«Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ մեր ներքաղաքական համակարգի համար, այն է, որ 1998 թվականից ի վեր ներքաղաքական դաշտը ենթարկվեց ահավոր ֆրագմենտացիայի: Դեմոկրատական առողջ համակարգի արդյունավետ գործելու գրավականը մի քանի մեծ կուսակցությունների գոյությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի հզոր կադրային պոտենցիալ, քանի որ այն ներառում է հասարակության բավական ստվար շերտեր ու կառուցված է լինում գաղափարախոսական լայն հիմքի վրա: Իսկ ՀՀ-ում 1998թ. ի վեր քաղաքական դաշտը միտումնավոր կերպով քայքայվեց եւ տրոհվեց: Արդյունքում ունենք անորակ, արդյունավետ կառավարման պոտենցիալ եւ վերլուծական հաստատություններ չունեցող մարդկանց բազմաթիվ փոքր խմբեր: Դա վերաբերում է եւ ընդդիմությանը, եւ իշխանություններին: Կարծում եմ՝ դա շատ մեծ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, եւ մեծ ճանապարհ պետք է անցնենք, որ կարողանանք վերակենդանացնել այդ ամենը: Դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ, Միջազգային Ճգնաժամային խմբի վերլուծաբան, քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը: