Ծառուկյանը խոստանում է գալ աշխատանքի

18/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու համար կազմ-պատրաստ կարգով խորհրդարան բերման էին ենթարկել ոչ միայն կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին, այլեւ ծանր հրետանիներին` այն անկախ գործարար պատգամավորներին, որոնք ԱԺ շենք մտնում են միայն Ռ. Քոչարյանի թելադրած այս կամ այն օպերացիայի հաջողությունն ապահովելու համար: Երրորդ գումարման ԱԺ առաջին նիստից հետո երեկ առաջին անգամ խորհրդարան էր եկել նաեւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյանը պետք է հաճախակի գա, որովհետեւ դուք գիտեք, որ կուսակցություն ենք ստեղծել, այդ կուսակցությամբ պիտի զբաղվենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գ. Ծառուկյանը: Սակայն այս ողջ ընթացքում պատգամավորին ԱԺ գալու համար խանգարել է ոչ թե կուսակցության բացակայությունը, այլ խիստ զբաղվածությունը: Պարզվում է, Ծառուկյանն ավելի լուրջ գործեր է ունեցել: «Կուսակցությունն ինձ չէր խանգարում, ես գործերով էի զբաղված: Ես գործարար եմ, իմ գործերով եմ զբաղվում»,- հայտարարեց նա: Եվ քանի որ երեկ նա հայտարարեց, թե սկսելու է ավելի հաճախակի գալ խորհրդարան, լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է այդ պատճառով նա թողնի բիզնեսը: «Գործարարությունը երբեք չեմ թողնելու, ես կասեմ, համապատասխան մարդիկ այդ գործով կզբաղվեն,- մեկնաբանեց նա` ավելացնելով,- Ազգային ժողով ես արդեն գալու եմ, գալիս եմ: Պարբերաբար ես պետք է գամ, հետեւեմ աշխատանքներին, այնպիսի քայլեր կատարեմ, որ չգալ չլինի: Մենք մեր գաղափարները, ծրագրերը պետք է կատարենք»: Նրա խոսքերով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այդքան սպասված համագումարը կկայանա մինչեւ օգոստոս ամիսը: Իսկ մինչ այդ, իրենք առանձնապես շտապելու կարիք չունեն:

Այս օրերին կրկին սնկի նման սկսել են աճել կուսակցությունները: Արդեն եղած կուսակցությունների ծրագրերից ինչո՞վ են տարբերվում «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերը: «Բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ շատ ընտիր են, կարեւորը նա է, որ մարդն իր ծրագիրը կարողանա կատարելի դարձնել ժողովրդի համար, որ ժողովուրդը հասկանա, որ ոչ թե դա թղթի վրա է, այլ դա իրականանա»,- տարբերություններն այսպես մատնանշեց պարոն Ծառուկյանը: Ի դեպ, արդեն մի քանի ամիս է, համառ լուրեր են շրջում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատրաստվում է անդամակցել նաեւ «Արդարություն» դաշինքի քարտուղար, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս այս ողջ ընթացքում ոչ հերքում էր եւ ոչ էլ հաստատում տարածված լուրերը` ասելով, թե պաշտոնական առաջարկ չի ստացել, երբ ստանա, կմտածի: Սակայն դատելով պարոն Ծառուկյանի խոսքերից, գործարարը ոչ մեկին էլ անհատական առաջարկ չի արել ու չի էլ պատրաստվում անել: «Եվ ընդհանրապես ես ոչ մեկին առաջարկություն չեմ արել ու չեմ էլ անելու: Մարդիկ նայելով մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր կուսակցությունը, ինքնըստինքյան եթե ցանկանան, թող գան: Ով ցանկանա, մեզ մոտ դռները բաց են: Մեզ մոտ կապ չունի` դիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Այն մարդիկ, որոնք ընդունված են ժողովրդի կողմից, պիտանի են մեր քաղաքական գործունեությանը, իմ մոտ դռները բաց են»,- իր հրավերքն այսպես ձեւակերպեց նա: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գ. Ծառուկյանի հավաստիացումներով, ստեղծվել է ժողովրդի համար ու ծառայելու է միայն նրան: Բայց թե պարոն Ծառուկյանից բացի ովքե՞ր են ծառայելու ժողովրդին, պատգամավորն այդ անունները չգաղտնազերծեց: «Անունները ես չեմ նշելու, կուսակցության բոլոր գրասենյակները պատրաստվում են, կբացվեն, ինքնըստինքյան դուք կտեսնեք»: Ի դեպ, երբ պարոն Ծառուկյանին հարցրին, թե «Բարգավաճ Հայաստանը» գործարարներո՞վ է համալրված լինելու, վերջինս վրդովված պատասխանեց. «Դուք մեկ-մեկ որպես լրագրողներ այնպիսի հարցեր եք տալիս, որ ես ձեր փոխարեն ամաչում եմ: Գործարարները հիմնականում ասում են, որ պետք է ընդգրկվեն քաղաքական գործիչներ. այն քաղաքական գործիչները, որ ի ծնե քաղաքական գործիչներ են եւ գաղափարով, եւ ապրած կյանքով: Հիմա իրենք կարիք ունեն, ասենք թե, ուշադրության կամ տնտեսական ուժի, որ համատեղ պետք է իրականացնեն: Այսօր Ծառուկյան Գագիկն այդ կուսակցությունը ստեղծել է ոչ թե, որ իրեն պաշտոն է պետք կամ ակնկալիք ունի գործերի համար, պարոն Ծառուկյանը, դուք տեսնում եք, իր ապրած կյանքով, իր աշխատանքով անում է ամեն ինչ` կայացման, զարգացման, բարելավման համար: Մարդը, որ դա անում է կայացման, զարգացման, բարելավման ամրապնդման համար, կարիք ունի ուշադրության, հարգանքի եւ ձեռագիր թողնելու: Ամեն ինչ փողի մեջ չի»,- անկեղծացավ պարոն Ծառուկյանը: Սակայն նա քաղաքականության մեջ չի թերագնահատում փողի դերն ու ազդեցությունը: «Գումարը պետք է ճիշտ նպատակին ծառայեցնել: Իմ կուսակցության երաշխիքը լինելու է աշխատանքը, գործը, հավատքը, եթե կուսակցությունը մի հայտարարություն արեց, պետք է այն իրականացնի,- խոստացավ նա եւ ավելացրեց,- 100 հատ կուսակցություն բացվում է, 100 հատ հարցազրույց են տալիս: Ծառուկյան Գագիկն այսքան ժամանակ ընդամենը մեկ հատ հարցազրույց է տվել»: Գործարար պատգամավորի խոսքերով, մինչեւ հիմա բոլոր ընտրություններին ինքը մասնակցել ու հաղթել է առանց ընտրակաշառքների: Եվ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ չի պատրաստվում որեւէ գումար տալ: «Աշխատանքներ կատարել եմ, ինչ խոսք տամ, կատարելու եմ, բայց մարդուն անհատական գումար չեմ տա, եւ նորմալ մարդը այդ գումարն էլ չի վերցնի մի օրվա համար ձայն տալու համար»,- ասաց նա:

Ի դեպ, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, «Բարգավաճ Հայաստանը» բավական լուրջ ներկայություն է ունենալու ԱԺ-ում: Ընդ որում, այդ ներկայությունը լինելու է ի հաշիվ որոշ իշխանական կուսակցությունների: «Այսօր ամեն մեկը տունը նստած վերլուծություն է կատարում: Ու դա ինքնըստինքյան, անիմաստ է: Ժամանակը, մեր աշխատանքը ցույց կտա»,- կարծիք հայտնեց նա: