Գյումրին կունենա առաջին կարգի օդանավակայան

22/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) նպատակ ունի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում լուրջ ներդրումներ կատարել: Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր նշանակումից հետո պարբերաբար Գյումրիի օդանավակայանի հարցը բարձրացրել է. «Սակայն առիթը հանդիսացել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին մառախուղային եղանակը: Մենք դեկտեմբերին ՀՀ կառավարությանն ու նախագահին այս հարցի շուրջ զեկուցում ենք ներկայացրել, իսկ հունվարին նախագահը հանձնարարական է տվել զբաղվել ծրագրի իրագործմամբ»:

Կարծիք կա, որ այս ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչի հասցեին հնչեցվող հայտարարությունների հետ, թե օդանավակայանում անհրաժեշտ ներդրումներ չեն իրականացվում:

Ա. Մովսեսյանը համաձայն չէր այս տեսակետի հետ. «Ո՛չ: «Զվարթնոցը» եւ «Շիրակը» գտնվում են տարբեր բնակլիմայական պայմաններում: Տարբեր եղանակների դեպքում այս երկու օդանավակայաններից մեկը միշտ բաց է լինում: «Շիրակը» լինելու է այլընտրանքային օդանավակայան: Բացի այդ, համաձայն «Զվարթնոցի» կառավարիչի հետ կնքված կոնցենսիոն պայմանագրի` «Շիրակին» թույլատրվում է իրականացնել միայն ԱՊՀ երկրների հետ չվերթներ: Բանն այն է, որ պայմանագրի կնքման ժամանակ «Զվարթնոցի» կառավարիչը պայման է ներկայացրել կառավարությանը, որ օդանավակայանը պետք է միջազգային չվերթների գծով (բացի ԱՊՀ երկրներից) ՀՀ-ում մրցակից չունենա, այլապես իր եկամտաբերությունը կնվազի: Բայց ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում, երբ «Զվարթնոցը» չի կարողանա ինքնաթիռներ ընդունել, «Շիրակը» կլինի պահուստային օդանավակայան: Այժմ «Զվարթնոցը» երկրորդ կարգի օդանավակայան է, իսկ «Շիրակը» կարգ չունի: Այն աշխատանքները, որ մենք հիմա կատարում ենք, հնարավորություն կտա «Շիրակը» դարձնել 1-ին կարգի օդանավակայան (2-րդն ամենաբարձր կարգն է- Կ. Թ.): Սակայն, 1-ին կարգի դեպքում, արդեն մենք բոլոր չվերթները կարող ենք հանգիստ ընդունել Գյումրիում: Իմ կարծիքով, «Շիրակում» կավելանան շատ այլ չվերթներ, ինչը կնպաստի ավիացիոն շուկայի զարգացմանը: Շատ դեպքերում այժմ երկրի հյուսիսային վայրերի բնակիչներն օգտվում են Թբիլիսիի օդանավակայանից: Այս խնդիրը նույնպես լուծում կստանա»:

«Շիրակի» թռիչքուղու ասֆալտապատումն իրականացնելու համար որեւէ շինարարական ձեռնարկություն դեռեւս ընտրված չէ: «Բայց մտածում ենք, որ պետք է ընտրել Գյումրիի ասֆալտապատում իրականացնող, եթե չեմ սխալվում, 2 ընկերություններից մեկին: Այդ դեպքում կլուծենք եւ՛ շրջանում զբաղվածության ու եկամտաբերության հետ կապված որոշակի խնդիրներ, եւ՛ տեխնիկական հարցեր»,-ասաց Ա. Մովսեսյանը, որը բացառում է, թե երբեւիցե «Շիրակն» էլ «Զվարթնոցի» նման կհանձնվի օտարերկրյա ընկերության կառավարմանը:

Ըստ Ա. Մովսեսյանի՝ «Շիրակն» իր միջոցներով նախատեսում է VIP ծառայության ստեղծում, սակայն «Շիրակ» օդանավակայանում նավիգացիոն համակարգ չի ներդրվի. «1-ին կարգի օդանավակայանի համար դրա անհրաժեշտությունը չկա: 1-ին կարգը ենթադրում է մինչեւ 600մ տեսանելիություն, իսկ մեր լուսավորության համակարգն այս պարագայում բավարարում է»:

Անցյալ տարվա մառախուղների ժամանակ Գյումրիի օդանավակայանը կարողացավ փոխարինել «Զվարթնոցին»: Ա. Մովսեսյանն ասում է, որ «Օդանավակայանի տնօրինությունն այդ ժամանակահատվածում բավական լավ աշխատեց: Բացի այդ, այդ օրերին Գյումրիում ՔԱԳՎ-ից միշտ ներկայացուցիչ է եղել: Ընդհանուր սրտացավության մթնոլորտ էր տիրում Գյումրիում: Իհարկե, առանձին չարաշահման դեպքեր եղել են: Բողոքներ կային, որ տաքսիների գները կտրուկ բարձրացել են: Ինքս խոսել եմ Ոստիկանության Գյումրիի բաժնի պետի հետ եւ խնդրել եմ վարորդների հետ բացատրական միջոցառումներ իրականացնել, որպեսզի առիթից չօգտվեն»:

«Շիրակը», դառնալով առաջին կարգի օդանավակայան, բնականաբար, իր դրական ազդեցությունը կունենա Գյումրիի տնտեսության վրա: «Եթե օդանավակայանն աշխույժ աշխատի, ենթակառուցվածքներն էլ կսկսեն զարգանալ: Տրանսպորտային, սննդի եւ հյուրանոցային ոլորտներում գործունեությունը կաշխուժանա` բնականաբար, նպաստելով Գյումրիում եւ շրջակա համայնքներում զբաղվածության աճին»,- ասում է Ա. Մովսեսյանը:

Մամուլում հրապարակումներ եղան, թե վերջին 5 տարում, երբ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը հանձնվեց արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին, «Զվարթնոցը» տեխնիկապես հագեցնելու ուղղությամբ համապատասխան ներդրումներ չեն կատարվել: Արդյո՞ք այս փաստը համապատասխանում է իրականությանը: «Արգենտինական կողմն իր վրա դրված պարտավորությունները մինչ օրս կատարել է: Այս հարցի շուրջ թյուր տեղեկատվություն է տարածվել: Խնդիրը վերաբերում է հետեւյալին. «Զվարթնոցի» կառավարիչը պետք է միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացներ սպասարկումը: Օրինակ, ներկայիս ժամանման սրահը շատ վատն է, տեղը փոքր է. ուղեւորը իջնելուն պես իրեն կաշկանդված է զգում: Մեզ հետ քննարկելուց հետո կառավարիչը նպատակահարմար գտավ նոր տերմինալի կառուցումը, քանի որ այս շենքում ինչ էլ արվեր, հնարավոր չէր լինի այն միջազգային ստանդարտներին համապատասխան դարձնել: 2004թ. հունիսից սկսվեց նոր շենքի կառուցումը, որի առաջին հարկը տարեվերջին արդեն կգործի: Այս աշխատանքը պետք է ճիշտ գնահատենք: Այլ խնդիր է ուղեւորների սպասարկման ցածր մակարդակը, որի լուծման անհրաժեշտությունը ես միշտ ընդգծում եմ: Անընդհատ խոսակցություններ են պտտվում, թե մեկի ուղեբեռը սխալ են կշռում, մյուսինը` ճիշտ եւ այլն: Չեմ ընդունում, երբ «Զվարթնոցին» մեղադրում են ոչ մի ներդրում չկատարելու մեջ: Բացի տերմինալից, ներդրվել է նաեւ ավիացիոն անվտանգության շատ լուրջ համակարգ, որն ուսումնասիրվել է «ICAO» եւ «ECAC» միջազգային կազմակերպությունների կողմից եւ վերջիններիս կողմից կատարված ավիացիոն անվտանգության աուդիտի միջոցով այդ համակարգը շատ բարձր է գնահատվել: Այս առումով նույնպես մեծ կապիտալ ներդրումներ են կատարվել: Տեղադրվել են 90 շարժական եւ անշարժ տեսախցիկներ, որոնք մեզ օգնել են արձանագրել նաեւ ավիացիայի հետ կապ չունեցող գողության դեպքեր (օրինակ, ավտոկանգառներում գողության դեպքեր են բացահայտվել): Ներկայումս էլ փորձում են մատնահետքերի համակարգով աշխատել, որի շնորհիվ կթեթեւանան անձնագրի հետ կապված խնդիրները, քանի որ հաշվառման եւ թռիչքի ժամանակ մատնահետքը դնելով` ուղեւորի համար թռիչքի ճանապարհը հեշտությամբ կբացվի: Այսօր Լոնդոնի թռիչքների ժամանակ սա փորձնական կիրառվում է եւ նախատեսված է մինչեւ տարվա վերջ այն ամբողջովին ներդնել: Սա լուծում է ավիացիոն անվտանգության խնդիրները: Մյուս ներդրումը թռիչքուղու վերանորոգումն է, որն ամբողջությամբ այս տարի ավարտին կհասցվի»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ «Զվարթնոցի» թռիչքուղու վերականգնման, ավիացիոն անվտանգության համակարգի ներդրման, ներկայիս համալիրի վերականգնման եւ նորի կառուցման ուղղությամբ 2002-2004թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ փաստացի ներդրումները կազմել են շուրջ 11 մլն դոլար: Նույն աշխատանքների համար 2005թ. ընկերությունը նախատեսել էր մոտ 23 մլն դոլար: Սակայն դեռ վերջնական ամփոփված չէ, քանի որ օդանավակայանի կառավարիչը ՀՀ կառավարությանը պետք է հաշվետվություններ ներկայացնի, որում արտացոլված կլինեն բոլոր ծախսերը` սկսած շինարարությունից, վերջացրած պահպանման ծախսերով: