Վրաց-աբխազական հակամարտության գոտում իրավիճակը խիստ սրված է: Օսական կողմն ու ռուսական խաղաղապահները կիրակի օրը շրջափակել էին վրացական 100 «կապույտ սաղավարտների» ռոտացիոն տեղաշարժը: Ի պատասխան դրա՝ վրաց խաղաղապահները շրջափակել են ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Ցխինվալին` փակելով բոլոր ճանապարհները: Դրանից մի քանի օր առաջ Վրաստանի խորհրդարանը միաձայն որոշում էր կայացրել ռուսական խաղաղապահներին այլ երկրի խաղաղապահ ուժերով փոխարինելու մասին: Ռուսներին փոխարինելու պատրաստակամության մասին անմիջապես հայտարարեց Ուկրաինան: Ռուսաստանի Դուման պատասխան որոշում կայացրեց, որտեղ հայտարարվում է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր երկրի քաղաքացիներին (Ցխինվալիի շրջանի բնակիչների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացի է): Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը խոշորամասշտաբ ռազմական ուսուցում է սկսել Հյուսիսային Օսեթիայում, որի սցենարը ենթադրում է Հարավային Օսեթիա ներխուժում, իսկ Հարավային Օսեթիայի դե ֆակտո նախագահը հայտարարեց, որ ցանկացած ռազմական կոնտինգենտ, որ կփորձի փոխարինել ռուսականին, կոչնչացվի:
Իրավիճակի նման կտրուկ սրման պայմաններում, երբ մինչեւ պատերազմի սկսվելը մի քանի քայլ է մնացել, մի տեսակ աննկատ մնաց վրացական իշխանությունների նախաձեռնությունը` սկսել խաղաղ կարգավորման գործընթացի իրականացումը: Այս մասին որոշում էր կայացվել հակամարտության կարգավորման միջգերատեսչական խմբի նստի ժամանակ`վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ղեկավարությամբ: «Այսուհետ ոչ մի վրացի զինծառայող չի մտնի հակամարտության գոտի առանց Վրաստանի Պաշտպանության նախարարության եւ վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատարության թույլտվության»,- հայտարարեց լրագրողներին Նողաիդելին։ Նրա խոսքերով՝ Վրաստանի Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները հակամարտության գոտում կտեղափոխվեն վրացական խաղաղապահ գումարտակի կազմ։ Վարչապետը հայտնեց, որ իբրեւ բարի կամքի դրսեւորում՝ վրացական կողմը ամբողջությամբ չի օգտագործի խաղաղապահ գումարտակի քվոտան։ «500 խաղաղապահների փոխարեն մենք հակամարտության գոտում կպահենք 330-ը։ Ներկայումս այնտեղ գտնվում են ընդամենը 100 վրացի զինծառայողներ»,- ասաց վարչապետը։ Ապառազմականացման նպատակով վրացական կողմը մտադիր է նաեւ ոչնչացնել իր խրամատներն ու մյուս ինժեներական ամրաշինական կառույցները։ Սակայն վարչապետի խոսքերով՝ դա անհնար է անել մի քանի շաբաթից շուտ, քանի որ դեռ ձյունը չի հալվել։ Նողաիդելին կոչ արեց հակառակորդ կողմին հետեւել վրացական կողմի օրինակին։ Բայց արդեն պարզ է, որ Թբիլիսիի նախաձեռնությունն օսական կողմը չի պաշտպանի։ Պարզ է եւ այն, որ չնայած նախօրոք եղած պայմանավորվածություններին, փետրվարի 20-ի կողմերը Վիեննայում նախատեսված Վերահսկիչ հանձնաժողովի նիստը չի կայանա ռուսական կողմի՝ մասնակցությունից հրաժարվելու պատճառով։
Սակայն երեւում է՝ Թբիլիսիի նույնիսկ ավանդական արեւմտյան բարեկամներն առանձնապես չեն ողջունում ռուսներին ուրիշներով փոխարինելու գաղափարը։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, Թբիլիսիում ելույթ ունենալով Վրաստանի անվտանգության միջազգային ֆորումում, կոչ արեց Վրաստանին Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել եւ լուծել տարածաշրջանային հակամարտությունները։ «ՆԱՏՕ-ն, իր հերթին, կօգնի հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում, նաեւ Եվրամիության ու մյուս միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում»,- հայտարարեց Սիմոնսը։ Նրա խոսքերով՝ մեծ նշանակություն ունի Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ գործակցության անհատական պլանի (IPAP) պայմանների կատարումը եւ համագործակցության հաջորդ փուլին անցնելը։ «Երկու շաբաթից Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գնահատող հանձնաժողովը, որը կուսումնասիրի IPAP-ի կատարումը, իսկ մարտին Բրյուսելում սպասում են Վրաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, որոնք պետք է առավելագույն ինտենսիվ երկխոսություն անցկացնեն եւ արձանագրեն իրենց հաջողություները»,- հայտարարեց Սիմոնսը։ Ընդ որում, նա մի անգամ եւս ընդգծեց, որ տարածքային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Սակայն փխրուն խաղաղությունը հերթական անգամ կախված է մազից. կողմերը լարված սպասման մեջ են։