Իրանը հայտարարել է, որ արդեն մղել է ուրանի գազը փոքրաթիվ ցենտրիֆուգների մեջ, ինչն արդեն մի քայլ է դեպի ուրանի հարստացումը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Աղազադեն պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ դեռ մի քանի ամիս կպահանջվի հարստացված ուրան ստանալու համար: Նա ավելացրել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ բաց է ՄԱԿ-ի ատոմային գործակալության տեսուչների համար: Այս մեկնաբանություններն իրանցի պաշտոնյան արել է այն բանից հետո, երբ երեկ Ֆրանսիան առաջին անգամ մեղադրեց Իրանին միջուկային զենք ստեղծելու գաղտնի ծրագիր իրականացնելու մեջ: Իրանը հերքել է այդ մեղադրանքը: Հետաքրքիր զուգադիպությամբ ուրան են փնտրում նաեւ Հայաստանում: Երեկ «Գլոբալ Գոլդ» ընկերության նախագահ Վան Գրիգորյանը հայտարարել է, որ ընկերությունը ենթադրում է, որ Գետիկ հանքավայրում կարող են լինել ինչպես ոսկու, այլ մետաղների, այնպես էլ ուրանի պաշարներ, սակայն դա պնդելը դեռեւս վաղաժամ է: