են անիմաստ, քանի որ իրենք «պատշաճ» են հագնվում եւ միջամտությունների կարիք չունեն: Բայց պատգամավորներից ոմանք միեւնույն ժամանակ ընդունում են, որ իրենց «էկզոտիկ հագուկապով» հատկապես աչքի են ընկնում պատգամավորների օգնականները, փորձագետներն ու գործավարուհիները: Իսկ պետական մարմնում այդ ոճով հագնվելը նրանք անընդունելի են համարում: Ինչեւէ, առաջիկայում փորձ է արվելու այս հարցը կանոնակարգել օրենքով: «Մենք պատգամավորների հագուկապը չենք պարտադրելու, չենք ասելու, որ նրանք անպայման փողկապ կապեն: Բայց որ պետք է սպորտային հագուստով չգան, կամ եթե կին է` պատշաճ հագուստով գա, այդ ենք կանոնակարգում: Իսկ ԱԺ մյուս աշխատակիցներն աշխատակազմի աշխատողներ են համարվում եւ այդ հարցով պետք է աշխատակազմի ղեկավարը զբաղվի»,- ասում է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Առայժմ այս հարցում իրենք պատրաստվում են ուսումնասիրել մյուս երկրների փորձը: Իսկ ԱԺ պատգամավորները կարծես պատրաստվում են սրերով դիմավորել օրենսդրական այս նախաձեռնությունը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, պետք է այս հարցում գործի ավանդույթի ուժը: «Եթե գրեն, որ պատգամավորը պետք է կոստյումով ու փողկապով գա ԱԺ, ապա ես էլ հարց կտամ, իսկ կարո՞ղ է պատգամավորը գլխարկով նստի նիստերին, ու մի շարք նմանատիպ հարցեր: Արդյունքում կընկնենք անհեթեթությունների գիրկը: Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա ես ավելի կոնսերվատիվ եմ. այո, մինի յուբկով, ջինսով պետք է այստեղ չգան, սա պառլամենտ է»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը: Նույն կարծիքին է նաեւ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: «Հագուկապի շատ մեծ կաշկանդումներին ես դեմ եմ, բայց, բնականաբար, լողազգեստով Ազգային ժողով ներկայանալը, կարծում եմ, ողջունելի չի լինի: Ի դեպ, նաեւ լրագրողների համար է այս կանոնը գործում»,- ասաց 115-ամյա կուսակցության ներկայացուցիչը: Ազգային ժողովի պատգամավորները, անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի ասելով, երբեմն ոչ պատշաճ հագուստով են ներկայանում ԱԺ: «Մեկ-մեկ պատահում է, որ ոտնահարում են, բայց հիմնականում էլեգանտ են հագնվում: Մեկ-մեկ իգական սեռի օգնականներն այնպիսի աչքի ընկնող հագուկապով են գալիս, որ գեղեցիկ չէ, հատկապես այստեղ` 100-150 տղամարդկանց մոտ, որոնց մի մասն այդ առումով ուղղակի լկտի են եւ կարող են նրանց հասցեին միանգամից անպարկեշտ արտահայտվեն»,- ասաց Մ. Գասպարյանը, ով այդ օրենքի ընդունումը որակում է որպես պարապ մարդու զբաղմունք: Իսկ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով, կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները հաճելի են դիտվում հատկապես Երեւանի փողոցներում ու սրճարաններում: «Այստեղ էլ թեեւ շատ հաճելի են դիտվում, սակայն կարծում եմ՝ պետք է գերակշռեն աշխատանքային մոտեցումները: Խորհրդարանի շենք մտած մարդկանցից մի ստվար զանգվածի` լրագրողների, աշխատակազմի, օգնականների հագուկապի հետ կապված կարող են լինել վերապահումներ: Բայց սա երկրի այցեքարտն է»,- գտնում է Աշոտյանը: Թեեւ վերջինս դեմ է հարցի փաստաթղթային կանոնակարգմանը, քանի որ կան չգրված օրենքներ, եւ մարդիկ պետք է գիտակցաբար հետեւեն դրանց: «Ամեն ինչ արեցին, մնացել է սարի սմբուլը: ԱԺ է, հիմի աշխատում է, էլի: Այնպիսի դեպքեր չեն եղել, որ պատգամավորները սպարտիվկայով գան: Զարգացած երկրները, որոնք ճանապարհ են անցել, ու իրենց մոտ ամեն ինչը լավ է, այդ ժամանակ արդեն կարող են մտածել դրա մասին: Կարծում եմ, ԱԺ-ն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան դրանք»,- «Պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագծի մասին այսպես է արտահայտվում ԱԺ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, բայց եւ ավելացնում. «Կան մարդիկ, որ այդ կարճ յուբկաների շնորհիվ են աշխատում, եթե երկար հագնվեն, էլ չեն թողնի, որ աշխատեն»: Իսկ կին պատգամավորներից ՄԱԿ անդամ Հռիփսիմե Ավետիսյանը գտնում է, որ պատգամավորների հագուկապը լրացուցիչ միջամտությունների կամ կարգի հրավիրելու կարիք չունի: «Բայց կան երկրներ, որտեղ պատգամավորներն իրենց աշխարհայացքից, նախընտրական խոստումներից ելնելով այլ մոտեցում ունեն: Օրինակ Իտալիայում Չիչոլինան իրեն դրսեւորում էր այլ տարբերակով, ինչի արդյունքում բավական աղմուկ բարձրացավ»,- պատմում է Հռիփսիմե Ավետիսյանը:
Ինչեւէ, օրենսդրական այս նախաձեռնության ճակատագիրը կպարզվի առաջիկայում: Բայց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը համոզված է, որ այն չի ընդունվի: «Պատգամավորների մի զգալի մասը չի համաձայնի, բայց եթե լավ ներկայացվի, եթե դա նախատեսվի հաջորդ գումարման նստաշրջանից, հնարավոր է՝ այսօրվա խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունվի»,- ասաց նա: