Ինչպիսին պետք է լինի Հայաստանի համար մշակույթի նախարարությունը

22/02/2006 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

1. Ազգային մշակույթը ժողովրդի ու պետության միակ հավաստի կոլեկտիվ հիշողությունն է: Աշխարհայացքային եւ աշխարհընկալման հիմնախնդիրների համակարգը, որ բարձրացվում են իբրեւ կարեւորագույնը ստեղծագործողի կամ ժողովրդի` որպես կոլեկտիվ ստեղծագործողի, ինքնաճանաչման ներսում, տվյալ ազգի գոյության կարեւորագույն արդարացումն է տվյալ տարածքում ու ժամանակի տվյալ հատվածում:

Ազգային մշակույթը բաղկացած է երկու բաղադրիչից` մշակութային ժառանգությունից եւ ժամանակակից մշակութային գործընթացից: Առաջինի դեպքում ամեն ինչ պարզ է. հազարամյակների ընթացքում ստեղծված լավագույնը հենց ժառանգությունն է, երկրորդը ժամանակակից գրողներն են, նկարիչները, երաժիշտները, դիզայներները, կինեմատոգրաֆիստները, դերասաններն ու ռեժիսորները եւն, որոնք կան ներկայում եւ կազմում են գեղարվեստական մտքի ներկա մակարդակը: Յուրաքանչյուր ստեղծագործողի մահից հետո նրա ստեղծած լավագույնը, անցնելով ժամանակի ֆիլտրով, կդառնա ազգային մշակույթի մասը: Իսկ մինչ այդ դա արվեստի կենդանի եւ անբաժանելի պրոցես է: Ահա թե ինչով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը: Ինձ թվում է, որ Հայաստան պետությունը պետք է զբաղվի միայն ժառանգությամբ` մինչ այդ գնահատական տալով ամբողջ ժառանգությանը, ինչը չի արվել երկար դարեր ու նույնիսկ հազարամյակներ: Նախարարությունը չպետք է զբաղվի ժամանակակից մշակութային գործընթացներով, որպեսզի ժամանակակից ստեղծագործողները կախվածության մեջ չլինեն պետական մեքենայից, որն առանց այդ էլ բացարձակապես օբյեկտիվ չէ ու կոռումպացված է: Յուրաքանչյուր գրող կամ կոմպոզիտոր, դերասան կամ նկարիչ, մշակույթի նախարարի աթոռին նստելով, մտածում է, թե ինչպես դասավորի իր սեփական կյանքը սոված ու ոչ բարեկեցիկ երկրում: Դա մարդկայնորեն շատ հասկանալի է, առավել եւս, որ չինովնիկի աթոռին սովորաբար ձգտում են միջակությունները` մեծ ֆինանսա-գեղարվեստական հավակնություններով:

2. Ազգային մշակույթը այն քիչ բաներից մեկն է, որ պատմության, տարածքի ու հարեւանների հետ իբրեւ ժառանգություն բաժին է հասնում ցանկացած երկրի: Ի տարբերություն պատմության, տարածքի ու հարեւանների` մշակույթը միակ բանն է, որ ժողովուրդը կրում է մինչեւ վերջ: Առանց ազգային մշակույթի ոչ մի ազգ չունի ոչ հոգի, ոչ սեփական դեմք: Ազգի մշակույթի հիմքը կրոնական դոկտրինան է` մշակված կամ դաստիարակված փիլիսոփայական-գեղագիտական մտքի կողմից: Ազգային մշակույթի համար հեշտ չէ դուրս գալ համաշխարհային ինտելեկտուալ շուկա, քանի որ յուրաքանչյուր ազգ ցանկանում է աշխարհին ներկայացնել իր կերպարը, իր աշխարհընկալումը, իր գեղարվեստական զգացողությունները եւ մարդու ու երկրի իր տեսակը: Արվեստի այս կամ այն ոլորտում գերակայություն ունենալը ցանկացած մեծ մշակույթի համար կարեւորագույն խթան է: Դրանից հետեւում է, որ միակ բանը, հանուն որի ապրում է ազգը, մշակույթն է, քանզի հենց դա է այն իրականը, որն ավելի հզոր է, քան իրական կյանքը, եւ հենց այդ կոլեկտիվ հիշողությունն է արտահայտում ողջ ազգային աշխարհը, մարդկության ողջ տիեզերքը, եթե այդ բարձունքներին հասնում է ազգային գեղարվեստական մտածողության համակարգը:

Սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ է մշակույթը: Ազգային մշակույթը բաղկացած է երկու բաղադրիչից (բացի վերը արդեն ասվածից)` 1. ժողովրդական արվեստ եւ 2.պրոֆեսիոնալ արվեստ: Ժողովրդական արվեստը ցանկացած ազգային մշակույթի հիմքն է: Սակայն պրոֆեսիոնալ արվեստի հասունության մակարդակից է կախված կամ նրա ազդեցությունը ժողովրդականի վրա, կամ ժողովրդականի ազդեցությունը պրոֆեսիոնալ արվեստի վրա: Եվ այսպես, ամեն ինչ կախված է գեղարվեստական մտքի բարձրությունից եւ պրոֆեսիոնալ արվեստի գեղագիտական հավակնություններից: Ազգային մշակույթի տեղն աշխարհում որոշվում է պետության մեջ մշակույթի տեղն ու դերը հասկանալու մակարդակով, եւ իբրեւ հետեւանք` ցույց է տալիս հենց իր` հասարակության զարգացածության աստիճանը:

3. Ազգային մշակույթի ուսումնասիրության, քարոզչության, պահպանման մեխանիզմով զբաղվում է կամ պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը: Սակայն կան երկրներ, որտեղ ազգային մշակույթը համաշխարհային կարգավիճակ ունի, բայց Մշակույթի նախարարություն այնտեղ չկա, օրինակ` Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում: Սրանք Հայաստանի նման փոքր երկրներ են: Հայաստանի Մշակույթի նախարարության բովանդակությունն ու մեխանիզմը կարող է վերցվել Իտալիայից, որն ունի Մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման եւ քարոզչության նախարարություն: Դա մեզ համար կարող է նշանակել, որ անհրաժեշտ է մշակել մշակութային արժեքների ցանկ (այն քննարկման համար կարող են առաջարկել ինչպես պետական, այնպես էլ հասարակական, ստեղծագործական կամ այլ հաստատությունները, միությունները, մշակույթի գործիչները): Նրանք կարող են այդ կարեւոր ցանկն առաջարկել եւ մշակույթի գործիչների համազգային ժողովի ժամանակ` սփյուռքի գործիչների հետ համատեղ, հաստատել մեր մշակութային ժառանգության հենքը: Մշակութային ժառանգության նախարարությունն իր հիմնադրման օրվանից պետք է զբաղվի արվեստի բոլոր տեսակներով, որ ստեղծվել են հարյուրավոր սերունդների կողմից, եւ դրանք արտահանի մշակույթի համաշխարհային ինտելեկտուալ շուկա:

Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստին, որ այսօր ստեղծվում է, անհրաժեշտ է ժամանակակից ստեղծագործողներն որոշակի հարկային եւ ֆինանսական արտոնություններ տալ, որ կարողանան հանգիստ, առանց պետական մեքենայից կախված լինելու ապրել ու զարգանալ: Ստեղծագործող մարդը չպետք է նայի պետական չինովնիկի ձեռքին, լինի նա նախագահ թե մշակույթի նախարար, որովհետեւ հակառակ դեպքում նա հայտնվում է պետական ապարատից լիակատար կախվածության մեջ։ Այսինքն՝ մշակույթի գործիչներին կարող են իրենց ուզածի պես օգտագործել։ Այդպիսով մտավորականության խոսքն արժեզրկվում է, հասարակությունը դադարում է մշակույթն ու մշակույթի գործիչներին հարգելուց։ Այդպես եղել է տարբեր գործիչների հետ տարբեր երկրներում ու ժամանակներում։ Աշխարհը դա վաղուց է հասկացել, ժամանակն է, որ մենք էլ մտածենք մեր պատվի մասին։

4. Այսպիսով, մենք մեր պատմության մեջ առաջին անգամ կտեսնենք կամ կփորձենք տեսնել, թե ինչ է մեզ համար ազգային մշակույթը, ովքեր են մեր մեծ բանաստեղծները, նկարիչները, կոմպոզիտորները, դերասանները, երգիչները, ճարտարապետները, երաժիշտներն ու քանդակագործները եւն, ժողովրդական արվեստի, արհեստների որ ուղղություններն են գերակա եւ համաժողովրդական: Մենք պետք է բնութագրումներ տանք` ելնելով այն բանից, որ աշխարհում արդեն գոյություն ունի արվեստի շատ ճյուղերում ընտրության արդեն կայացած մոդուլ: Առանց համաշխարհային մակարդակի դուրս գալու կամ առանց այդ չափանիշների` անհնար է մեր գավառական հավակնությունները դուրս բերել ճանաչման եւ ուսումնասիրության համապատասխան մակարդակի: Ուշադրություն դարձրեք, ամբողջ 70 տարի հսկայական խորհրդային քարոզչությունն աշխատում էր երկրորդական ստեղծագործողների մեծ բանակի վրա, բոլոր թանգարանները հեղեղված էին անտաղանդ նկարիչների գործերով, ստեղծվում էին օպերաներ ու օրատորիաներ, բանաստեղծություններ ու վեպեր, որոնք գովերգում էին այն ժամանակվա գաղափարախոսությունը: Բայց այդ ամենն արդեն անցյալում է: Մնացել է այն, ինչը, հակառակ ամեն ինչի, ապրում էր ժողովրդի ներսում, արվեստի ներսում: Այդպես է լինելու միշտ: Մնացյալը լինելու է այնպես, ինչպես խորհրդային քարոզչության պարտությունը: