ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` օրեր առաջ տեղի ունեցած փարիզյան հանդիպմանը հաջորդած հիասթափությունների ֆոնին, փետրվարի 15-ին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Դումայի «Ռոդինա» խմբակցության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
«Դժվար է բացատրել, թե ինչու հակամարտող կողմերի քաղաքական լուրջ գործիչները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ժողովուրդների եւ միջազգային հանրության առջեւ, երկար տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա: «Ռոդինայի» ղեկավարը կարծիք է հայտնել, թե ԼՂ շուրջ ստեղծված ներկա վիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Նրա խոսքերով` թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հակամարտության հետեւանքով քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրների առջեւ են կանգնել, իսկ ԼՂ բնակչությունն էլ ապրում է շրջափակման եւ ռազմական սպառնալիքի պայմաններում: Միեւնույն ժամանակ Ռոգոզինն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տարբերակը: Նա առաջարկում է նախ ընդունել երկու փաստ: Առաջին` այլեւս հնարավոր չէ վերադառնալ մինչ հակամարտությունը ԼՂ ունեցած կարգավիճակին, եւ երկրորդ` Ղարաբաղը հակամարտության կողմ է հանդիսանում: Այնուհետեւ Ռոգոզինն առաջարկում է հարցի կարգավորման հետեւյալ փուլային տարբերակը: Ըստ այդմ, առաջին փուլում ԼՂ զինված ուժերը հեռանում են «Ադրբեջանի բոլոր այն տարածքներից, որոնք զբաղեցրել են զինված հակամարտության ժամանակ, բացի Լաչինի շրջանից», որի միջոցով էլ պետք է ապահովվի ԼՂ ցամաքային կապը Հայաստանի հետ: ԼՂ կարգավիճակի հարցն առաջարկվում է հետաձգել անորոշ ժամանակով: Այս ամենից հետո Ռոգոզինն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողությունն ամբողջությամբ թողնել ղարաբաղյան եւ հայկական կողմերին: «Ադրբեջանը պետք է համաձայնի, որ Լաչինի շրջանը եւս մնա ղարաբաղյան եւ հայկական կողմի վերահսկողության տակ»,- նշում է «Ռոդինա» խմբակցության ղեկավարը: Փոխարենն առաջարկվում է, որպեսզի Ադրբեջանն ազատ մուտք ստանա դեպի Նախիջեւան, ընդ որում առաջարկվում է, որ դեպի Նախիջեւան այդ միջանցքն ադրբեջանական կողմին տրվի ճիշտ այն պայմաններով, ինչ պայմաններով հայկական կողմին կտրվի Լաչինի միջանցքը: Փաստորեն, Ռոգոզինն առաջարկում է բազմիցս չարչրկված, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» նման մի տարբերակ: Իսկ ահա, հակամարտության կարգավորման հաջորդ փուլով Ռոգոզինն առաջարկում է, որ հնարավորություն տրվի ադրբեջանցի փախստականներին վերադառնալ մինչ հակամարտությունը Ղարաբաղում ունեցած իրենց բնակավայրերը: Ընդ որում՝ պետք է նկատել, որ Դ. Ռոգոզինի առաջարկած այդ ծրագրում ոչ մի խոսք չկա հայ փախստականների մասին: Ինչեւէ, առաջարկի համաձայն` հակամարտության կարգավորման այս փուլերից հետո Ադրբեջանը պետք է վերականգնի նավթի եւ գազի մատակարարումը Հայաստանին: Այնուհետեւ առաջարկվում է, մինչեւ ԼՂ կարգավիճակի որոշումը, ապառազմականացնել ադրբեջանական ուժերի վերահսկողությանը հանձնված բոլոր շրջանները, իսկ շփման գծի վերահսկողությունն էլ առաջարկվում է հանձնել խաղաղապահ ուժերին, որոնք, ըստ առաջարկի հեղինակի, կարող են լինել ինչպես ռուսական խաղաղապահ ուժեր, այնպես էլ միջազգային: Սակայն այդ միջազգային խաղաղապահ ուժերին էլ Դ. Ռոգոզինը չի պատկերացնում առանց «ռուսական կոմպոնենտի»: Իսկ առաջարկվող տարբերակի շուրջ համաձայնության կայացումից հետո համապատասխան համաձայնագրի կատարման ստուգումն էլ Ռոգոզինն առաջարկում է վստահել միջազգային դիտորդներին: «Հակամարտող կողմերը համաձայնում են, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը կարգավորվում է կամ բանակցությունների միջոցով, կամ էլ, ինչն ավելի հավանական է, տեղի բնակչության շրջանում հանրաքվեի անցկացման միջոցով»,- առաջարկում է «Ռոդինայի» ղեկավարը, պնդելով, թե Ռուսաստանն անհապաղ պետք է ակտիվացնի իր մասնակցությունը հարցի խաղաղ կարգավորման գործում: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ առաջարկի հեղինակը նաեւ հայտարարել է, թե հակամարտության կարգավորման իր առաջարկած վերոնշյալ տարբերակը համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանական ներկայացուցիչների հետ: Ռոգոզինը կոնկրետ մարդկանց անուններ չի նշել, սակայն հայտարարել է, թե հայկական կողմից իր առաջարկած տարբերակին համաձայնություն են տվել իշխանության մաս կազմող Հայ Յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները: Սակայն ՀՅԴ-ում հերքում են «Ռոդինա» խմբակցության ղեկավարի այդ հայտարարությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՀՅԴ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ-ն ոչ միայն այդ տարբերակին չի տվել իր համաձայնությունը, այլեւ նրանում կան ՀՅԴ համար անընդունելի մի շարք դրույթներ: