Օրերս Ստեփանակերտում էր գտնվում Ադրբեջանում գործող «Խաղաղություն, ժողովրդավարություն, մշակույթ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Ադրբեջանի «Օբոզրեւատել» թերթի քաղաքական բաժնի պետ Ռոման Տեմնիկովը: Նա ԼՂՀ էր այցելել «Հայկի Սերունդ» երիտասարդական հ/կ հրավերով` «Կովկասը մեր տունն է» ծրագրի շրջանակներում:
Ադրբեջանցի լրագրողը հայտնել է, որ ԼՂՀ-ում առաջին անգամ է եւ տպավորությունները շատ լավ են: Ինչպես գրում է karabakh-online-ը, նա մտածում էր, որ իրեն այլ կերպ կդիմավորեն այստեղ: «Բայց ինչպես տեսնում եք` ես ողջ ու առողջ եմ»,- ասել է նա:
Արդեն հայտնի է, որ այցից մեկ օր հետո «Օբոզրեւատել» թերթի խմբկոլեգիան որոշել է, որ լրագրողի վարքագիծը հակասում է «ադրբեջանական լրագրողի էթիկային, որն արգելում է համագործակցությունը չճանաչված երկրի ներկայացուցիչների հետ», եւ վճիռ է կայացրել Ռ. Տեմնիկովին ազատել աշխատանքից:
Տեմնիկովը հանդիպել է նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահին: Վերջինս ադրբեջանցի լրագրողին հայտնել է, որ ԼՂՀ իշխանությունները ողջունում են նման կարգի շփումները, որոնք, անկասկած, ի զորու են նպաստել երկու ժողովուրդների միջեւ առաջացած լարվածության թուլացմանն ու փոխվստահության կամուրջների վերականգնմանը։ Միաժամանակ, նա ափսոսանք հայտնեց, որ Բաքվից հասարակական կառույցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների Լեռնային Ղարաբաղ կատարած, առանց բացառության, բոլոր այցերն էլ, որպես երկկողմ շփումների փորձեր, սովորաբար բացասական արձագանք են առաջ բերել ու բերում են հարեւան հանրապետությունում՝ տեղիք տալով հասարակական պարսավանքների, հալածանքների ու հետապնդումների, ինչը, ըստ ստացված լուրերի, ներկայումս տեղի է ունենում նրա՝ Ռոման Տեմնիկովի պարագայում։
Զրույցի ընթացքում խորհրդարանի նախագահը պարզաբանեց բաքվեցի հասարակական գործչին հետաքրքրող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումներին եւ, այդ համատեքստում շոշափվող տարաբնույթ հարցերի: «Ադրբեջանի նման դիրքորոշումը հույսեր չի ներշնչում»: