«Հայաստանի ներկայիս դիրքորոշումն ավելի ճկուն է»

22/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Չնայած Ռամբույեում Քոչարյան-Ալիեւ հանդիպման ձախողմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հետաքրքրությունն այս օրերին դեռ շարունակվում է: ԼՂՀ հակամարտությանն է երեկ անդրադարձել նաեւ այս օրերին հրաժեշտի այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեն: Մարտի 1-ից պարոն Թալվիթիեն կդադարեցնի իր պաշտոնավարումը եւ այդուհետ նրան կփոխարինի շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին: Իսկ երեկ Հեյկի Թալվիթիեն ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիս էր հրավիրել:

Երեկ Վիեննայում հանդիպելու էին Սերբիայի եւ Ալբանիայի ներկայացուցիչները` քննարկելու Կոսովոյի կարգավիճակը: Եվ լրագրողները Հ. Թալվիթիեից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ նույն լուծումը տարածվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա: «Աշխարհում այսօր տարբեր խնդիրներ կան, եւ դրանք գալիս են նրանից, որ ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեցին վերանայվել համաշխարհային պատերազմի շրջանակում գծված շատ սահմաններ: Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը ուշադրությամբ հետեւում են Կոսովոյի գործընթացին, սպասելով, թե ինչպես է այն ավարտվելու: Բայց չեմ կարծում, թե կա մի մոդել, որը կարելի է նույնացնել բոլոր հակամարտությունների համար: Հակամարտությունները առանձին են եւ ունեն իրենց յուրահատկությունները: Թեեւ, չի կարել անտեսել նաեւ այդ բանակցությունները: Բոլորը սպասում են` տեսնելու, թե այստեղ կամ այնտեղ ինչ լուծում է գտնվել, որպեսզի այն հնարավոր լինի կիրառել նաեւ այլ տեղերում»,- հայտարարեց Հ. Թալվիթիեն: Վերջինիս խոսքերով, այս օրերին բոլորն ուշադրությամբ հետեւում են Կոսովոյի բանակցություններին եւ սպասում են հանգուցալուծմանը: «Ավելի շուտ լուծեք Ղարաբաղի հարցը եւ Կոսովոյի օրինակը նմանակելու կարիքը չեք ունենա»,- ի վերջո խորհուրդ տվեց նա: Լրագրողները պարոն Թալվիթիեից փորձեցին ճշտել անձնական կարծիքը` ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ազգերի ինքնորոշման իրավունքի՞, թե՞ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: «Միջազգային շատ սկզբունքներ կան, որ կարեւոր են երկրների համար: Եթե փորձում ես հակամարտության լուծում գտնել, ապա այդ սկզբունքները պետք է փոխզիջման բերել: Պետք չէ մտածել, որ այս կամ այն սկզբունքը պետք է հաղթի, դրանք պետք է հավասարակշռել»,- ասաց նա` հավելելով, որ քանի դեռ ինքը պաշտոնավարում է, չի կարող անձնական դիրքորոշում արտահայտել: Սակայն ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, երբ որոշվում է ԼՂՀ ժողովրդի ճակատագիրը, ապա ղարաբաղցիներն իրենք էլ պետք է իրենց խոսքն ունենան այնտեղ, ինչը, սակայն, հակամարտող կողմերի խնդիրն է: 1995-96թթ. ԵԱՀԿ համանախագահ աշխատած Թալվիթիեն, համեմատելով բանակցային գործընթացը Հայաստանի նախկին եւ ներկա իշխանությունների մոտեցումների կտրվածքով, հայտարարեց, որ ներկայումս Հայաստանի մոտեցումներն ավելի ճկուն են: «Չի կարելի վերցնել մեկ քայլ եւ մոռանալ մյուս քայլերի մասին: Կարելի է վերցնել մեկ առաջին քայլ, որից հետո` մյուսները: Այդ առումով Հայաստանի ներկայիս դիրքորոշումն ավելի ճկուն է»,- կարծում է Հեյկի Թալվիթիեն: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, չի կարելի համեմատել նախկին եւ ներկա իշխանություններին ներկայացվող լուծումները եւ ասել, որ կողմերը նորից կանգնել են այն կետին, որտեղ 1998-ին էին: «Նայած, թե ինչ լուծում է: Լուծումը կարող է լինել բարդ եւ կարող է լինել հեշտ: Եղել է պահ, երբ գնացել են հեշտ լուծման, եւ հայտնի է, որ այդ ճանապարհը ժողովուրդը չընդունեց: Այդ օրվա եւ այսօրվա լուծումներն իրարից տարբեր էին»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` ԼՂՀ հակամարտության սկզբունքների մի մասի վերաբերյալ իր կողմից բազմիցս ակնարկած 1 էջանոց փաստաթղթում համաձայնություն արդեն կար, իսկ որոշ մասի վերաբերյալ սպասվում էր, որ համաձայնություն ձեռք կբերվի Ռամբույեում, ինչը, սակայն, չհաջողվեց: Եվ Օսկանյանը հույս հայտնեց, որ այդ բաց թողնված համաձայնությունը ձեռք կբերվի ապագայում, բանակցության շարունակականության շնորհիվ: «Այսօր սեղանի վրա դրված լուծումը բավական բարդ լուծում է, որովհետեւ կողմերից լուրջ փոխզիջում է ակնկալվում»,- գտնում է ՀՀ արտգործնախարարը: Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է դառնալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման երաշխավոր, ասաց, որ պահանջվող երաշխավորների շարքում որեւէ մի երկիր չպետք է առանձնանա: Օսկանյանի կարծիքով, ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը Ռուսաստանի աշխուժացման նախասկիզբ չէ, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ մինչեւ հայտարարությունն էլ երեք համանախագահ երկրներն աշխույժ աշխատում էին Մինսկի խմբի ձեւաչափով:

Երեկ անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու հայ-թուրքական սահմանի բացմանը: Թալվիթիեի խոսքերով, Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները չեն կարող լուծել հայ-թուրքական հարաբերությունների հարցը: «Ճիշտ չէ, որ Հայաստանն ակնկալի, թե այդ բանակցությունը կլուծի բոլոր հարցերը: Սակայն բանակցությունը կարող է հեշտացնել որոշ հարցերի լուծում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր մյուս հարեւանին` Վրաստանին, ապա վերջինս մտադիր է 2008թ. անդամակցել ՆԱՏՕ-ին: Ինչպե՞ս է այդ հանգամանքը մեկնաբանում ՀՀ արտգործնախարարը, եւ արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում շրջադարձ լինի դեպի ՆԱՏՕ: «Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկիր ազատ է ինքը որոշել իր անվտանգության երաշխքների ուղղությունները: Եթե Վրաստանը գտնում է, որ իր անվտանգությունն ամենից լավ կապահովի ՆԱՏՕ-ն, ապա դա իրենց որոշելիքն է: Հայաստանին հետաքրքրում է Վրաստանի կայունությունը: Վրաստանի կայունությունը բխում է ՀՀ շահերից»,- հայտարարեց պարոն Օսկանյանը: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ԱԳ նախարարը դրական է գնահատում, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերվելու իր հնարավորությունը` ի դեմս անհատական գործակցության ծրագրի: «Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ուզում ենք մեր հարաբերությունները մաքսիմում խորացնել, օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռվել են այսօր

ՀՀ-ին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, Կովկասի երեք հանրապետություններն էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում նույն հարթակի վրա են գտնվում, ունեն նույն հարաբերությունները»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Սակայն Հայաստանը պատրաստվում է առաջիկայում փոխել իր «էներգետիկ շեշտադրումները» եւ վերանայել «էներգետիկ քաղաքականությունը»: «Վերջին զարգացումները մեզ հուշեցին, որ մենք պետք է էներգետիկ անվտանգության հարցերում շեշտադրումը փոխեինք, քանի որ տեսանք, որ որոշ հարցեր փոփոխության են ենթարկվել: Եթե 5 տարի առաջ Իրանի հետ գազամուղ կառուցելու խնդիր չունեինք, մի քանի տարի առաջ այդ հարցը ծագեց: Եվ հիմա մենք գոհ ենք, որ այդ պահին ճիշտ որոշում ենք կայացրել եւ սկսել ենք շինարարությունը»,- իր վարած «կոմպլեմենտար» քաղաքականության մասին բարձրաձայնեց Վարդան Օսկանյանը: