Հիմնանորոգվել է 37 դպրոց

22/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը ներկայացրեց կրթական ոլորտի 2006թ. ծրագրերը: Ըստ պրն Վաթյանի, 2005թ. հիմնանորոգվել եւ նորոգվել են թվով 37 դպրոցական շենքեր: «22 դպրոցներ պետբյուջեով եւ 15 դպրոցներ սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով է նորոգվել, մոտ 1,7 մլրդ դրամի ներդրում»,- նշեց նա: Ծրագրով նախատեսված էր դպրոցներին ապահովել շուրջ 300 համակարգիչներով, եւ 340 նոր համակարգիչներ բաշխվել են դպրոցներին: 2005թ. առաջին կիսամյակի համեմատությամբ 45%-ով բարձրացել է ուսման առաջավորների եւ գերազանց սովորող աշակերտների թիվը, 2%-ով բարձրացել է ուսման ընդհանուր առաջադիմությունը: Իրականացված մի շարք ծրագրերից Օ. Վաթյանն ուշադրություն հրավիրեց քաղաքապետարանի, կառավարության եւ, ինչո՞ւ չէ, նախագահի ուշադրության կենտրոնում գտնվող առողջ ապրելակերպի, հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դրվածքի բարելավման հետ կապված հարցին: «22 դպրոցների դահլիճներ հիմնանորոգվել են: Թիվ 129 եւ 56 դպրոցներում շահագործման են հանձնվել մարզադահլիճներ, որոնք ըստ էության գոյություն չունեին»,- հայտարարեց Օ. Վաթյանը: Նրա խոսքերով՝ հատկապես ուշադրության է արժանի թիվ 126 դպրոցի մարզային համալիրը, որտեղ ընդգրկված են 3 մարզադահլիճներ: Բացի դա, բարեկարգվել են շուրջ 17 խաղահրապարակներ եւ մարզահրապարակներ: 2004թ. բյուջեով տրամադրված 40մլն դրամի փոխարեն այս տարի շուրջ 100մլն դրամ է փոխանցվել եւ մարզագույք է բաշխվել դպրոցներին: Եթե 2004թ. քաղաքապետարանի կրթության մասով բյուջեն կազմել է 6,8 մլրդ դրամ, ապա 2005թ. այն կազմել է 8,4 մլրդ դրամ: 2006թ. օրենքով ամրագրված բյուջեն կազմում է շուրջ 10 մլրդ դրամ: Դրա մեջ չեն մտնում դպրոցների ամրացման, հիմնանորոգման, նոր մարզադահլիճների կառուցման ծրագրերը: Այս տարի նախատեսված է եռապատկել հիմնանորոգման եւ նորոգման ծրագրերի ներդրումները: Ընդգրկվել է նաեւ Լինսի հիմնադրամի շրջանակներում իրականացվող ծրագիրը, եւ այսօրվա դրությամբ կատարվում են դպրոցական շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ կապված աշխատանքները: 9 դպրոցներում կկատարվի ոչ միայն նորոգում, այլեւ ամրացման աշխատանքներ: Օ. Վաթյանը վստահեցնում է, որ այդ 9 դպրոցները կլինեն ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ տարածաշրջանի լավագույն դպրոցները: