ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 17-ին ՆՀ-118-Ա հրամանագրով այսպիսի որոշում է ընդունել. «Օլեգ ԵՍԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ»: Ռ. Քոչարյանն Օլեգ Եսայանի նշանակման մասին նույն այս որոշումը չնչին փոփոխությամբ ընդունել է նաեւ 2005թ. օգոստոսի 10-ի ՆՀ-146-Ա հրամանագրով. «Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 120-րդ հոդվածով՝ որոշում եմ. Օլեգ ԵՍԱՅԱՆԻՆ նշանակել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով»:
Սակայն Օլեգ Եսայանը մեկ տարին էլ այդ պաշտոնում չբոլորած՝ 2006թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի ՆՀ-4-Ա հրամանագրով նրա լիազորությունները դադարեցվել են, որովհետեւ հունվարի 1-ից լուծարվել է նրա ղեկավարած Արժեթղթերի հանձնաժողովը:
Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հրամանագրերը պատրաստող մասնագետների արհեստավարժությունն ապացուցող եւս մի փաստարկ՝ 2005թ. դեկտեմբերի 22-ի «Թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վ. Սայիյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» որոշումն այսպես է ավարտվում. «…թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմից հանել «Սայիյան Վահրամ Սերգեյի» բառերը»: Իսկ մեզ թվում էր, որ ընտրական հանձնաժողովների կազմում ոչ թե բառեր, այլ մարդիկ են: