«Ես դեմ եմ ռեգիոնալ խմբավորումների ստեղծմանը»

22/02/2006 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Նոր երկիր» կուսակցության` մարտի 18-ին Երեւանում կայանալիք համագումարից առաջ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը փետրվարի 19-ին կուսակցական բնույթի հանդիպում է ունեցել համակիրների հետ` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ինչպես իշխանական բուրգին մոտ կանգնած այլ կուսակցություններ, այս կուսակցության ժողովն էլ անց է կացվել «ինկոգնիտո» պայմաններում. դահլիճի մուտքը եղել է հրավիրատոմսերով, իսկ ԶԼՄ-ներից էլ, բնականաբար, նախապատվությունը տրվել է «յուրայիններին»: Հետաքրքիր է, թե քանի մարդ կհասնի Ա. Թումանյանի կուսակցությանը Վանաձորում, եթե մեկ ամիս առաջ ստեղծված «Հանուն Գուգարաց աշխարհի» հասարակական կազմակերպության մեջ (որ ղեկավարում է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը), ըստ հավաստիացումների, արդեն իսկ 11 հազար անդամ կա (իսկ «Գուգարաց աշխարհի» մեջ մտնելու նախապայմանն այն էր, որ նրա անդամները քաղաքական այլ կուսակցության անդամ չպետք է լինեին): Նշենք, որ խորհրդարանական կոալիցիայի անդամ կուսակցություններն էլ իրենց կայուն ընտրազանգվածն ունեն, ավելացրած այն, որ Արտաշես Գեղամյանի, Գուրգեն Արսենյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլոց կուսակցություններն էլ «ձեռքները ծալած» չեն նստել եւ նույնպես անդամների համապատասխան թվաքանակ ունեն` առնվազն թղթի վրա:

Փետրվարի 19-ին Վանաձորի «Լոռի» հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, իբրեւ թե իր կուսակցության մեջ ընդգրկվելու ցանկություն են հայտնել հազարավոր մարդիկ: Կոնկրետ թիվ չնշելով` ասաց. «Ես դեմ եմ ռեգիոնալ քաղաքական խմբավորումների ստեղծմանը: Ես չեմ պատրաստվում ստեղծել լոռեցիների կուսակցություն»։ Այս հայտարարությունը, թերեւս, ակնարկ էր՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ստեղծած «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը: Այդուհանդերձ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ դեմ չէ ռեգիոնալ խնդիրների քննարկմանը:

Ա. Թումանյանը քննադատեց 1998թ. իշխանափոխության առթիվ պատգամավորների մեծամասնության դիմափոխությունը. «Մի գիշերվա ընթացքում վաթսուն հոգի դարձան երկրապահ»: Ա. Թումանյանը մյուսներին քննադատելով` մոռանում է, որ ինքն էլ է ժամանակ առ ժամանակ սահուն կերպով փոխում քաղաքական իր կողմնորոշումները: Ի դեպ, Ա. Թումանյանին վերջին տարիներին Վանաձորում, որտեղից սկսվել է նրա աշխատանքային կենսագրությունը, հազվադեպ էին տեսնում. ընտրությունների նախօրյակին կամ «Վանաձորի օր» տոնակատարության ժամանակ` տրիբունայի վրա: Թերեւս, ժողովրդից հեռու գտնվելու հանգամանքն էր պատճառը, որ 1999թ. նրա առաջադրված ընտրատարածքում ժողովուրդը նախապատվությունը տվեց հենց նույն «Երկրապահ դարձած» Վիկտոր Դալլաքյանին: