«Սիրային» եռանկյունի

18/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Նեմիրոֆֆ» ապրանքանշանի հետ կապված պատմությանը: Մեր հրապարակման մեջ տեղ էր գտել մի փոքր անճշտություն. «Նեմիրոֆֆ» անվանումով սիգարետը ոչ թե «Գրանդ Տոբակոյի», այլ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի» արտադրանքն է: Մյուս կողմից` դժվար է գերագնահատել մեր վրիպումը. ընկերությունները իրարից, մեղմ ասած, «այնքան էլ անջատ» չեն։

Իսկ այս պատմությունը, պետք է խոստովանել, շատ խճճված է, ուստի պարզության համար հարկ է սկսել գործող անձանցից։ Դրանք երեքն են՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» (ԻՄՏ), «Բրեյֆիլդ Թրաստ Րեգ.» (ԲԹՐ) ընկերություն եւ ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն (ՄՍԳ) (նախկին Արտոնագրային վարչություն)։ Ի զարմանս մեզ, տեղեկատվության հարցում ամենապատրաստակամը հենց այս պետական կառույցն էր։ ԻՄՏ-ից պատասխանեցին, որ դատավարությունից առաջ նպատակահարմար չեն գտնում մեկնաբանություններ տալ եւ չտվեցին։ Ինչ վերաբերում է ԲԹՐ-ին, մեր տվյալներով, նրանց շահերը ներկայացնում է «Հարությունյան եւ գործընկերներ» իրավաբանական ընկերությունը։ Այստեղից նույնպես որեւէ բան ճշտել չհաջողվեց, առաջին անգամ զանգահարելու ժամանակ բոլորը զբաղված էին, երկրորդ անգամ՝ որեւէ մեկն այլեւս տեղում չէր։

Եվ այսպես, մենք հիմնվում ենք միայն ՄՍԳ-ի տրամադրած տեղեկատվության վրա։ Իսկ դրա բովանդակությունը հետեւյալն է՝ 2005թ. վերջին ԲԹՐ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԻՄՏ-ի՝ «կոնտրաֆակտի օգտագործումն արգելելու եւ կոնտրաֆակտի օգտագործմամբ գրանցված ապրանքային նշանի օգտագործումն արգելելու պահանջով»։ Ապրանքային նշանն այս դեպքում «Նեմիրոֆֆ» անվանումն է, ավելի կոնկրետ՝ այդ անվանումը կրող սիգարետը, իսկ ՄՍԳ-ն այստեղ դատարան է հրավիրվել՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։ ԻՄՏ-ն էլ իր հերթին դատի է տվել ՀՀ Մտավոր սեփականության գործակալությանը՝ խնդրո առարկա ապրանքանշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշումն անվավեր համարելու պահանջով։ Տնտեսական դատարանի 2006թ. հունվարի 19-ի որոշմամբ` 1-ին գործի վարույթը կասեցվել է, քանի որ այն կախվածության մեջ է 2-րդ գործի արդյունքից։

Դեռ 2000թ. օգոստոսին ՄՍԳ-ն գրանցել է «Nemiroff» ապրանքային նշանը, որի սեփականատերը «Բրեյֆիլդ Թրաստ Րեգ.» ընկերությունն է։ Ապրանքային նշանի գրանցումը կատարվել է ալկոհոլային խմիչքների եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համար։ 2003թ. նոյեմբերի 27-ին եւ 2004թ. նոյեմբերի 12-ին «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» «Նեմիրոֆֆ» ապրանքային նշանը ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի համար գրանցելու հայտեր է ներկայացրել։ Հայտերը բավարարվել են, քանի որ, ըստ ՄՍԳ-ի, ապրանքները տարբերվում էին (այսինքն՝ օղին օղի է, սիգարետը՝ սիգարետ), իսկ այդ դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս գրանցել ապրանքային նշանը։

2005 թ. նոյեմբերի 17-ին «Բրեյֆիլդ Թրաստ Րեգ.» ընկերությունը դիմում է ներկայացրել ՄՍԳ բողոքարկման խորհուրդ՝ «Nemiroff» բառային ապրանքային նշանը ՀՀ տարածքում հանրահայտ ճանաչելու խնդրանքով։ Դիմումը բավարարվել է, ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել «օղի» ապրանքի համար, ինչից էլ սկսվել է այս պատմությունը։

Իրավիճակն ավելի հստակ պատկերացնելու համար հարկ է պարզել՝ ինչ է նշանակում «հանրահայտ ճանաչել»։ Երբ ապրանքային նշանը ճանաչվում է հանրահայտ, դրա սեփականատերն օգտվում է շատ ավելի մեծ իրավունքներից։ Ըստ «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Արգելվում է առեւտրային գործունեության ընթացքում օգտագործել որեւէ նշան, որը ՀՀ-ում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է եւ շփոթելու աստիճան նման է այդ նշանին…»։

Նույն հոդվածի «բ» կետն ավելի է մանրամասնում սահմանափակումը՝ նշանի օգտագործումն արգելվում է, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտագործումն իրականացվում է նաեւ «…ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների եւ հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջեւ կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին»:

Այսինքն, արդեն կապ չունի՝ ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել օղո՞ւ, թե՞, ասենք, սուրճի բաժակի համար։ Առանց սեփականատիրոջ թույլտվության որեւէ այլ կողմ իրավունք չունի նույն անունով այլ ապրանք արտադրել։ Այսինքն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» պետք է թույլտվություն ստանար «Բրեյֆիլդից»՝ «Նեմիրոֆֆ» անվանումով սիգարետ արտադրելու համար։ Այդպիսի թույլտվություն ԻՄՏ-ն, պարզ է՝ չունի։ Եվ քանի որ «Բրեյֆիլդն» այժմ օրինական կերպով կարող է եւ պահանջում է դադարեցնել իր ապրանքային նշանի օգտագործումը, ԻՄՏ-ին այլ բան չի մնացել անել, քան դիմել դատարան։ Ընկերությունը ձգտելու է հասնել նրան, որ «Նեմիրոֆֆ» նշանը հանրահայտ ճանաչելու որոշումն անվավեր ճանաչվի։

Դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին։ Այդ ժամանակ, ըստ էության, կորոշվի` հայկական արտադրության «Նեմիրոֆֆ» սիգարետը կմնա՞ վաճառքում, թե՞ ոչ։

Իսկ այժմ անդրադառնանք հարցի մյուս կողմին։ Ինչո՞ւ է ամեն ինչ հասել այս աստիճանին։ Մի՞թե «Բրեյֆիլդը» չէր կարող դեռ այն ժամանակ իր ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու հայտ ներկայացնել։ 2000թ. չէր կարող, որովհետեւ համապատասխան օրենքն ընդունվել է 2002թ. մարտին։ Իսկ ինչո՞ւ այն ժամանակ նման դիմում չի եղել։ Նախ, արտասահմանյան ցանկացած լուրջ ընկերության համար ապրանքային նշանը՝ կամ, այսպես կոչված «բրենդը», շատ կարեւոր գործոն է։ Մարդիկ տարիներով աշխատում են, որպեսզի իրենց ֆիրմային նշանը վստահություն ձեռք բերի մարդկանց մոտ։ Եթե նկատել եք, արտասահմանյան ընկերությունները հիմնականում գովազդում են ոչ թե կոնկրետ ապրանքատեսակ, այլ հենց իրենց բրենդը։ Լուրջ ֆիրմաների բրենդները սպառողների մոտ ասոցիացվում են որակի եւ հուսալիության հետ։ Օրինակ, «BMW» ընկերությունը մեքենաներից բացի զբաղվում է նաեւ մանր պերճանքի առարկաների արտադրությամբ եւ վաճառքով (գրիչներ, կրակայրիչներ, ակնոցներ եւ այլն)։ «BMW»-ին պետք չէ առանձին-առանձին գովազդել այդ ապրանքները, քանի որ միայն այն, որ դրանք այս ընկերության արտադրանքն են, արդեն բավական ազդեցիկ գովազդ է։ Այսպիսի ճանաչվածության հասնելը մեկ բան է, իսկ իմիջը պահպանելը՝ մեկ այլ, ոչ պակաս դժվար բան։ Շատերն են փորձում օգուտ քաղել ուրիշների տարիների աշխատանքից։ Սակայն չափազանց ակնհայտ ձեւով ոչ ոք այդպիսի բան չի անում։ Կեղծում են՝ հիմնականում օգտվելով գնորդների անտեղյակությունից։ «PANASO-NIC»-ի փոխարեն կարող եք հանդիպել նույն փաթեթավորմամբ եւ դիզայնով «PANASONIQ» երաժշտական կենտրոնի, որի գինը, ինչպես նաեւ որակը, մի քանի անգամ ցածր է իսկականից։ Կան նաեւ այսպիսի տարբերակներ՝ «SONI» («SONY»-ի փոխարեն), «PHILLIBS» – «PHILIPS» եւ այլն։ Սրանց դեմ էլ պայքար է գնում, իսկ հայ սպառողներն արդեն կամաց-կամաց սովորում են այս մանր ժուլիկությանը։

Ինչ վերաբերում է քննարկվող դեպքին, ապա մերոնք չեն ընկել այսօրինակ «թիթիզությունների» հետեւից եւ, օգտվելով օրենսդրական դաշտի անկատարությունից, միանգամից որոշել են օգտագործել աշխարհահռչակ բրենդը։ Ըստ էության, «Բրեյֆիլդն» այն ժամանակ հայտ չէր ներկայացրել, որովհետեւ ոչ մի նորմալ արտասահմանյան գործարարի մտքով չէր կարող անցնել, որ հայ արտադրողներից մեկը հեշտ ու հանգիստ կխլի իր անվանումը։

Իսկ թե ո՞րն է «Մասիս Տաբակի» նպատակը, դա արդեն մենք չէ, որ պիտի պատասխանենք։ Սիգարետի տուփի վրա ոսկեգույն տառերով եւ միատեսակ դիզայնով «Nemiroff» մակագրությունը միգուցե արվել է զուտ ճաշակի հետ կապված պատճառներով։ Մերն ուրիշ է, սակայն, ըստ էության, ուրիշինն ավելի «ուրիշ է»։ Պարզապես ավելացնենք, Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող բռնցքամարտի հովանավորը ամենեւին էլ մեր սիգարետ արտադրողը չէ։

Ի դեպ, այն դեռ վաճառքում է (սա ոչ թե գովազդ է, այլ՝ ի գիտություն)…