«Քաղաքի ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների անունից դիմում ենք ձեզ հնարավորության սահմաններում մեկ անգամ եւս կատարել բարեգործություն եւ միջոցներ հատկացնել Լինսի հիմնադրամին` գյումրեցի անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար, քանի որ անօթեւանների վիճակը շատ ծանր է»,- ասվում է Ռոբերտ Քոչարյանին եւ Քըրք Քըրքորյանին ուղղված մի նամակում, որի նախաձեռնողն է «Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների աշխատանքային խումբը»: Ի նշան համաձայնության` այս նամակի տակ մեկ շաբաթվա ընթացքում ստորագրելու են բոլոր այն կազմակերպություններն ու կառույցները, որոնք մտահոգված են գյումրեցի անօթեւանների ճակատագրով: Հավանաբար, վերջինիս տակ արդեն շտապել է ստորագրել նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Աղետի գոտում 2 տարի է, բնակարանաշինական ծրագիր չի իրականացվում, Պետբյուջեն եւ Լինսի հիմնադրամն այս նպատակով գումարներ չեն հատկացնում: Ըստ վերոնշյալ հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Նազարեթյանի տվյալների` քաղաքում դեռեւս 4200 անօթեւան ընտանիք կա: Նամակի բովանդակության համաձայն` բնակարանաշինական աշխատանքներ իրականացնելու համար հարկավոր է 45-50 մլն դոլարին համարժեք դրամ: Ռ. Քոչարյանին հղված նամակը, ի տարբերություն մյուսի, ունի լրացուցիչ դրույթ, որում մասնավորապես ասվում է, որ ԲԳՎ ծրագիրն այլեւս արդյունավետ չէ: 2005թ. ԲԳՎ են ստացել 374 անօթեւան ընտանիքներ, սակայն բնակարաններ ձեռք են բերել միայն 39-ը: ԲԳՎ-ների սահմանված գները պետք է ոչ թե կրկնապատկել, այլ քառապատկել, ուստի միակ ելքը մնում է նոր շենքեր կառուցելը: Ս. Նազարեթյանի խոսքերով` Գյումրիում Լինսի հիմնադրամով բնակարանաշինական ծրագիր չի իրականացվում, քանի որ այդպես է ուզում ՀՀ նախագահը: «Թե չէ, Քըրքորյանը մեզանից շատ էլ գոհ էր, երբ եկել էր իրականացված աշխատանքներին ծանոթանալու առանց իշխանությունների»,- ասել է Նազարեթյանը: