Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանող Ռամիլ Սաֆարովին «Տարվա մարդ» հռչակելը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գնահատում է Ադրբեջանի ոճին հարիր եւ որակեց որպես հերթական «սերիաներից» մեկը: «Ցավալի է, որ ոճրագործին կարող են «Տարվա մարդ» տիտղոս տալ, եւ դա չի դատապարտում պետության ղեկավարը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հեռու է ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորելուց»: Օսկանյանի խոսքերով, նման հայտարարությունները որեւէ կերպ չեն կարող խնդիրը խաղաղ կարգավորելուն նպաստող մթնոլորտ ստեղծել: Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները կարող են հայտարարել, որ ոչ թե իրենք, այլ ընդամենը մեկ կուսակցությունն է Ռամիլ Սաֆարովին «Տարվա մարդ» հռչակել, սակայն պարոն Օսկանյանը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում այդ հանգամանքը, այլեւ ողջունում են այն: