Այս երկրի տնտեսական աճի գլխավոր գործոնը ոչ կոնյակն է, ոչ ցեմենտը եւ ոչ էլ օտարերկրյա ներդրումները, այլ հենց իրենք են՝ հայերը: Դեպի Հայաստան գործուղման ուղեւորվելիս ինքս ինձ մի հարց էի տալիս, որը վիրավորական է հնչում անդրկովկասյան մեր գործընկերների համար՝ «Իսկ Հայաստանում կյանք կա՞»։ Եվ այդ հարցի մեջ մեծապետական շովինիզմ չկար։ Նախկին ԽՍՀՄ ամենափոքր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, վերջին 18 տարիների ընթացքում այնպիսի հարվածներ է ապրել, որին ոչ բոլոր հսկաները կարող էին դիմանալ։
1988թ. դեկտեմբերի 8 բալ ուժգնության երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, փլատակների վերածեց Կիրովականը (ներկայիս Վանաձորը) եւ Լենինականը (ներկայիս Գյումրին)։ Զոհվեց մոտ 50 հազար մարդ, եւս 500 հազար հոգի մնացին անօթեւան։ Աղետի գոտում (իսկ դա կազմում է հանրապետության տարածքի 40 տոկոսը) վերականգնողական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։ Հայաստանի տնտեսության այս աղետի պատճառած վնասը կարելի է արտահայտել մեկ թվով՝ 1988-1991թթ. հանրապետության արդյունաբերությունը կրճատվեց մեկ քառորդով։ Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզումը գրեթե մահացու հարված հասցրեց հանրապետության արդյունաբերությանը, որը 90 տոկոսով ինտեգրացված էր համախորհրդային կոմպլեքսի մեջ։ Որպես օրինակ կարելի է բերել Երեւանի լամպերի գործարանը, որն իր մեծությամբ 3-րդն էր նախկին ԽՍՀՄ-ում։ «Կվարցային ավազները մեզ վագոններով մատակարարում էին Ղրիմից։ Մենք արտադրում էինք եւ՛ ավազ, եւ՛ պատրաստի լամպեր, իսկ պատրաստի արտադրանքը կարող էր առաքվել Ուրալ, – ասում է գործարանի նոր սեփականատեր, «Գրանդ Հոլդինգի» ներկայացուցիչ Արման Վանեսկեխյանը: -Այժմ մենք այդ շուկաները կորցրել ենք, սակայն արտադրական հզորությունները պահպանվում են այնպիսի մակարդակի վրա, որ 3 օր աշխատելու դեպքում փակում ենք Հայաստանի 1 տարվա պահանջարկը։ Անհասկանալի է՝ ինչ անել դրա հետ»։
Ժողովրդական տնտեսության քայքայման վերջակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր։ Հիշեցնենք. Խորհրդային Ադրբեջանի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որի բնակչությունը կազմված էր գերազանցապես հայերից, 1988-1994թթ. զինված հակամարտության արդյունքում փաստորեն անջատվեց Ադրբեջանից (ի դեպ, նրա անկախ կարգավիճակը միջազգային համաձայնագրերով հաստատված չէ)։ Հայաստանը պաշտոնապես չէր մասնակցում Ադրբեջանի դեմ ուղղված ռազմական գործողություններին, սակայն անոնիմության իրավունքներով ամեն կերպ աջակցում էր անջատողականներին։ Ի պատասխան սրան, Ադրբեջանը տրանսպորտային շրջափակում հայտարարեց Հայաստանին՝ փակելով հանրապետությունը Ռուսաստանի հետ կապող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները։
Եվ սկսվեց երկար մղձավանջը։ Աշխատանք չկար, փող չկար, էլեկտրաէներգիա չկար։ «Գործնականում ես իմ երկու երեխաներին մեծացրել եմ առանց լույսի եւ ջրի։ Երեւանում գտնվող բնակարանը ստիպված էինք տաքացնել «բուրժույկա» տիպի վառարանով։ Ծառերը կտրում էին հենց փողոցին հարող պուրակից»,- պատմում է Արման Վանեսկեխյանը։ Հանրապետության էներգետիկ պահանջարկի 40 տոկոսն ապահովող ԱԷԿ-ը կանգնեցվել էր դեռ Սպիտակի երկրաշարժից հետո (վերագործարկվել է 1996թ.)։ Գազը Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով, սակայն այդ երկրի ադրբեջանաբնակ շրջաններում գազամուղը պարբերաբար պայթեցվում էր։ Արդյունքում, 1993թ. Հայաստանի ՀՆԱ-ի 51 տոկոսն ապահովում էր գյուղատնտեսությունը, եւ դա` մի լեռնային երկրում, որի տարածքի 90 տոկոսը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձր։ Այս ոլորտում խոշոր ընկերություններ չեն եղել եւ չկան. խոսքը, փաստորեն, գնում է սեփական հողամասերի մասին։ Ժողովրդին կերակրելու համար Հայաստանի իշխանությունները դեռ 1991թ. ոչ միայն լուծարեցին կոլտնտեսությունները, այլ թույլատրեցին գյուղատնտեսական նշանակության հողերի (ընդամենը 450 հազար հեկտար), խաղողի այգիների եւ արոտավայրերի ազատ շրջանառությունը։ Մինչ օրս Հայաստանում աշխատում են մոտ 350 հազար ֆերմերային տնտեսություններ։ Իսկ երկրի արտահանման ամենամեծ բաժինը կոնյակն է։ Այժմ հասկանո՞ւմ եք՝ ինչու էր ինձ մոտ առաջանում «Իսկ Հայաստանում կյանք կա՞» հարցը։
ՀՆԱ-ի ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄԸ։ Հարցիս պատասխանը ստացա արդեն «Զվարթնոց» օդանավակայանից հյուրանոց ուղեւորվելու ճանապարհին։ Ճանապարհը բառացիորեն ողողված էր խաղատների նեոնային լույսերով, որոնք վազում էին մեքենայի ապակիների կողքով։ Քաղաքի ներսում խաղատուն ունենալն օրենքով արգելված է, իսկ խաղալու ցանկություն եւ փող Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ունեն։ Այդպիսով հարկ է եղել տեղավորվել քաղաքի արվարձաններում։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ՝ 1,9 մլրդ ԱՄՆ դոլարից 2005թ. հասնելով 4,5 միլիարդի (նախնական տվյալներով)։ Մեկ շնչի հաշվով ստացվում է 1500 դոլար։ Սա այնքան էլ վատ չէ, քանզի նավթով հարուստ հարեւան Ադրբեջանն ունի նույն ցուցանիշը։
Երեւանը ոչ մեծ, հարմարավետ, մաքուր քաղաք է՝ լայն ծառուղիներով եւ նեղլիկ առեւտրային փողոցներով։ Խանութների վահանակները գնորդներին հրավիրում են հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Ընդհանրապես, ռուսերեն այստեղ խոսում են շատ մեծ սիրով եւ առանց դժկամության։ Տնական տեսք ունեցող սրճարանում կարելի է կուշտ ճաշել 4000 դրամով (300 ռուբլուց քիչ) եւ, միեւնույն ժամանակ, ականջի ծայրով լսել Առնո Բաբաջանյանի արձանի արժանիքներին վերաբերող քննարկումը, որին սովորաբար տրվում են հաստատության մշտական այցելուները։
Այս արձանը հոգեցունց պատմություն ունի։ Քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած այս հուշարձանը, որը 2002թ. բացվեց Երեւանի օպերայի շենքի մոտ, մեծ դժգոհություն առաջ բերեց։ Առնոյին նման չէ՝ ասում էին քաղաքացիները. անբնական կարճ ոտքեր, հսկայական քիթ եւ մինչեւ ծնկները հասնող ձեռքեր։ Մոտ մեկ ամիս տեւած ժողովրդական հուզումներից հետո արձանն ուղարկվեց վերափոխման։ Հիմա Օպերայի շենքի մոտ կարելի է տեսնել «խելահեղ Առնոյի» նոր տարբերակը. ոտքեր ընդհանրապես չկան, ձեռքերն ուղղված են դեպի երկինք, փոխարենը՝ քթի հետ կապված` ամեն ինչ կարգին է։ Շատերն առաջվա պես դժգոհ են։ Խոսակցությունների մյուս թեման անշարժ գույքի գներն են։ Վերջին 10 տարվա ընթացքում դրանք 10 անգամ աճել են։ Եթե 1990-ականների կեսերին Երեւանում 5000 ԱՄՆ դոլարով հնարավոր էր ձեռք բերել նորմալ վիճակում գտնվող 3 սենյականոց բնակարան, ապա այժմ այդ գումարը կբավականացնի ընդամենը 5քմ միջին քաղաքային մակարդակի բնակտարածության համար։ Քաղաքը շինարարական բում է ապրում. Երեւանի կենտրոնը լցված է վերամբարձ կռունկներով։
Ո՞րն է հաջողության գաղտնիքը։ «Հայերի մոտ անբարենպաստ պայմաններում գոյատեւելու գենն ուժեղ է։ Հայաստանը միշտ եղել է փոքր երկիր՝ բնական ռեսուրսներով աղքատ, առանց ելքի դեպի ծով եւ առանց տրանզիտային պոտենցիալի։ Այն միշտ նվաճել են, հայերը միշտ ստիպված են եղել շատ աշխատել եւ մտածել՝ ինչպես գոյատեւել։ Այդ իսկ պատճառով նրանք առավել հաջողակ են միջին բիզնեսում եւ այն ոլորտներում, որոնք հատուկ ռեսուրսներ չեն պահանջում՝ ալմաստի մշակում, շինարարություն, սպասարկման ոլորտ, առեւտուր, սննդարդյունաբերություն։ Հենց այս ոլորտներն են մեծ մասամբ ապահովել տնտեսության ռեկորդային աճը»,- «Forbes»-ին տված հարցազրույցում ասաց «Տրոյկա Դիալոգ» ռուսական ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։
Իհարկե, օգնել են օտարերկրյա ներդրումները։ «Հայաստանի այցեքարտը»` Երեւանի կոնյակի գործարանը, 1998թ. գնվեց ֆրանսիական ալկոհոլային կոնցեռն Պեռնո-Ռիկարի կողմից։ Ֆրանսիացիները երկարաժամկետ պայմանագիր կնքեցին 4500 ֆերմերների հետ եւ այժմ գնում են Հայաստանում աճեցված խաղողի երկու երրորդը։ Անցյալ տարի ընկերությունն արտադրել է մոտ 50մլն ԱՄՆ դոլարի 4,4 մլն լիտր կոնյակ։ Իրացման հետ կապված խնդիրներ չկան. այդ ծավալի 80 տոկոսը խմել են ռուս սպառողները։
Հեռահաղորդակցության ոլորտի մոնոպոլիստ «ԱրմենՏելը» վաճառվեց հունական OTE ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բաժին հասավ գերմանական Cronimet-ին։ Հրեա ադամանդագործ Լեւ Լեւաեւը ձեռք բերեց Հայաստանի ամենամեծ՝ ադամանդի մշակման ֆաբրիկան՝ «Կրիստալը» («Շողակն»)։
Հայկական սեփականությունը յուրացնելու գործում առանձնահատուկ մեծ հաջողությունների են հասել ռուսաստանցի ներդրողները։ «Ռուսական ալյումինն», օրինակ, փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» գործարանի արդիականացման համար արդեն ներդրել է 70 մլն դոլար։ Ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ը վերահսկում է երկրի էներգետիկայի 80 տոկոսը։ ՌԱՕ-ն էլեկտրակայանները ձեռք է բերել Հայաստանի՝ Ռուսաստանին ունեցած պետական պարտքի դիմաց, իսկ բաշխիչ ցանցերը գնել է արտասահմանցիներից։ «Վնեշտորգբանկը» 2004թ. ձեռք բերեց Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 70 տոկոսը։ Միջազգային համագործակցության օրինակներ կարելի է երկար թվարկել։ Սակայն ավելի լավ է անցնենք եղբայրական երկրի տնտեսական զարգացման երրորդ՝ ամենահետաքրքիր գործոնին։ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դա ձեւակերպում է այսպես՝ «հայերի ազգային միասնականություն»։
ԲՈԼՈՐԸ ՅՈՒՐԱՅԻՆ ԵՆ։ Հայերը հին ժողովուրդ են։ 2800 տարի առաջ որպես Ուրարտուի (բիբլիական «Արարատ թագավորություն») հենակետ կառուցված Էրեբունի ամրոցը մինչ այժմ ապրում է Երեւանի անվան մեջ։ Տիգրան
II-ի ժամանակ (մ.թ.ա. 95-56թթ.) Մեծ Հայքը ձգվում էր Փոքր Կովկասից մինչեւ Պաղեստինի սահմանները։ Սակայն նրան հաջորդած մյուս ժամանակաշրջանում հայերը միշտ պատերազմել են՝ հռոմեացիների, պարսիկների, արաբների, թուրքերի եւ շատ այլ ժողովուրդների հետ։ «Հայաստանը ընդհանուր առմամբ 700 տարի պետականություն չի ունեցել, իսկ ազգը պահպանվել է, չի ձուլվել եւ պահպանել է քրիստոնեական հավատը,- «Forbes»-ին տված հարցազրույցում ասել է Աբրահամյանը: -Եվ անգամ այն հայերը, ովքեր 5-6-րդ սերնդում ապրում են արտասահմանում, խոսում են հայերեն, չեն կորցնում իրենց մշակույթը եւ ազգային միասնականության զգացումը»։
Արտագաղթի պայմաններում ազգային ինքնությունը պահպանելու ունակության մեջ կարելի է համոզվել՝ աչքի անցկացնելով Մոսկվայի հեռախոսային տեղեկատուն։ Ահա, օրինակ, 774 թվականին հայերն ապստամբեցին արաբ նվաճողների դեմ՝ անվանի զորավար Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 12 դար անց այդ նույն անունն է կրում Ռուսաստանի մսի միության՝ Միս եւ մսամթերքներ արտադրողների պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահը։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կազմում է 3,2 մլն մարդ։ Արտասահմանում բնակվում է մոտ 7 մլն հայ՝ 2,2 մլն Ռուսաստանում, 1,4 մլն` ԱՄՆ-ում, կես մլն` Ֆրանսիայում եւ այլն։ «Հայկական սփյուռքն աշխարհում ամենահզորներից մեկն է. այն երկրորդ տեղում է՝ հրեաներից հետո»,- ասում է «Ամերիա» երեւանյան խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը։
Հայերի ազգային միասնականության թեզը լավ է արտացոլվում ռուսաստանյան գործարար պրակտիկայի օրինակներով։ «Հինգ Աստղ» կոչվող կինոթատրոնների ցանցի համանախագահ Գեւորգ Ներսիսյանը կինոսրահներ է բացում այն առեւտրային համալիրներում, որոնք կառուցում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը Մոսկվայում եւ Կալուգայում։ Գագիկ Ադիբեկյանի կառուցած «Ռոմանով Դվոր» բիզնես-կենտրոնում է գտնվում Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության գրասենյակը։
«Տրոյկան» ժամանակին «ՀՏրչՏրրՑՐՈւ»-ի բաժնետոմսեր է գնել հայկական համայնքի մեկ այլ աչքի ընկնող ներկայացուցչի՝ Դանիլ Խաչատուրովի համար։ Ինքը՝ Վարդանյանը, հանդիսանում է Միքայել Պողոսյանին պատկանող «Սուխոյ» ավիա-կոնցեռնի մասնաճյուղերից մեկի տնօրենների խորհրդի նախագահ։ Իսկ շաբաթ օրերը հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվում են մոսկովյան «Ararat Park Hyatt» հյուրանոցում (որը կառուցվել է Մուրադ Սարգսյանին պատկանող «Լուսինե» կոնցեռնի կողմից)՝ «մաֆիա» խաղալու համար։ Խոշոր գործարարները բաժանվում են «մաֆիոզների», «խաղաղ բնակիչների», «դոկտորների», «Կոմիսար Կատանիի» եւ բանավեճային ճակատամարտում փորձում են պարզել, թե ով է անազնիվը։ Այս զվարճանքներից բացի` «արտասահմանյան հայերը» չեն մոռանում պատմական հայրենիքի մասին: Օրինակ, Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկան, «Կակտուսի»` Երեւանի լավագույն ռեստորաններից մեկի համասեփականատերն է: Իսկ ինքը` Ռ. Վարդանյանը, մասնակցել է վերոհիշյալ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ստեղծմանը: Ընկերությունը «Հայաստան 2020»-ի` հանրապետության ոչ պաշտոնական տնտեսական ծրագրի հայեցակարգը մշակողներից մեկն է:
«Ամենահամեստ հաշվարկներով` հայկական սփյուռքի կարողությունը գնահատվում է 100 մլրդ դոլար,- «Forbes»-ի հետ հարցազրույցում ասել է ծրագրի տնօրեն Արտաշես Ղազախեցյանը: -Ակնհայտ է, որ եթե այս փողերի գոնե մի փոքր մասը, ենթադրենք` 1 մլրդ դոլարը, ուղղվի հայկական տնտեսության աշխուժացմանը, մենք կզարգանանք խելահեղ տեմպերով: Մեր նպատակը արտասահմանում ապրող հայ ձեռնարկատիրոջ վստահությունը շահելն է, որ նրա փողերը կաշխատեն ի շահ տնտեսության զարգացման, այլ ոչ թե որոշակի մարդկանց եւ գրպանների համար»:
ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ: Սփյուռքի փողերը Հայաստան մուտք են գործում ավելի մեծ չափերով: Ռուսաստանում Հայերի միության տվյալներով` Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալն աճել է տարեկան մինչեւ 1 մլրդ դոլար, ինչը հավասար է երկրի պետբյուջեին: Հարազատներին օգնում են եւ՛ խոշոր գործարարները, եւ՛ սովորական արտագնա աշխատանքի մեկնողները: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով` Ռուսաստանում աշխատում են մինչեւ 300 հազար Հայաստանից անօրինական ներգաղթածներ: Դրամական փոխանցումների սպասարկմամբ զբաղվում է, օրինակ, Գագիկ Զաքարյանի` ռուսական «Յունիաստրում» բանկի եւ հայկական «Յունիբանկի» սեփականատիրոջ «Յունիստրիմ» համակարգը:
Շերիլին Սարգսյանը (ամերիկյան երգչուհի Շեր) եւ Շահնուր Ազնավուրյանը (ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուր) դեռ 1980-ականների վերջերին բարեգործական համերգներ էին տալիս` Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Քըրք Քըրքորյանը (աշխարհի ամենահարուստ գործարարների «Forbes»-ի անցյալ տարվա ռեյտինգում
41-րդը, կարողությունը` 8,9 մլրդ դոլար) Հայաստանում ավտոճանապարհների, դպրոցների եւ հիվանդանոցների շինարարության վրա ծախսել է ավելի քան 200 մլն դոլար: Կես տարի առաջ «ԲԱՄՕ»-ն` ռուսական շինարարական հոլդինգը, 5,7 մլն դոլարով գնեց Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը` հանրապետության խոշորագույն մարզական կենտրոնը: «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանը վստահեցնում է, որ այս գործարքը «80%-ով բարեգործական բնույթ է կրում»:
«Հայաստան 2020» ծրագրի գաղափարախոսներին ուրախացնում է այն հանգամանքը, որ հայկական բարեգործական փողերին ավելանում են լիովին «գործնականները»: Մի հատկանշական պատմություն. Լիբանանյան գործարար Վաչե Մանուկյանը Բրունեյի արքայազնի վստահված անձն էր, այն արքայազնի, որը հարյուրավոր միլիոններ ծախսել է զվարճանքների, կանանց, մոլախաղերի վրա: Այս ձեւով էլ Մանուկյանը ստեղծել է իր կարողությունը: Այժմ նա ապրում է Լոնդոնում, ԱՄՆ-ում ունի ձիարշավարան, Մեծ Բրիտանիայում` անշարժ գույք: Իր գործերից շատերը Մեծ Բրիտանիայում Մանուկյանն իրականացնում է «HSBC» բանկի հետ: Երբ հայրենիքի մասին մտածելու ժամանակը եկավ, ձեռնարկատերը բառացիորեն բռնեց հին գործընկերների ձեռքը եւ բերեց Հայաստան: Այժմ նրան է պատկանում «HSBC Հայաստան» բանկի 30%-ը: Միաժամանակ Մանուկյանը 12 մլն դոլար ծախսեց Երեւանում դեղագործական արտադրություն կազմակերպելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանը` արտաքին աշխարհի հետ Հայաստանի միակ կապի միջոցը, ծանրաբեռնված է: Արտագնա աշխատանքի մեկնածներն արձակուրդ են գալիս, հայկական սփյուռքի ներկայացուցիչները` Սեւանա լճում տապակած իշխան ուտելու, Էջմիածնի հին վանքում զբոսնելու կամ Ծաղկաձորի լեռնադահուկային առողջարանում հանգստանալու համար (տուրիզմը Հայաստանին արդեն բերում է տարեկան 180 մլն դոլար): Տարեկան 800 հազար հոգու սպասարկման համար նախատեսված «Զվարթնոցը», սպասարկում է արդեն 1,2 մլն ուղեւոր: Ո՞վ է լուծելու այս խնդիրը: «Զվարթնոցը» 30 տարով հանձնեցին արգենտինական գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարմանը: Նրա ընկերությունը` «Aeropuertos Argentina 2000»-ն, արդեն կառավարում է Հարավային Ամերիկայի 32 օդանավակայաններ: Երեւանյան օդանավակայանի` 50 մլն դոլար արժողությամբ նոր տերմինալն արդեն կառուցվում է: Թեեւ Էռնեկյանը ծնվել է Արգենտինայում, բայց իր ոճով նա տիպիկ հայկական գործարար է: Այն իմաստով, որ նրա համար ձանձրալի է ինչ-որ մի բանով զբաղվելը: Նրա կողմից ստեղծված «Tierras de Armenia» ընկերությունը Հայաստանում գնել է 3000 հեկտար հող` արտահանման նպատակով միրգ աճեցնելու համար:
Երեւանի կենտրոնում ապակիով եւ պողպատով փայլում է քաղաքի կենտրոնական հանրախանութը: Նախկինում այն կոչվում էր «ԳՈՒՄ», այժմ` «Տաշիր»: Կալուգայի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին է պատկանում «ԽՈսցչՈ-չսՈՉրվՈո» ընկերությունը, նա մասնակցում է «Գազպրոմի» ձեռնարկությունների մատակարարմանը, առեւտրի կենտրոններ է կառուցում Կալուգայում, Տուլայում եւ Մոսկվայում (օրինակ, մայրաքաղաքի հարավում «Ռիո» առեւտրի եւ զվարճանքների կենտրոնը), հյուրանոցներ ունի Սոչիում եւ Յալթայում: Նա նաեւ ժամանակ գտավ Երեւանում նախագիծ իրագործելու համար:
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ադամանդի արտադրության ծավալներն աճել են գրեթե 10 անգամ` 28 մլն դոլարից 2005թ. հասնելով մինչեւ 250 մլն դոլարի: «Մենք մեր տեղը զբաղեցրել ենք աշխատանքի միջազգային բաժանման մեջ: Մենք ոչնչից ավելացված արժեք ենք ստեղծում` միայն հայկական երեսարկողների (ՏչՐՈվքՌՍ) որակյալ աշխատուժի շնորհիվ, որն աշխարհում լավագույններից մեկն է»,- ասում է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը: Ո՞վ է նպաստել այս թռիչքին: Օրինակ, բելգիական ադամանդագործ Հայկ Արսլանյանը, որը Կոտայքի մարզում բացել է ադամանդի մշակման ֆաբրիկա: Աշխարհում այս ճյուղի լոբբիստը Հայաստանի ոսկերիչների միության ղեկավար, Բոստոնի ձեռնարկատեր Արա Բարմակյանն է (Barmakian Jewelers): ՌԴ-ում ադամանդի անդրկովկասյան երեսարկողների շահերը պաշտպանում է Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ընտանեկան պարտքն է պարտավորեցնում, որ Աբրահամյանի ավագ եղբայրը` Գագիկը, ղեկավարում է DCA-ն (Diamond Company of Armenia)` ադամանդի մշակման երեւանյան ձեռնարկությունը:
Ի դեպ, նույն Արա Աբրահամյանի «Համաձայնություն-Հայաստան» ընկերությունը Երեւանի կենտրոնում կառուցում է շատ թանկ բնակելի համալիր` 60 հազար քմ տարածքով՝ խանութների ցանցով, ստորգետնյա ավտոկանգառով: Լավ անշարժ գույքը պահանջարկ ունի ոչ միայն տեղաբնակների շրջանում, այլեւ այն հաճույքով գնվում է ամբողջ աշխարհի սփյուռքահայերի կողմից: Սա ոչ միայն պատմական արմատների հաստատում է, այլեւ` ֆինանսական միջոցների ոչ վատ ներդրում: Անշարժ գույքի գները Հայաստանում հաստատ կշարունակեն աճել: Չէ՞ որ «Հայաստան 2020» ծրագրի գաղափարախոսների հաշվարկներով` առաջիկա 14 տարիների ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն կկրկնապատկվի եւս մեկ անգամ:
Ամենաուժեղը
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը սիրում է կենդանիներ։ Երեւանի արվարձաններից մեկում գտնվող նրա կալվածքում գազանանոց կա, որտեղ պահում են վարազներ, արջեր, եղնիկներ, վագր եւ առյուծ՝ «Մուլտի Գրուպի» կենդանի խորհրդանիշը։ Ծառուկյանը ֆիզիկապես ամուր տղամարդ է։ Նա ունի վեց երեխա։ 1989թ. ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, եղել է ըմբշամարտի մարզիչ, 1996թ. դարձել է արմրեսթլինգի (ձեռնամարտ) աշխարհի չեմպիոն։ 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անհաջող ելույթից հետո (18 հոգուց կազմված թիմը ոչ մի մեդալ չէր նվաճել) Ծառուկյանը գլխավորեց Ազգային օլիմպիական կոմիտեն։ Մնացած հարցերում Ծառուկյանը տիպիկ հայ գործարար է։ Նախ, նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Եվ երկրորդ՝ վճռականորեն զբաղվում է ամեն ինչով, ինչը կարող է փող բերել։ «Մուլտի Գրուպի» մեջ են մտնում կաթի գործարանն ու «Կոտայք» գարեջրի գործարանը, «ՄԵԿ» կահույքի խանութների ցանցը, Հայաստանի ամենախոշոր ցեմենտի գործարանը՝ «Արարատ-ցեմենտը», «Ավիասերվիս» սննդի կոմբինատը, «Մուլտի Լեոն» ավտոլիցքավորման կայանների ցանցը եւ, իհարկե, կոնյակի արտադրությունը։ Ծառուկյանին պատկանող Երեւանի կոնյակի-գինու-օղու (ԵԿԳՕԿ) կոմբինատն անցյալ տարի թողարկել է մոտ 1մլն լիտր «Նոյ» կոնյակ։ Ֆրանսիական Պեռնո-Ռիկարին պատկանող Երեւանի կոնյակի գործարանը, որը գտնվում է ԵԿԳՕԿ-ի դեմ դիմաց՝ Հրազդան գետի մյուս ափին, թողարկել է 5 անգամ ավելի շատ։ Երեւում է՝ ֆրանսիացիների թողարկած «Արարատ» կոնյակներն ավելի մեծ ընդունելություն են գտնում։ Ֆրանսիացիների հետ մրցակցությունը «Մուլտի Գրուպի» տիրոջը չի հիասթափեցնում՝ աշխարհը կոնյակով չի վերջանում։ Ընկերության ընդհանուր տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 150մլն դոլար։ Այս ցուցանիշով Ծառուկյանը մտնում է Հայաստանի 5 ամենախոշոր գործարարների ցուցակի մեջ։
Ամենահնարամիտը
«Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը ծնվել է Մոսկվայում, սովորել Լենինգրադում եւ աշխատել Կոմի Հանրապետությունում։ Սկզբում ծառայել է ՆԳՆ Ներքին զորքերում եւ հասել է մինչեւ գնդապետի կոչման, իսկ հետո «Կոմի ՏԷԿ» ընկերությունում սկսել է զբաղվել նավթարդյունաբերական ապրանքների առեւտրով։ «1997թ. Հայաստանի իշխանություններն ինձ հրավիրեցին, որպեսզի կարգուկանոն հաստատեմ բենզինի եւ ավիակերոսինի ներկրման ոլորտում,- պատմում է Բաղդասարովը: – Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, եւ ես գնումների համար պայմանավորվում էի «ԼՈՒԿՕՅԼ»-ի՝ Ռումինիայում եւ Ուկրաինայում գտնվող գործարանների հետ։ Վառելիքը տանկերով հասցնում էի Վրաստանի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ երկաթուղով՝ Հայաստան»։
«Միկա Լիմիտեդը» մինչ այժմ վերահսկում է Հայաստանի վառելիքային շուկայի մեկ երրորդը՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ։ Սակայն Բաղդասարովի բիզնեսը 1990-ականների վերջերից դարձավ ավելի բազմակողմանի։ Դա եւ՛ «Արմավիա» ավիաընկերությունն է (անցյալ տարի Բաղդասարովն այն ձեռք է բերել «Սիբիրից»), եւ՛ ցեմենտի գործարանը, եւ՛ «Հայխնայբանկի» 30%-ը (Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկը, որն ունի ավելի քան 100 մասնաճյուղ)։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Բաղդասարովն անցյալ տարի վաճառեց ռուսական «Վնեշտորգբանկին»։ «Զարգանալու համար հարկավոր էր ունենալ հեղինակավոր գործընկեր»,- ասում է նա։
Իր բիզնեսի ընդհանուր շրջանառությունը՝ առանց բանկի, Բաղդասարովը գնահատում է տարեկան 200մլն դոլար։ Իսկ որպես հոբբի Բաղդասարովը նաեւ ֆուտբոլային թիմ ունի՝ «Միկան», որը Հայաստանի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը եւ անգամ հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ «Ճիշտն ասած, անցյալ մրցաշրջանն անհաջող ստացվեց։ Ֆրանկֆուրտում խաղում էինք գերմանացիների հետ։ Իսկ այնտեղի մարզադաշտը շքեղ է, այդ մարզադաշտում անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Այդ մարզադաշտից տղաները շփոթվեցին եւ 4 գոլ բաց թողեցին»,- մեկնաբանում է Բաղդասարովը։ Այժմ նա Երեւանում նոր մարզադաշտ է կառուցում՝ 20 մլն դոլար արժողությամբ։
Ամենափորձառուն
Խաչատուր Սուքիասյանը բիզնեսով սկսել է զբաղվել 24 տարեկանից, երբ ԽՍՀՄ-ում նոր էր ընդունվել կոոպերացիայի մասին օրենքը։ Սուքիասյանը սկզբում հաջողությամբ համատեղում էր երկու պաշտոն։ Նա կոշիկի արտադրության եւ «Ժիգուլիների» պահեստամասեր արտադրող կոոպերատիվների ղեկավարն էր եւ, միեւնույն ժամանակ, Աբովյանի «Սիրիուս» գործարանի տնօրենը, որը պաշտպանական կարիքների համար համակարգիչներ էր արտադրում։ 1990-ականների կեսերին Սուքիասյանը ստեղծեց Երեւանում առաջին ռեստորանային ցանցը (Pizza di Roma) եւ կառուցեց «SIL Plaza» գրասենյակային համալիրը։ Նա առաջիններից մեկն էր, որ սկսեց վարձով առեւտրային տարածքներ տրամադրել, եւ դարձավ «Phillip Morris» եւ «L`Oreal» ֆիրմաների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում։ «Ես ամեն ինչում առաջինն էի, – խորամանկ ժպտալով ասում է Սուքիասյանը: -Հիշում եմ՝ մարդիկ զարմանում էին, թե ինչպես կարող է ռեստորանը ապակե ցուցափեղկեր ունենալ, որ ամեն ինչ փողոցից տեսանելի է։ Իսկ երբ մենք հայտարարություններ տարածեցինք, որ վարձով տարածքներ ենք տրամադրում, շատերը մտածեցին, որ պատրաստվում եմ արտագաղթել եւ ամեն ինչ արագորեն վաճառում եմ»։ Հետո Սուքիասյանը պետությունից գնեց «Բջնի» հանքային ջրերի գործարանը, Երեւանի կահույքի գործարանը, Սեւանի ալրաղացը, իր հսկողության տակ վերցրեց «Հայէկոնոմբանկը»։ Նրան են պատկանում նաեւ մոտ 60.000քմ ընդհանուր մակերեսով գրասենյակային շինություններ։ Այս բոլոր ակտիվները միավորող SIL կոնցեռնի (Sukiasyan International Limited) տարեկան հասույթը կազմում է մոտ 100մլն դոլար։ Սակայն հոգու խորքում Սուքիասյանը շարունակում է մնալ էլեկտրոնային սարքերի մասնագետ։ «Այն գործարանը, որն այժմ հանքային ջուր է արտադրում, ես արդիականացրել եմ։ Այնտեղ ամեն ինչ էլեկտրոնային կլինի, ամենուր՝ տեսախցիկներ, չիպեր։ Ինֆորմացիան հաղորդվելու է հեռակառավարման տեխնոլոգիաների միջոցով, եւ ես իմ գրասենյակից կարող եմ լապտոպի (շարժական համակարգիչ) միջոցով ղեկավարել ողջ գործընթացը։ Ես դրանից հաճույք եմ ստանում»,- ժպտում է գործարարը։
Ամենախորաթափանցը
Վալերի Մեջլումյանը երկար տարիներ ապրել է հայրենի Ալավերդիից հեռու: Հայաստանի հյուսիսի այս քաղաքի գոյատեւման իմաստը խոշոր պղնձաձուլական գործարանն էր: Իսկ Մեջլումյանը տարված էր մաթեմատիկայով: Խորհրդային տարիներին նա ՄՊՀ-ի մեխանիկայի ԳՀԻ-ի գիտական աշխատող էր, ավելի ուշ դարձավ համասեփականատերը «Vallex Group»-ի` բազմապրոֆիլային ընկերության, որը զբաղվում է մետաղի եւ կոսմետիկայի առեւտրով, ունի բժշկական կենտրոն եւ Մոսկվայում 10 հազար քմ գրասենյակային տարածքներ: Նրա մեկ այցը հայրենիք ամեն ինչ փոխեց:
«1996թ. եկա Ալավերդի` ծնողներիս տեսնելու, եւ զարմանքով իմացա, որ ոչ միայն կոմբինատի աշխատանքը կանգնած է, այլեւ այն իրավաբանորեն լուծարվել է,- հիշում է Մեջլումյանը: -Ինձ հետաքրքիր էր վերականգնել ձեռնարկությունը, առավել եւս` երբ շատ հայրենակիցներ էին ուզում դա անել»: «Vallex Group»-ն այս նախագծի մեջ նա ներդրեց մոտ 20 մլն դոլար, ձեռք բերեց պղնձի հանքեր, կառուցեց լեռնահարստացնող կոմբինատ եւ կառուցում է երկրորդը: Անցյալ տարի պղնձի բիզնեսից «Vallex Group»-ի հասույթը կազմել է 70 մլն դոլար: Դա 4 անգամ ավելի քիչ է, քան գերմանական «Cronimet» ընկերությանը պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշները: Բայց Մեջլումյանը հավաստիացնում է, որ իր ֆիրման կդառնա Հայաստանի խոշորագույն լեռնահանքային ընկերությունը: «Մենք գնել ենք լեռնամետալուրգիական ինստիտուտ Երեւանում, ստեղծել ենք հորատման հզոր ծառայություն, իսկ այժմ իրականացնում ենք 20 աշխարհագրական տարածքների հետախուզում,- պատմում է Մեջլումյանը: -Ենթադրենք, հովիվը մեզ բերում է բծերով մի գեղեցիկ քար: Մեր կառույցը կարող է ինքնուրույն իրականացնել այն վայրի հետախուզությունը, որտեղից հայտնաբերվել է այդ հանքաքարը, որոշել դրանց պաշարները եւ սեփական ուժերով կառուցել լեռնա-հարստացնող կոմբինատ»: Իսկ հանրապետության ընդերքում թանկարժեք պաշարներ հաստատ կան: «Հայաստանի տարածքի ավելի քան 60%-ը գտնվում է տեկտոնական բեկվածքի գոտում: Այն շատ հեռանկարային լեռնահանքային շրջան է, առաջին հերթին` մոլիբդենի, պղնձի եւ ոսկու առումով»,- վստահեցնում է Մեջլումյանը:
Ամենագեղարվեստականը
Շատ հայեր հաջողակ են կինոբիզնեսում: Քըրք Քըրքորյանին է պատկանում հոլիվուդյան «MGM» կինոստուդիան: Ռուսաստանում առաջատար պրոդյուսերներից եւ կինոյի վարձույթով զբաղվողներից մեկը Ռուբեն Դիշդիշյանն է («Ցենտրալ Պարտրենշիպ»): «Ա-Մեդիա»-ից Ալեքսանդր Հակոբովը հաջողակ հեռուստասերիալներ է ստեղծում («Իմ հիասքանչ դայակը», «Մի ծնվիր գեղեցիկ»):
«Պարադիզ» ընկերությունների խմբի նախագահ եւ համասեփականատեր Գեւորգ Ներսիսյանը նույնպես կարող է հպարտանալ. նա ստեղծել է Ռուսաստանում առաջին լրիվ ցիկլով կինոընկերությունը` 40 մլն դոլար տարեկան հասույթով: «Ընկերներիս հետ ես դեռ սովետական ժամանակներում Հայաստանում աշխատել եմ կինովարձույթի համակարգում,- «Forbes»-ի հետ հարցազրույցում պատմում է Ներսիսյանը: -1990թ. Երեւանում ընկերներիս հետ ստեղծեցինք կինովարձույթի մասնավոր ընկերություն: Հետո, երբ Հայաստանում վիճակը վատացավ, տեղափոխվեցինք Մոսկվա»: «Պարադիզի» դիստրիբյուցիայում նա խաղադրույք կատարեց «խելացի» հեղինակային կինոյի մեջ. հենց Ներսիսյանն է ռուսներին ծանոթացրել Էմիր Կուստուրիցայի եւ Պեդրո Ալմոդովարի ֆիլմերին: Շնորհիվ Ռոլան Բիկովի Հիմնադրամի հետ համագործակցության` «Պարադիզը» ձեռք բերեց կինոթատրոններ` «Ռոլանը» եւ առաջին «Հինգ աստղ»-ը (Բախրուշինի փողոցի վրա): Այժմ «Հինգ աստղ»-ի ցանցում արդեն 32 կինոէկրան կա: «Պարադիզը» նաեւ կազմակերպում է ամենամյա «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնը: Իսկ իր առաջին արտադրական նախագիծը` «Սրիկաները» մարտական դրաման, «Պարադիզը» շրջանառության մեջ դրեց բիզնեսի բոլոր կանոններին համապատասխան` 2 մլն դոլարի գովազդ, միաժամանակ 400 էկրաններին ցուցադրում: Հերթում «Ալեքսանդր Նեւսկի» պատմական ֆիլմն ու ասորական թագուհու եւ հայ արքա Արա Գեղեցիկի սիրո մասին պատմող «Շամիրամի աստղը» էքշն-դրամաներն են: Ներսիսյանը հայրենիքը չի մոռանում. Երեւանում նրա ընկերությանն են պատկանում 2 կինոթատրոն, «Հ2» հեռուստաընկերությունը եւ «Ռոսիա» հեռուստաընկերության տեղական եթերով գովազդի տեղադրման իրավունքը: