ՌԴ-ն քննարկում է միջուկային ծրագիր

22/02/2006

ՌԴ Անվտանգության խորհրդում երեկ սկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: «Ռուսաստանը պատրաստ է իր ձեռնարկություններից մեկը տրամադրել Իրանի միջուկային ծրագրի իրագործման նպատակով ուրանի հարստացման համար, պահանջելով 150 դոլար` մեկ կիլոգրամի մշակման դիմաց»,- «Ազատություն» ռ/կ-ին հաղորդել են ռուսաստանյան աղբյուրները: Միաժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշավոր լավատեսություն է արտահայտել ռուս-իրանական բանակցությունների վերաբերյալ: «Անկեղծ ասած, մենք չափավոր սպասելիքներ ունենք, բայց ամեն ջանք կգործադրենք իրադրությունը մեղմացնելու եւ ուժի կիրառումը կանխելու համար»,- ասել նա: Արեւմուտքը մտավախություն ունի, թե Իրանն իր միջուկային ծրագիրը կարող է օգտագործել ատոմային զենք ստեղծելու համար: «Ազատությանը» ՄԱԿ-ի սպառազինությունների նախկին հետաքննող ու Գիտությունների ու միջազգային անվտանգության վաշինգտոնյան ինստիտուտի նախագահ Դեյվիդ Օլբրայթն ասել է, որ Մոսկվայի բանակցությունները քաղաքական ժեստ են մարտի 6-ից առաջ, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրենների խորհուրդը քննության է առնելու Իրանի խնդիրը ՄԱԿ Անվտանգության խորհրդի առջեւ դնելու հնարավորության հարցը: Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը «կհամաձայնի ուրանի հարստացման Ռուսաստանի ծրագրի հետ, եթե որոշակի վերապահումներ ընդունվեն»: Սպասվում է, որ այսօր Բրյուսելում Մոթթաքին հանդիպում կունենա Եվրամիության պաշտոնյաների հետ: