Օծանելիքի ինդուստրիայում աշխատող մարդիկ լավ գիտեն, որ հաջողության գլխավոր պայմանն օծանելիքի նոր եւ անկրկնելի բույրն է: Սակայն բույրը հեղինակային իրավունքների համակարգում անպաշտպան էր: Դատարանում կարելի էր քննարկել միայն օծանելիքի սրվակների կամ տուփերի հեղինակային իրավունքների խախտումը: Դրանք կեղծելն էր քրեական հանցագործություն համարվում: Սակայն օրերս Փարիզում կայացած դատավարության ընթացքում L՚Oreal ֆիրման կարողացել է ապացուցել, որ բույրը նույնպես հեղինակային է եւ այն պետք է օրենսդրորեն պաշտպանել: Արաբական Էմիրություններում արտադրված օծանելիքը թեեւ այլ ձեւի սրվակներով է վաճառվել, սակայն L՚Oreal կոնցեռնի մշակած բույրերն է պարունակել: L՚Oreal-ը շահել է դատը եւ 1 միլիոն եվրո հատուցում ստացել: Ֆիրմայի ներկայացուցիչներն ասել են. «Յուրաքանչյուր բույրի մշակումը մեզանից երկու տարվա աշխատանք է խլում, եւ մենք պետք է պահպանենք մեր ֆիրմայի անունը: Դատարանի այդ որոշմանը մենք շատ երկար էինք սպասում»: Այժմ բույրի պատճենահանումն օրինախախտություն կհամարվի եւ մեծ հարված կհասցնի հիմնականում ասիական արտադրողներին, որոնք սովոր են շուկա հանել հայտնի բույրերի անհամեմատ ավելի էժան կեղծ տարբերակները: Օծանելիքների բույրը ստեղծագործություն է, որի բաղադրիչները եւ բանաձեւը միայն հեղինակին են պատկանում: Բույրը նաեւ էսթետիկական նպատակներ է հետապնդում եւ այսուհետ կարող է համեմատվել գրականության կամ երաժշտական ստեղծագործությունների հետ: