Մարինեն, որի ամուսինը նույնպես զոհվել է պատերազմի ժամանակ, արդեն 8-րդ տարին է, երկու զավակների հետ վարձով է բնակվում: Ինչպես նա պատմում է, ամուսնու զոհվելուց հետո, նրա ծնողների հետ ապրել է մի քանի տարի, այնուհետեւ ընտանեկան պայմաններից ելնելով, ստիպված է եղել առանձնանալ: Հայրական տուն վերադառնալ չէր կարող, քանի որ այնտեղ բնակարանային պայմանները չեն ներում, հետո էլ այդ տանը բնակվում է ավագ եղբայրը` իր ընտանիքով: Այնպես որ, մնում էր միայն ապրել վարձով ու բնակարան ստանալու համար հերթագրվել: Մինչեւ հիմա Մարինեն դեռ բնակարան չի ստացել: «Ինձ համար այսօր ամենաառաջնահերթ խնդիրը բնակարանայինն է, քանի որ մնացած բոլոր խնդիրները ինչ-որ չափով լուծելի են: Փառք Աստծո, աշխատանք ունեմ, ինչի շնորհիվ կարողանում եմ հոգալ երեխաներիս կարիքները: Ճիշտ է, շատ դժվար է, քանի որ ամսական 25 հազար դրամ վարձ եմ տալիս, հետո էլ` երեխաները մեծանում են եւ, բնականաբար, հոգսերն էլ են շատանում, բայց հույսս չեմ կորցնում, որ բնակարան կստանամ ու այդ 25 հազարն էլ կօգտագործեմ ընտանիքիս համար: Այժմ մեզ օգնում են նաեւ ծնողներս»,- պատմում է նա:
Մեր մյուս զրուցակիցը՝ Սիրուն Սարգսյանը, զոհված ազատամարտիկի այրի է, սակայն նա էլ ունի այլ պրոբլեմ, որի մասին համաձայնեց զրուցել: Սիրունը ծնվել ու մեծացել է Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի հումանիտար ուսումնարանի ակումբա-գրադարանային բաժինը: Սիրունն ամուսնացել է 1988-ին, եւ ամուսնու` Արմիկի հետ սկսել են ապրել հայրենի Բերդաձորում, սակայն մի քանի ամիս հետո, այդ տարիների հայտնի դեպքերի արդյունքում, ադրբեջանցիները նրանց տեղահանել են գյուղից, իսկ ազատագրումից հետո նրանք նորից վերադարձել են: 1992թ. օգոստոսին Ղուբաթլուի շրջանում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Սիրունի ամուսինը զոհվեց եւ մի քանի ամիս հետո ծնվեց որդին, որին մայրը կոչեց հոր անունով` Արմիկ:
13 տարի մայր ու որդի բնակվել են հայրենի Բերդաձոր գյուղում` Սիրունի հայրական տանը, այնուհետեւ տեղափոխվել Շուշի, որտեղ նրանց բնակարան է տրամադրվել: Պետության միջոցներով եւ վարչակազմի աջակցությամբ վերանորոգեցին նրանց երկու սենյականոց բնակարանը: Արդեն չորրորդ տարին է, ինչ ընտանիքը բնակվում է Շուշիում: Մինչեւ հիմա Սիրունն աշխատանք չի գտել: Նրան օգնում են ծնողները, իսկ պետության կողմից ստանում է ընդամենը 17 հազար դրամ նպաստ, որը, նրա խոսքերով, հիմնականում կոմունալ ծախսերին է գնում: «Բնականաբար, այս չնչին գումարով չես կարող հագուստեղեն գնել, կամ` այլ իրեր: Իսկ եթե աշխատանք ունենայի, պատկերը մի քիչ այլ կլիներ»,- ասում է նա: Որդին` Արմիկն, արդեն սովորում է 7-րդ դասարանում: Եվ տարեցտարի ընտանիքի հոգսերն ավելի են շատանում, այդ իսկ պատճառով Սիրունի համար ներկայումս առաջնային է միայն աշխատանքի տեղավորվելու խնդիրը, որի համար բազմիցս դիմել է, բայց` ապարդյուն:
Զոհված ազատամարտիկների ընտանիքների խնդիրները տարբեր են եւ լուծման կարիք ունեն: Կան նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնք հովանավորների կողմից օգնություն են ստանում: Հայտնի է նաեւ, որ տարեցտարի Ղարաբաղում այդ ընտանիքներին առաջնահերթության կարգով տրամադրվում են բնակարաններ: Մեր տվյալներով` նախատեսվում է կառուցել նաեւ նոր շենք, որի բնակարանները կտրամադրվեն զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար մեկ բազմաբնակարան շենք էլ Ստեփանակերտում կառուցվել է հայտնի բարերար Լուիզ Սիմոն-Մանուկյանի միջոցներով: